«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2011-01-13 | #4, 2011-01-14 | #5, 2011-01-15


ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԲՆԱԿՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ

Բազմաբնակարան շենքերի կառավարման, շահագործման եւ սպասարկման ռազմավարական ծրագրի հիմնական մոտեցումները ձեւակերպելու եւ հստակեցնելու նպատակով երեկ Երեւանի քաղաքապետարանում կազմակերպվել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին համատիրությունների նախագահներ, ոլորտի խնդիրներով զբաղվող ՀԿ-ների եւ կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչներ: Փոխքաղաքապետ Կամո Արեյանը , որը վարում էր քննարկումը, ներկայացրեց Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի մոտեցումը հարցի վերաբերյալ` պետականորեն աջակցել եւ խրախուսել համեմատաբար արդյունավետ աշխատող համատիրություններին, միաժամանակ բարեփոխելով շենքների կառավարման գոյություն ունեցող համակարգը:

Կառավարության հնգամյա ռազմավարական ծրագրով նախատեսվում է շենքերի կառավարման նոր մոդելի ձեւավորում: Օրենքով սահմանված կարգով, յուրաքանչյուր շենքում սեփականատերերի ժողովը կընտրի կառավարիչ, ով կունենա առեւտրային գործունեությամբ զբաղվելու իրավասություն: Վերջինը պարտավոր է հոգ տանել շենքի նորոգման եւ սպասարկման համար, իսկ այդ նպատակով օգտագործվելիք միջոցները կգոյանան ինչպես վարձավճարների հավաքագրումից, այնպես էլ բազմահարկ շենքի ընդհանուր բաժնային սեփականության արդյունավետ բիզնես կառավարումից: Բնակֆոնդի կառավարման նոր մոդելի ներդրումը ենթադրելու է օրենսդրական փոփոխություններ, իսկ ներկայացվող ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի աջակցությամբՙ հիմնված մեր երկրում կատարված ուսումնասիրությունների եւ Արեւելյան Եվրոպայի երկրների փորձի վրա:

Կամո Արեյանն ընդգծեց, որ թեեւ բնակֆոնդի պահպանումն ու վերանորոգումը բնակարանների սեփականատերերի պարտականությունն է, այնուամենայնիվ առաջարկվող ծրագրով նախատեսվում է նաեւ պետական աջակցություն, որը կլինի նպատակային լրավճարների տեսքով: Ծրագրի իրականացման մեկնարկը կտրվի արդեն այս տարվանից, ընդ որում արդեն իսկ նախատեսված են 2011-2012 թթ. միանվագ պետական ֆինանսավորմամբ շենքերի ենթակառուցվածքների վերականգնման միջոցառումներ: Պետական սուբսիդավորման մեխանիզմը կներդրվի 2014 թ.: Համաձայն ծրագրի, նախատեսվում է ներդնել նաեւ բնակարանային նպաստի ծրագիրը, որը կհատկացվի սոցիալապես անապահով խավերին:

Վերջնական շտկումներից հետո բնակելի ֆոնդի կառավարման ռազմավարական ծրագիրը կներկայացվի կառավարության հաստատմանը: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4