Տարեմուտին մի քանի օր մնացած «Ազգ» -ը ստացավ ՀԲԸՄիության AGBU անգլիալեզու հանդեսի վերջինՙ 2010-ի նոյեմբերի համարը, որ գրեթե ամբողջությամբ նվիրված է հայրենադարձությանը: Հանդեսի շապիկի վրա 1947 թ. սփյուռքահայերին հայրենիք բերող նավերից մեկի պատմական լուսանկարն էՙ «Մի երազի իրականացում-Նախկինում եւ այժմ» (Realizing a Dream. Then and Now) ընդհանուր խորագրի ներքո: Լուիզ Մանուկյան-Սիմոնի խմբագրապետությամբ լույս տեսնող հանդեսի ներկա համարը, ինչպես ասվեց, գրեթե ամբողջությամբ նվիրված է հայրենադարձության խնդրինՙ պատմական, խիտ, բայց ամբողջական ակնարկով բացվողՙ ցեղասպանությունից մազապուրծ հայերին մնացած վերջին հողակտորի վրա ազգահավաքվելու, մայր երկրին նյութապես օգնելու, հաջորդական կարավաններով Հայաստան վերադառնալու դրվագների արագ թվարկումով հագեցած (առաջնորդող հոդվածի հեղինակներՙ Արիս Ղազինյան եւ Սուրեն Մուսայելյան):
Հանդեսի այս գլխավոր հատվածի հիմնական մասը սակայն հատկացված է մերօրյա բիզնես-մասնագիտական բնույթի հայրենադարձությանը, մի շարք կոնկրետ օրինակների անդրադարձումով: Հոդվածագիրներ Ջոն Հյուզը, Գայանե Աբրահամյանը, Սիրանուշ Գեւորգյանը եւ Գայանե Մկրտչյանը (գրեթե բոլորն էլ ArmeniaNow ինտերնետային շաբաթահանդեսի աշխատակիցներ եւ խմբագիր) ակնարկներ ու հարցազրույցներ են ստորագրել անկախության տարիներին գործարարական կամ մասնագիտական իրենց հմտությունները մայր հայրենիքում բանեցնող որոշ սփյուռքահայերի մասին, տպավորիչ լուսանկարների ուղեկցությամբ: Ընթերցողը ավելի մոտիկից կարող է ծանոթանալ Հայաստանում զբոսաշրջության, առողջապահության, կրթության, կապի ու հատկապես «Տաթեւի թեւեր» ծրագրով հայտնի Բեկոր եւ Մարի Լու Փափազյանների դիմագրաված հայրենական մարտահրավերներին, Artbridge գրախանութ-թեյարանի հիմնադիր Շաքե Հավան-Կարապետյանին, ՎիվաՍելի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կորպորատիվ բիզնեսի ասպարեզում բերած նորություններին, «Դոլմամա Ժիրայրի» (Ժիրայր Ավագյան) Երեւանում հիմնած բիզնեսներին (ըստ ինձՙ չափազանցեցված եւ որոշապես գովազդային), ռազմաքաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի տպավորություններին, «Լույս» հիմնադրամի հիմնադիր Ժաքլին Կարասլանյանին, լրագրող Ջոն Հյուզին ու նրա ընտանիքին, Ալեքս Սարդարի Հայաստանում քաղաքացիական հասարակություն ստեղծելու ջանքերին, նախորդ տարի առաքելությունը Հայաստանում ավարտած Արփի Վարդանյանի (Ամերիկայի հայկական համագումարի նախկին տնօրեն) հայրենական փորձառությանը, ուսթեզ Երվանդ Մինասյանի արաբագիտության ոլորտում կատարած կարեւոր աշխատանքին, Բաղդադից մայր հայրենիք վերադարձած մի շարք ընտանիքների, ինչպես շինարար Րաֆֆի Մեսրոպյանի, Վիգեն Կեդեկյանի գործունեությանը, Սիրիայից վերջին տարիներին հայրենադարձված Շանթ Բոզոյանի, Ատրուշան Շաքըլյանի, «Հալեպ» խանութների սեփականատեր Գեւորգ Սարյանի, Նաիրի Մկրտչյանի, հրաշալի լրագրող-հաղորդավար Աբրահամ Գասպարյանի, բժիշկ Հրանտ Աշճյանի եւ երգիչ Արսեն Գրիգորյանի, ինչպես նաեւ Իրանից հայրենադարձված թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանի, ծնելիության ծրագրերի մասնագետ Նաիրի Մելքումյանի, «Արիա» ռեստորանի տեր Հենրիկ Նավասարդյանի, մեխանիկ Սեւակ Հովհաննիսյանի գործունեությանը:
Հանդեսի այս համարը, մի քիչ շեշտված վարդագույն գույներով ներկայացնում է նոր հայրենադարձներին ու հայրենադարձությունը, ըստ երեւույթին իր առաջ ոչ միայն ճանաչողության խնդիրը դնելով, այլեւ հայրենադարձության հարցը միշտ արծարծ պահելու ջանադրությամբ:
Հ. Ա.