ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ
Ոչ բոլոր սերունդներին է տրված հնարավորությունՙ շրջելու անցյալի էջը եւ գրելու նոր գլուխ պատմության մեջ: Մինչդեռ այսօր` քաղաքացիական պատերազմներից 50 տարի հետո, որոնք խլել են 2 մլն մարդու կյանք եւ միլիոնավորներին դարձրել փախստականներ, նոր հնարավորություն է բացվում Հարավային Սուդանի ժողովրդի առջեւ:
Գալիք շաբաթվա ընթացքում Հարավային Սուդանում միլիոնավոր մարդիկ պետք է ընտրություն կատարեն` մնալ Սուդանի կազմում կամ կառուցել իրենց սեփական, անկախ պետությունը: Այս գործընթացը, ինչպես նաեւ Սուդանի առաջնորդների գործողությունները, կօգնեն հասկանալու` արդյոք մարդիկ, ովքեր տեսել են այդքան շատ տանջանքներ, շարժվելո՞ւ են դեպի խաղաղություն եւ բարգավաճում, թե հետքայլ կանեն դեպի արյունահեղություններ: Այս ամենը կունենա իր հետեւանքները ոչ միայն Սուդանի, այլեւ Հարավային Սահարայի ու ամբողջ աշխարհի համար:
Այս պատմական քվեարկությունը ինքնորոշման իրավունքի իրացման երկար գործընթաց է, եւ 2005թ. խաղաղության պայմանագրի կարեւոր բաղկացուցիչ մասն է, որ ավարտի բերեց Սուդանի քաղաքացիական պատերազմը: Դեռեւս ամիսներ առաջ, երբ նախապատրաստությունները դեռ գրաֆիկից հետ էին մնում, անորոշ էր, արդյո՞ք այս հանրաքվեն ընդհանրապես տեղի կունենա, թեՙ ոչ: Հենց այդ պատճառով ես սեպտեմբեր ամսին հավաքեցի Սուդանի եւ աշխարհի այլ մասերից առաջնորդների, որպեսզի հստակեցնեմ, որ միջազգային հանրությունը միասնական է այս հանրաքվեի անցկացման հավահավատի մեջ, եւ առ այն, որ Հարավային Սուդանի ժողովրդի կամքը պետք է հարգվի` անկախ դրա արդյունքներից:
Շատ կարեւոր քայլ եմ համարում այն, որ Սուդանի հյուսիսային եւ հարավային հատվածների առաջնորդները, ավելի քան 40 երկրների եւ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, համաձայնեցին աշխատել միասին` ապահովելու, որ քվեարկությունը անցնի ժամանակին, խաղաղ, ազատ եւ արժանահավատ եւ արտահայտի Սուդանի ժողովրդի կամքը: Սուդանի կառավարությունը հայտարարեց, որ կլինի առաջինը, ով կճանաչի Հարավին, եթե նա քվեարկի հօգուտ անկախության:
Այժմ աշխարհը հետեւում է` իր որոշման մեջ վճռական լինելով, որ Սուդանի բոլոր կողմերը պետք է հարգեն իրենց պարտավորությունները: Բոլոր կողմերը պետք է զերծ մնան բոցաշունչ հռետորաբանությունից կամ սանձազերծող գործողություններից, որոնք կարող են լարվածություն առաջացնել, կամ հետ պահել քվեարկողներին իրենց կամաարտահայտությունից:
Հաջողված քվեարկությունը ցնծության առիթ եւ ոգեշնչող քայլ առաջ կլինի ... դեպի ժողովրդավարություն եւ արդարություն:
2005թ. կնքված խաղաղության համաձայնագիրը պետք է ամբողջությամբ իրագործվի, եւ այդ նպատակին հասնելու համար հարկավոր է փոխզիջում: Սահմանային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Սուդանցիների, հատկապես փոքրամասնությունների (հարավցիների հյուսիսում եւ հակառակը) ապահովությունը եւ քաղաքացիական ազատությունները պետք է պաշտպանվեն: Պայմանավորվածություններ պետք է ձեռք բերվեն նավթի եկամուտների թափանցիկ վերաբաշխման համար, ինչը կբերի զարգացման: Փախստականների վերադարձը պետք է լուծվի յուրահատուկ խնամքով, կանխելու համար նոր մարդասիրական աղետը:
Եթե Հարավը ընտրի անկախության ճանապարհը, միջազգային հանրությունը, ներառյալ Միացյալ Նահանգները, հետաքրքրված կլինի ապահովելու նոր առաջացած երկու պետությունների կայուն եւ տնտեսապես կենսունակ հարեւանությամբ, քանի որ նրանց բախտը փոխկապակցված է:
Վերջապես, խաղաղությունը Սուդանում չի կարող լինել կայուն եւ հարատեւ, առանց հարատեւ խաղաղության Սուդանի արեւմուտքում` Դարֆուրում: Այստեղ նույնպես աշխարհը հետեւում է: Սուդանի կառավարությունը պետք է հարգի իր միջազգային պարտավորությունները: Քաղաքացիների վրա հարձակումները պետք է դադարեցվեն: Եվ մենք պետք է շարունակենք պնդել, որ հարատեւ խաղաղությունը Դարֆուրում ներառում է կատարված հանցագործությունների, այդ թվումՙ ցեղասպանության, պատասխանատվություն:
Նրանք, ովքեր կարհամարհեն իրենց միջազգային պարտավորությունները, կառերեսվեն ավելի ուժեղ ճնշումների եւ մեկուսացման:
Միլիոնավոր սուդանցիներ ուղղում են իրենց քայլերը դեպի ընտրատեղամասեր, որպեսզի որոշեն իրենց ճակատագիրը: Սա այն պահն է, երբ խիզախ եւ իմաստուն առաջնորդները կարող են իրենց ժողովրդին ուղեցույց հանդիսանալ դեպի ավելի լավ ապագա: Նրանք, ովքեր ճիշտ ընտրություն կանեն` կհիշվեն պատմության մեջ: Նրանք կայուն գործընկեր կունենան Միացյալ Նահանգներում: