Ամերիկյան ոչ կառավարական «Ֆրիդոմ հաուզ» կազմակերպության մեկ օր առաջ հրապարակված զեկույցում աշխարհի ճանաչված պետությունների եւ չճանաչված միավորումների մեջ Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է «ոչ ազատ» երկրների շարքում, այն դեպքում, երբ մինչեւ այժմ եւ ընդամենը 6 ամիս առաջ «մասամբ ազատ» էր ճանաչվում: «Ֆրիդոմ հաուզը», փաստորեն, այս անգամ Ղարաբաղին դրել է նույն հարթության մեջ, որտեղ միշտ Ադրբեջանին է դրել: Այս գնահատականի մասին հայաստանյան եւ ղարաբաղյան քաղաքական գործիչների գնահատականները մտահոգություններ պարունակում են: Մի մասի կարծիքով` «Ֆրիդոմ հաուզի» գնահատականներն, այնուամենայնիվ, ոչ միայն եւ ոչ թե գնահատական են ներկայացնում, այլ աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում են: Մանավանդ, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի կարծիքով, այս տարի ակնկալվում են աշխարհաքաղաքական բնույթի այնպիսի գործընթացներ եւ որոշումներ, որոնք իրենց անդրադարձը կունենան ղարաբաղյան հարցի կարգավորման ժամկետների եւ ուղիների ճշտման վրա:
Փորձելով ամերիկյան կազմակերպության գնահատականի տակ գտնել քաղաքական շարժառիթներ, մեր քաղաքական գործիչները տարբեր տեսանկյուններից էին մոտենում խնդրին: Մի մասը պնդում էր, որ այդպիսի գնահատականի համար հիմք կա` ԼՂՀ պառլամենտում ընդդիմություն չկա, եւ ընդհանրապես Ղարաբաղի իշխանությունները պետք է դրանից հետեւություններ անեն ( Մանվել Սարգսյան ), քանի որ այդպիսի զեկույցը կարող է անդրադարձներ ունենալ ԼՂ հարցի կարգավորման գործընթացի վրա` չէ՞ որ բանակցային գործընթացին մասնակցելու ցանկություն ունեցող Ղարաբաղը որպես իր առավելություն միշտ նշում է ավելի ժողովրդավար երկիր լինելը Ադրբեջանի համեմատությամբ:
ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը գնահատականը ճնշման ձեւ է համարում բանակցային գործընթացի վրա` հայերից զիջումներ կորզելու եւ Ղարաբաղին բանակցային սեղանի մոտ չթողնելու համար, մանավանդ որ Արեւմուտքը ձգտում է արագ կարգավորման, մինչդեռ բանակցություններում, փաստ է, որ առաջընթաց չկա, Աստանան դա ցույց տվեց: Ղարաբաղի նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանն էլ Արցախում ժողովրդավարության որոշակի անկում նկատում է. ընդգծելով հատկապես ժողովրդավարության զարգացման` ԼՂ արտաքին քաղաքական կարեւոր նշանակությունը, նա անհրաժեշտ է գտնում, որ ԼՂ քաղաքական կուսակցությունները եւ հասարակությունը Արցախը զերծ պահեն վտանգավոր միտումներից:
Եթե նկատի ունենանք, որ երեկ ադրբեջանական կայքերում տեղեկություն կար, թե Եվրոհանձնաժողովի ղեկավար Բարոզուն Ալիեի հետ քննարկել է հակամարտության ժամանակ տուժած մարդկանց ճակատագրերի վերաբերյալ մտահոգությունները եւ թե` Եվրոհանձնաժողովից (եվրոպական կառույցներից) պատրաստ են տեխնիկական աջակցություն բերել ենթակառուցվածքների վերականգնմանը կարգավորումից հետո` կարգավորման վերջնական համաձայնագիրը երբ ստորագրված լինի, սա կարելի է հետաքրքրական զուգադիպություն համարել Արեւմուտքից եւ Եվրոպայից ստացվող միաժամանակյա մեսիջների առումով: Չնայած մեր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ կրկին խորհուրդ տվեց ադրբեջանական կայքերին չվստահել` ԵՄ-ն աջակից է Մինսկի խմբի համանախագահների սկզբունքներին ու ԵՄ կայքերը պետք է նայել, ոչ թե ադրբեջանական աղբյուրները: Բայց հո՞ նույն Բարուզոն, այս ասած-չասածից մեկ օր առաջ էլ Ալիեւի հետ Բաքվում հարավային գազային միջանցքի մասին Ռուսաստանը շրջանցող համաձայնություն է կնքել («Նաբուկկոն» ներառող), որն իրականություն դառնալու դեպքում, ըստ տարբեր փորձագիտական գնահատականների, ի վերջո իր անդրադարձը կունենա ողջ Կովկասում իրականացվող մեծ խաղացողների քաղաքականության վրա: Իսկ Բաքուն էլ կարող է այս համաձայնագրի կնքումից հետո սպասումներ ունենալ Եվրոմիությունից` ղարաբաղյան ուղղությամբ հայկական կողմի վրա ճնշումների առումով: Գազային նախագծից դուրս մնացած Ռուսաստանն էլ ձեռքերը ծալած չի նստի, այնպես որ այս նախագիծը կարող է հերթական դիմակայության պատճառ դառնալ, եթե, իհարկե, իրականություն դառնա եւ մինչեւ իրականություն դառնալը` դրան խանգարող ջանքերի առումով, քանի որ նախագծի չուզողները շատ են: Իսկ դիմակայության կիզակետում ղարաբաղյան խնդիրը կլինի` պրոյեկտվելով նաեւ Հայաստանի վրա, եւ եվրոպական, եւ ռուսական, եւ ամերիկյան մրցակցությունը կարող է նոր դրսեւորումներ ունենալ այս առումով: Ինչեւէ, պետք է հետեւել զարգացումներին, քանզի նավթագազային շահերը միշտ էլ կարող են պարզ եւ կանխատեսելի իրավիճակը Ղարաբաղի շուրջն այլ ուղղությամբ հրել:
Մ. Խ.