Մեկնարկում է «Համագործակցության գավաթի» 19-րդ խաղարկությունը
Այսօր Սանկտ Պետերբուրգում կմեկնարկի ֆուտբոլի «Համագործակցության գավաթի» 19-րդ խաղարկությունը: Տարեցտարի այս մրցաշարի նկատմամբ մասնակից թիմերի հետաքրքրասիրությունը նվազում է: Դա պայմանավորված է հիմնականում մրցաշարի անցկացման անհարմար ժամկետով: Հունվարին թիմերից շատերի համար նոր մրցաշրջանի նախապատրաստության փուլ է եւ նպատակահարմար չէ հանդիպումներ անցկացնել արհեստական խոտածածկով մարզադահլիճում: Ուստի պատահական չէ, որ այս տարվա մրցաշարից հրաժարվեց ոչ միայն Հայաստանի չեմպիոն «Փյունիկը»: «Համագործակցության գավաթի» մրցաշարը չհետաքրքրեց նաեւ առաջնության մրցանակակիրներ «Բանանցին» եւ «Ուլիսին»: Արդյունքում առաջին անգամ Հայաստանն այդ մրցաշարում ներկայացնելու է առաջնությունում 4-րդ տեղը զբաղեցրած «Միկան»:
Նշենք, որ բացի Հայաստանից, Սանկտ Պետերբուրգ չեն մեկնել նաեւ Ուկրաինայի չեմպիոն «Շախտյորը», Մոլդովայի ուժեղագույն ակումբ «Շերիֆը», իսկ Վրաստանը վերջին տարիներին ընդհանրապես հրաժարվել է մրցաշարի մասնակցությունից: Բացի այդ, ՌԴ չեմպիոն «Զենիթը» հանդես է գալու 2-րդ կազմով, նույնը վերաբերում է նաեւ «Շախտյորին» փոխարինած Կիեւի «Դինամոյին»:
Ինչ վերաբերում է «Միկային», ապա թիմը Սանկտ Պետերբուրգ կմեկնի այսօր իր մարտական կազմով: Պատվիրակության 33 անդամներից 19-ը ֆուտբոլիստներ են: Տեղում «Միկային» կմիանա Մոլդովայի «Շերիֆի» կիսապաշտպան Կոնստանտին Մանդրիչենկոն, որը փորձաշրջան կանցնի հայկական ակումբում: «Միկան» հիմնականում պահպանել է կազմը: Թիմը համալրել է «Փյունիկից» տեղափոխված պաշտպան Վահագն Մինասյանը: Թիմից հեռացել են Ուլիսես Մոնտենեգրոն, Ստեփան Հակոբյանը, Վիգեն Համբարձումյանը:
Քանի որ «Միկան» այսօր է ժամանելու Սանկտ Պետերբուրգ, ուստի ակումբի ղեկավարության խնդրանքով նույն օրը Ռիգայի «Սկոնտոյի» հետ կայանալիք հանդիպումը նշանակվել է Երեւանի ժամանակով ժամը 22-ին: Ինչ խոսք, ֆուտբոլիստների համար այնքան էլ հեշտ չի լինի մրցավայր ժամանելուն պես ասպարեզ մտնել: Սակայն ավելի դժվար կլինի հաջորդ օրը ժամը 14-ին Ղազախստանի «Տոբոլի» հետ կայանալիք խաղում, քանի որ «Միկայի» ֆուտբոլիստները չեն կարողանա լիովին վերականգնել ուժերը: Ամեն դեպքում, «Միկան» պետք է փորձի արժանավայել ելույթ ունենալ: Խմբային մրցաշարի վերջին հանդիպումը «Միկան» կանցկացնի հունվարի 18-ին Ուզբեկստանի չեմպիոն «Բունեդկորի» հետ: Նշենք, որ այդ թիմի կազմում կբացակայեն առաջատար մի քանի ֆուտբոլիստներ, որոնք Ուզբեկստանի հավաքականի կազմում մասնակցում են Ասիայի գավաթի խաղարկությանը:
Թեեւ «Միկան» առաջին անգամ է հանդես գալու «Համագործակցության գավաթի» մրցաշարում, սակայն թիմի 4 ֆուտբոլիստներ նման հանդիպումների փորձ արդեն ունեն: Նրանցից Աղվան Մկրտչյանը 2002-2006-ին «Փյունիկի» կազմում հանդես է եկել մոսկովյան 5 մրցաշարումՙ անցկացնելով 15 հանդիպում: Այս ցուցանիշով Աղվան Մկրտչյանը հայ ֆուտբոլիստների մեջ յուրօրինակ ռեկորդակիր է: «Միկայի» մյուս պաշտպանըՙ Ալեքսանդր Թադեւոսյանը կրկին «Փյունիկի» կազմում մասնակցել է 2004-2006-ին կայացած «Համագործակցության գավաթի» 3 մրցաշարիՙ անցկացնելով 9 խաղ: 2005-2006-ին այդ մրցաշարում «Փյունիկի» դարպասը պաշտպանած «Միկայի» ներկայիս դարպասապահ Գեւորգ Կասպարովը մասնակցել է 6 խաղի: Իսկ Հրայր Մկոյանը 2009-ին 3 խաղ է անցկացրել «Արարատի» կազմում:
«Միկան» Հայաստանի 8-րդ ակումբն է, որին բախտ է վիճակվում ներկայացնելու մեր հանրապետությունը «Համագործակցության գավաթի» մրցաշարերում: Առավել հաճախՙ 9 անգամ այդ մրցաշարում հանդես է եկել «Փյունիկը»: Հայաստանի չեմպիոնը հայկական ակումբներից առավել հաջող է հանդես եկել «Համագործակցության գավաթի» խաղարկություններում: 3 անգամ փյունիկցիներին հաջողվել է հաղթահարել խմբային մրցաշարի արգելքը: 1997 եւ 2005-ին նրանք մտել են քառորդ եզրափակիչ, իսկ 2006-ին հասել են կիսաեզրափակիչ: Այդ տարի կիսաեզրափակիչում «Փյունիկը» պետք է մրցեր Բաքվի «Նեւթչիի» հետ, սակայն հրաժարվեց հանդիպումից, որի համար հայկական թիմին պարտություն գրանցվեց:
1999-2001-ին մրցաշարն անցկացվել է բարձրագույն եւ առաջին խմբերով: Հայաստանն ընդգրկվել էր առաջին խմբում: Երկու անգամ էլ մեր թիմերը (1999-ինՙ Արարատի «Ցեմենտը», 2001-ինՙ Երեւանի «Արաքսը») հաջող ելույթների շնորհիվ բարձրագույն խմբի ուղեգիր են նվաճել:
«Համագործակցության գավաթի» նախորդ 18 խաղարկություններում Հայաստանի թիմերը հանդիպել են 13 երկրների 36 ակումբների հետ: Մեր թիմերն ընդհանուր առմամբ անցկացրել են 56 խաղ, որից 13-ում հաղթել են, 9-ն ավարտել են ոչ-ոքի, 34-ումՙ պարտվել են: Մեր ֆուտբոլիստները խփել են 75 գնդակ, բաց են թողել 122 գոլ: