ԱԼՄ -ին եթերազրկելու որոշումը բնութագրելով բացառիկ ցինիկ անարդարություն, Տիգրան Կարապետյանը խոստովանում է, որ ՀՌԱՀ-ի որոշումից անակնկալի չի եկել: «Հայտը տալուց 10 օր անց արդեն գիտեի, որ հեռուստաընկերությունը փակվելու է»:
Կարապետիչը վստահ է` ԱԼՄ-ն դարձել է քավության նոխազ. մրցույթ որպես այդպիսին չի եղել, որովհետեւ տուժել է միայն իր ղեկավարած հեռուստաընկերությունը: «Շողակաթ»ի հաղորդումները կհեռարձակվեն «Արարատ» հեռուստաալիքով, «Հայրենիքը» փակում են, բայց կա «ԱՐ»-ը, «TV5»-ը փակում են, բայց կան «Արմնյուզն» ու «Արմենիան»: Միակ տուժածը` «ԱԼՄ»-ն:
ՀՌԱՀ-ի դեմ հեռուստաընկերության աշխատակազմը հայց է ներկայացրել: Կարապետյանը կոլեկտիվ հայցին չի մասնակցել. չի ցանկանում մանրանալ: «Մեղադրելու եմ մինչեւ վերջ», երեկ ասաց նա «Հայելի» ակումբում:
Հունվարի 20-ից հեռուստաընկերությունը կեթերազրկվի: Դա նշանակում է, որ հեռուստաընկերության 84-հոգանոց կազմը կդառնա գործազուրկ: Որոշված չէ, թե վերջին օրվա եթերն ինչպիսին է լինելու: «Արտառոց ոչինչ չի լինի, հրաժեշտ կտանք»: Դրա փոխարեն հունվարի 19-ին Մատենադարանի մոտ տեղի կունենա Ժողովրդական կուսակցության հանրահավաքը: Կարապետյանը կխոսի ոչ միայն ԱԼՄ-ին եթերազրկելու, այլեւ քաղաքական պահանջների մասին:
Հայ ազգային կոնգրեսն էլ հունվարի 18-ին է հանրահավաք կազմակերպելու: Կարապետիչի գնահատմամբ, եթե ՀԱԿ-ն իրենից չվախենար, մեկ օր առաջ հանրահավաք չէր կազմակերպի:
Եթե Կարապետյանը բացառում է ՀԱԿ-ի հետ միավորումն ու «Երեւան TV»-ի հետ համագործակցությունը, ապա ԳԱԼԱ ու Ա1+ հեռուստաընկերությունների հետ ապագայում կլինի սերտ համագործակցություն: Ավելինՙ արդարության հասնելու համար կկազմակերպեն մարզային հավաքներ: Ժողովրդական կուսակցությունը, Կարապետիչի խոսքերով ունի 18.000 անդամ: Միայն վերջին 1 ամսվա ընթացքում 1000 հոգի է անդամագրվել: Կուսակցության նախագահն ասում է, որ իրեն աջակցում են այն մարդիկ, ովքեր պայքարում են արդարության վերականգնման համար:
Իրեն կեղծ ընդդիմություն անվանողներին էլ պատասխանում է. «Մաքուր, ազնիվ մարդ եմ, ես ընդդիմություն եմ»: Ավելին, Կարապետիչը համոզված է. ապագայում երկրում կլինի ընդամենը մեկ ուժ` ինքն ու ժողովուրդը: Իշխանություննՙ իր բնորոշմամբ, ուժ չէ, խումբ է:
Կարապետյանն ԱԼՄ-ի եթերազրկումը չի առանաձնացնում երկրում կատարվող բազմաթիվ անարդարություններից: Հենց երկրում կատարվող անարդարություններն են, որոնց պատճառով Կարապետիչը երկրի ապագան չի տեսնում: «Դրսում կրթություն ստացած երիտասարդները Հայաստան չեն վերադառնում: Հայաստանում բարձրագույն կրթություն ստացածներն էլ լքում են հայրենիքը: Մնում են կիսագրագետները, որոնք էլ ղեկավարում են երկիրը: Կառավարությունը կոնսեռվի գործարանի տնօրենին նշանակում է գյուղնախարար: Լավ է գոնեՙ մանկապարտեզի տնօրենին չեն նշանակում նախարար»:
Հ. Հ.