Նրա այցի գլխավոր առաջադրանքը Թուրքիայի միջնորդությամբ կառավարական ճգնաժամի հաղթահարումն է Լիբանանում
Երեկ Անկարայումՙ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի ղեկավարության հետ հանդիպումներ է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին: Հանդիպումներում, որպես առաջնահերթ խնդիր, քննարկվել է կառավարական ճգնաժամի հաղթահարումը: Կհաջողվի՞ Թուրքիայի միջնորդությամբ հաղթահարել այս ճգնաժամը Լիբանանում, ցույց կտա ժամանակը: Բայց որ Լիբանանը 2005-ին Սաադի հորՙ նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունից հետո ապակայունացել է, եւ անկայունությունը երկրի համար մշտական գործոն է դարձել, ակնհայտ է:
Այլ կերպ, Լիբանանի խնդիրը ոչ այնքան Սաադ Հարիրիի գլխավորած կառավարության ճգնաժամն է, որքան ճգնաժամային այն իրավիճակը, որից երկիրը արտաքին միջամտությունների պատճառով ոչ մի կերպ դուրս չի գալիս: Ըստ երեւույթին ոչ էլ դուրս կգա, քանի որ ճգնաժամի հաղթահարումը երկրի ներքին գործերին միջամտելու հնարավորությունից կզրկի ինչպես միջազգային ուժերին, այդպես էլ այս ուժերի միջնորդությամբ Լիբանանում քաղաքական ներկայություն ապահովող Իսրայելին:
Համենայն դեպս, հունվարի 12-ին, երբ Վաշինգտոնում Սաադ Հարիրին բանակցում էր նախագահ Բարաք Օբամայի հետ, նրա կառավարության 11 նախարարներ, որոնք ներկայացնում էին «Հզբոլլահին», «Ամալին» եւ «Ազատ հայրենասիրական շարժումը», հրաժարական էին տվել: Հրաժարականի պատճառաբանությունը Ռաֆիկ Հարիրիի սպանությունը հետաքննող միջազգային հանձնաժողովի հատուկ դատարանի սպանության մեջ «Հզբոլլահին» մեղավոր ճանաչելու հետեւությունն էր:
Թեեւ «Հզբոլլահը», համարելով սպանությունը ամերիկա-իսրայելական դավադրություն, հերքել էր մեղադրանքը, սակայն ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Իսրայելի, ո՛չ էլ Սաուդյան Արաբիայի միջնորդությամբ Վաշինգտոնի վերահսկողության տակ գտնվող վարչապետ Սաադ Հարիրիի եւ նրա կառավարության խնդիրը սպանության գործի բացահայտումը չէ, այլ սպանությունը հետաքննող հանձնաժողովի հատուկ դատարանի հետեւությունը Լիբանանում «Հզբոլլահին» չեզոքացնելու նպատակով օգտագործելու չարանենգ նկրտումը:
Այսինքն, Սաուդյան Արաբիայի միջնորդությամբ ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող Սաադ Հարիրիի կառավարությունը փլուզվել է հենց «Հզբոլլահին» չեզոքացնելու այդ նկրտման պատճառով, որը միաժամանակ Լիբանանի անկայունության գլխավոր պատճառն է նաեւ: Հետեւաբար, քանի դեռ Միացյալ Նահանգները, միջազգային մյուս ուժերն ու Իսրայելը չեն հրաժարվել «Հզբոլլահին» չեզոքացնելու ծրագրից, որն, ի տարբերություն ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի դրածո համարվող Սաադ Հարիրիի կառավարության, մեծ ժողովրդականություն է վայելում երկրում եւ ամուր դիրքեր ունի, Լիբանանը կայունանալ չի կարող:
Սակայն խնդիրն ինքնին «Հզբոլլահին» չեզոքացնելու ամերիկա-իսրայելական ծրագիրն էլ չէ, այլ Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ «Հզբոլլահի» պատրվակով ծավալվող ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների չհայտարարած պատերազմը: 2006-ին Լիբանանի դեմ սանձազերծած պատերազմում Իսրայելը խայտառակ պարտություն կրեց «Հզբոլլահից»: Չի բացառվում, որ Լիբանանում պատերազմ սանձազերծելու դեպքում Իրանն էլ «Հզբոլլահի» օրինակով պարտության մատնի ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին:
Դրանով իսպառ կձախողվի ոչ միայն Լիբանանում «Հզբոլլահին» չեզոքացնելու ամերիկա-իսրայելական ծրագիրը, այլեւ զուգահեռաբար ի չիք կդառնա նաեւ տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ հակաշիական կոալիցիա ձեւավորելու եւ դա Իրանի Իսլամական Հանրապետությանը հակադրելու Վաշինգտոնի մյուս ծրագիրը:
Այս զարգացումը, ինչ խոսք, կհանգեցնի տարածաշրջանում Իրանի ազդեցության աննախադեպ ամրապնդմանն ու խթան կհանդիսանա հակաամերիկյան տրամադրությունների հետագա ծավալման համար: Այսպիսով, Մ. Նահանգները դիրքեր կկորցնեն Մերձավոր եւ Միջին Արեւելքում, ամերիկյան ծրագրերի ձախողման պայմաններում կսպառվեն Վաշինգտոնի միջինարեւելյան քաղաքականության դիրքերը, վերջինն այսպիսով կզրկվի ոչ միայն որդեգրած քաղաքականությունը վերանայելու, նույնիսկ արդյունավետ նոր քաղաքականություն մշակելու հնարավորությունից:
Այլ կերպ, եթե «Հզբոլլահը» վտանգում է Լիբանանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի ծրագրերը, ապա Իրանի Իսլամական Հանրապետությունն էլ տարածաշրջանում լուրջ վտանգ է ներկայացնում ամերիկյան քաղաքականության հետագա ընթացքի համար: Սակայն «Հզբոլլահը» Լիբանանում, իսկ Իրանըՙ Մերձավոր եւ Միջին Արեւելքում պաշտպանողական մեծ ներուժ ունեն, հակառակ դրան, Մ. Նահանգներըՙ բազում անհետաձգելի խնդիրներ: Թերեւս տարածաշրջանում Իրանի դիրքերի աննախադեպ ամրապնդման հանգամանքը կարող է կառավարական ճգնաժամի հաղթահարման հարցում Թուրքիայի առջեւ միջնորդության հեռանկարներ բացել Լիբանանում, սակայն այդ միջնորդությունը նախ պետք է փոխհամաձայնեցված լինի Վաշինգտոնի հետ եւ դրան նախապես հավանություն տա նաեւ Իսրայելը: Մինչդեռ Թուրքիան ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ Իսրայելի հետ ներկայիս ունի լուրջ տարաձայնություններ:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ