Երկու գիտնականների հայտնագործությունը
Աստղաֆիզիկոսներ Վահագն Գուրզադյանի եւ Սվեր Աարսեթի կողմից Արարատ լեռան վրա երկնաքարային հնարավոր բնույթի խառնարանի հայտնագործման վերաբերյալ նրանց հոդվածը ներկայումս տպագրության մեջ է բրիտանական OBSERVATORY գիտական ամսագրում: Սակայն մինչ այդ, հայտնվելով Քորնելի համալսարանի կայքում, այդ լուրը անցել է աշխարհի տարբեր լրատվամիջոցներ: Ստորեւ թարգմանաբար բերում ենք թուրքական լրատվամիջոցներից (IGDIR, Softpedia) տեղեկատվությունըՙ հիմնված Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի տեղեկագրի հաղորդագրության վրա:
Մասնագետների թիմը կարծում է, որ նրանք հայտնաբերել են հավանաբար երկնաքարային բնույթի խառնարան բիբլիական Արարատ լեռան վրա` պատմական Հայաստանում: Խառնարանը կարող է առաջացած լինել միլիոնավոր տարիներ առաջ:
Հայտնագործությունը կատարել են երկու ֆիզիկոս, որոնք ինչ-որ կերպ ստացել են թույլտվությունՙ մտնելու լեռան այն տարածքը, որը փակ է հասարակության համար. լեռան հյուսիսային եւ արեւմտյան լանջերը փակված են իշխանությունների կողմից:
Արարատ լեռը գտնվում է Արեւելյան Թուրքիայի գրավյալ հայկական տարածքում (ուշադրություն դարձնել թուրքական լրատվամիջոցի այս բնորոշմանը - խմբ.), Հայաստանի եւ Իրանի հետ փաստացի սահմանի մոտակայքում: Տարածաշրջանում քաղաքական իրավիճակը անկայուն է, այդ պատճառով էլ թուրքական իշխանությունները լեռան հյուսիսային եւ արեւմտյան մասերի մատչելիության սահմանափակումներ են դրել: Բայց բնաշխարհի գեղեցկությունը շատերին է հրապուրում, մանավանդ որ, ըստ Աստվածաշնչի, ջրհեղեղից հետո Նոյյան տապանը այնտեղ է հանգրվանել: Թեեւ մինչեւ օրս ոչ մի հետք չի հայտնաբերվել:
Չնայած այդ սահմանափակումներին, գիտնականներ Վահագն Գուրզադյանին` Երեւանի ֆիզիկայի ինստիտուտից եւ Սվեր Աարսեթին` Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանից, հաջողվել է հետազոտել տարածքը: Նրանք հայտնաբերել են մի խառնարան, որը կարիք ունի հետագա հետազոտման, որ իրոք երկնաքարային բնույթի է: Խառնարանը գտնվում է 2.100 մետր բարձրության վրա, 390 47՛30՛՛" հյուսիսային եւ 440 14՛40՛՛" արեւելք կոորդինատներով: Ըստ նկարագրության, խառնարանը ունի մոտ 70 մետր տրամագիծ, մոտ 15 մետր խորություն: Գիտնականները գտնում են, որ խառնարանը կարող է ունենալ տիեզերական երկնաքարային հարվածի բնույթ, սակայն դրա հրաբխային բնույթը նույնպես չի բացառվում: Նրանք բացառում են խառնարանի սառցադաշտային բնույթը: Գիտնականները նշում են հետագա հետազոտությունների անհրաժեշտությունըՙ խառնարանի բնույթը եւ տարիքը պարզելու համար:
Նման հետազոտությունները, կարծում են մասնագետները, չափազանց կարեւոր են, քանի որ հնարավորություն են տալիս պարզելու երկնաքարերի հարվածների ազդեցությունը երկրագնդի անցյալի վրա:
Massachusetts Technology Review-ն նշում է, որ խառնարանը այդ գիտնականների միակ հայտնագործությունը չէ: Քանի որ տարածքը փակ է, փաստորեն հետազոտված չէ, Գուրզադյանին եւ Աարսեթին հաջողվել էր նկարահանել ավերակներ, որ ինչպես հետո պարզվել է, պատկանում են V-VI դդ. հայկական բազիլիկ եկեղեցու` մինչ այդ մասնագետներին անհայտ (այդ հետազոտության մասին հոդվածը Վ. Գուրզադյանը հրատարակել է համատեղ ակադ. Վարազդատ Հարությունյանի հետ. Պատմա-բանասիրական հանդես, 2, 2006 - խմբ.):
Հ. Ծ.