«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2011-01-13 | #4, 2011-01-14 | #5, 2011-01-15


ԿԱՊԱՆՈՒՄ ՈՍԿԻ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ

Կհատվի 50.000 մրգատու ծառ, կվերանան հազվագյուտ կենդանիներ ու միջատներ

Կապանի Շահումյանի հանքավայրի բաց շահագործման նախագիծը բնապահպաններն անվանում են մարդկանց եւ բնության դեմ բացահայտ ցեղասպանություն: Կապանում օդի աղտոտվածությունը նորմայից գերազանցում է մի քանի անգամ: Բաց հանքի շահագործումը աղետալի կլինի տեղի բնակիչների համար: Շահումյանի հանքավայրի շահագործման համար «Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը մտադիր է հատել 50.000 ծառ, որոնց 90 տոկոսը մրգատու է, իսկ 20 տոկոսը գրանցված է Կարմիր գրքում:

«Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման« ՀԿ նախագահ Արթուր Ղազարյանը «Ազգ» -ի հետ զրույցում ասաց, որ տարիներ առաջ «Դինո գոլդ մայնինգ» ընկերության սխալ շահագործման հետեւանքով Շահումյան թաղամասում վերին շերտի հողերը հոսում էին, առաջանում էին հորեր, ինչից տները փլվում էին: «Այդ ժամանակ թաղամասի բնակիչները դատական գործ սկսեցին կազմակերպության դեմ, եւ ընկերությունը պարտավորվեց գնել բնակիչների բնակարանները»:

Հանքարդյունաբերության ոլորտի իրավունքի մասնագետի փոխանցմամբՙ տարածքը կազմակերպության սեփականությունն է, սակայն դա չի նշանակում, որ նա իրավունք ունի այնտեղ մի քանի տասնյակ հազար ծառեր հատել: «Խոսքը չի վերաբերում մի քանի ծառի: Հատվող ծառերի թիվը հատում է 50.000-ի սահմանը, հետեւաբար դա ուղղակի վնաս է պետությանն ու շրջակա միջավայրին»:

Արթուր Ղազարյանի ներկայացմամբ` կազմակերպությանն օժանդակում է Սյունիքի տարածքային բնապահպանական պետական տեսչությունը: Համաձայն օրենքի` պետք է համաձայնագիր կնքվի ընկերության, համայնքի եւ Սյունիքի տարածքային բնապահպանական պետական տեսչության միջեւ, որպեսզի հանքը շահագործվի: «Կապանի քաղաքապետի վերաբերմունքը բաց հանքի շահագործման կապակցությամբ բացասական է: Կապանցիները մտահոգված են եւ անհանգստացած: Ընկերությունն առաջարկում է որոշակի գումար տրամադրել այլ տարածքում ծառեր տնկելու համար, սակայն ծառ տնկելն ու կտրելը նույն հարթության մեջ չի կարելի գնահատել: Ավելի քան 15 տարի է անհրաժեշտ, որպեսզի տնկին ծառ դառնա»:

Մի քանի ամիս առաջ Կապանի Լեռնաձոր համայնքում ուրանի հանքի շահագործման աշխատանքի հետ կապված քաղաքի ավագանին բացասական վերաբերմունք արտահայտեց եւ կանգնեց հասարակության կողքին:

«Ամենաքիչը զարմանալի կլինի, եթե այս անգամ ավագանին ոչինչ չձեռնարկի: Եթե նրանք դեմ են ուրանի հանքերի շահագործմանը, ապա, տրամաբանորեն, պետք է դեմ լինեն նաեւ ոսկու բազմամետաղային հանքավայրի շահագործմանը բաց եղանակով: Որովհետեւ վնասը երկու պարագայում էլ հսկայական է»:

«Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը փաստում է, որ բաց հանքի շահագործման արդյունքում Կապան քաղաքը կհայտնվի պայթեցումների, փոշու եւ տոքսիկ տարրեր պարունակող միլիոնավոր տոննա ապարների ազդեցության տակ: Դա առողջական լուրջ խնդիրներ կառաջացնի նաեւ հանքի շրջակայքում ապրող անձանց համար:

«Էկոլոգիական հասարակական դաշինքի» համակարգող Սիլվա Ադամյանն էլ փաստում է, որ Սյունիքը հանրապետության ամենավիրավոր մարզն է: «Լեռնաձորում ուրանի հանքի շահագործման հարց են բարձրացնում, Քաջարանում` պղնձամոլիբդենային կոմբինատ է գործում, եթե Շահումյանի հանքավայրի շահագործման բաց նախագիծն էլ դառնա իրականություն, Զանգեզուրը կհայտնվի սարսափելի վիճակում:

«Զանգեզուրը հարուստ է բուսական եւ կենդանական աշխարհով, մեծ մասը գրանցվել են համաշխարհային կարմիր գրքում: Կան հազվագյուտ միջատներ, որ միայն Հայաստանում են: Այդ հանքերի շահագործումը բառի բուն իմաստով ցեղասպանություն է բնության եւ մարդկության հանդեպ», հավելում է Սիլվա Ադամյանը:

«Էկոլոգիական հասարակական դաշինքի» անդամները մտադրվել են նամակ ուղարկել Կանադա` «Դինո գոլդ մայնինգ» ընկերության տնօրենությանը, Եվրոպական բանկին, որը ֆինանսավորում է ծրագրի մի մասը:

Նրանք նախատեսում են նաեւ բողոքի ակցիա անցկացնել Կապանում եւ անտառում նստացույց կազմակերպել: Բնապահպանները անհանգստացած են, որովհետեւ, ըստ հաշվարկների, չի բացառվում, որ հանքում լինեն նաեւ ուրանի պաշարներ:

Թեպետ կառավարությունը չի հաստատել բաց հանքի շահագործման նախագիծը, սակայն բնապահպանները վարչապետ վստահ են, որ փաստաթղթի տակ Տիգրան Սարգսյանի ստորագրությունը կհայտնվի: Որպեսզի ծառերը հատվեն, անհրաժեշտ է հողերի կատեգորիայի փոփոխման կառավարության որոշումը: Որոշումն ընդունվում է հետեւյալ ձեւակերպմամբ` հողատարածքը հանրային գերակա շահ ճանաչել:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4