Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանել է հունվարի 14-ին եւ 15-ին հայ-ադրբեջանական շփման գծում երկու հայ զինծառայողների վիրավորվելու փաստը: «Ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի շարունական խախտումները եւ վերջին օրերին երկու հայ զինծառայողների վիրավորվելը խոսում են այն մասին, որ Ադրբեջանը փորձում է ձախողել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Այդ երկրի ղեկավարությունը իր ռազմատենչ կեցվածքով ու շփման գծում անընդհատ լարվածություն առաջացնելով փորձում է մարտական ոգի հաղորդել պարտության բարդույթ կրող զինվորին` մղելով հերոսության, սակայն նման փորձերը ժամանակավրեպ են: Ադրբեջանցի զինվորը հերոսանալու առիթը վաղուց բաց է թողել», ասել է ՊՆ նախարարի մամուլի քարտուղարը: Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հունվարի 14-ին ժամը 12.25-ի սահմանում շփման գծի հարավարեւելյան (Մարտունու) ուղղությամբ հակառակորդի արձակած գնդակից ձախ անրակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել շարքային զինծառայող, 19-ամյա Վարդան Անդրանիկի Հարությունյանը: Նրա վիճակը բավարար է: Դրանից մեկ օր անց` հունվարի 15-ին ժամը 17.20-ի սահմանում նմանատիպ մեկ այլ միջադեպ է արձանագրվել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի արեւելյան (Ասկերանի) ուղղությամբ: Հակառակորդի հերթական հրաձգությունից ձախ բազկի շրջանում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ շարքային զինծառայող, 19-ամյա Խաչատուր Մուրադի Ասլանյանը, որը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Վիճակը բավարար է:
Հ. Ա.