«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2011-01-14 | #5, 2011-01-15 | #6, 2011-01-18


ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԳԱԼՈՒ ՀՈՒՆՎԱՐԻ 22-ԻՆ

Այս մասին, ըստ վրացական լրատվամիջոցների, հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Նինո Քալանթաձեն . «Հատկանշական է, որ 2011-ին իր առաջին արտասահմանյան այցը նախագահ Սաակաշվիլին իրականացնում է Հայաստան, այսպիսով ընդգծելով երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները», նշել է Քալանթաձեն` հավելելով, որ վրաց նախագահի պատվիրակության կազմում է լինելու նաեւ արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, որը Երեւանում կհանդիպի իր հայ գործընկերոջ հետ: Նշելով, որ վրաց-հայկական քննարկվելիք հարցերում ներառված են լինելու երկկողմ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները խորացնելու հեռանկարները` Քալանթաձեն նշել է. «Հուսով եմ, այցը հաջողված կլինի»: Իսկ ավելի վաղ` երեկ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն 2011-ին իր առաջին պաշտոնական այցը կատարեց Ադրբեջան, դրանով էլ թերեւս «ընդգծելով երկու երկրների միջեւ առկա բարեկամանական հարաբերությունները»: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Վաշաձեն Բաքվում կհանդիպի Էլմար Մամեդյարովի, նախատեսվում է նաեւ` Իլհամ Ալիեւի հետ: Վրաց-ադրբեջանական հանդիպումներում եւս կքննարկվեն «երկկողմ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները խորացնելու հեռանկարները», բացի այդ` կխոսվի վրաց-ադրբեջանական սահմանագծի մասին: 480 կմ ձգվող Վրաստան-Ադրբեջան սահմանագծի միայն 65 տոկոսն է երկուստեք համաձայնեցված մինչեւ օրս: Առավել «ցավոտը»` Թբիլիսիից 60 կմ հեռավորություն վրա գտնվող Դավիթ Գարեջիի սրբատեղին, որը գտնվում է հենց սահմանագծին: Հիշեցնենք, որ անցյալ հուլիսին Բաքվում երկու երկրների փոխարտգործնախարարների` Հալաֆ Հալաֆովի եւ Դավիթ Ջալագենիայի մասնակցությամբ ընթացան քննարկումներ` հարցի առնչությամբ: Միակ բանը, որ որոշվեց անցյալ ամառ` միջպետական կոմիտեի ստեղծումն ու դրա շրջանակներում այդ քննարկումները շարունակելն էր:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4