Կփակվի 10 մասնավոր բուհ, կբեռնաթափվի դպրոցական ծրագրի 20 տոկոսը
Տարեվերջյան հաշվետու ասուլիսի ժամանակ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժարվեց գալիք տարվա ծրագրերի մասին խոսել: Դա այն ժամանակահատվածն էր, երբ պաշտոնանկությունները հաջորդում էին մեկը մյուսին, Աշոտյանի անունն էլ պաշտոնանկ արվող նախարարների ցանկում էր: Ամենայն հավանականությամբ այդ ժամանակ Աշոտյանն ինքն էլ չգիտեր` մնալու է, թե՞ լքելու պաշտոնը, հետեւաբար նոր ծրագրերի մասին խոսելը համարեց անիմաստ: Հունվարյան առաջին տասնօրյակում լուրեր էին պտտվում, որ նախարարի պաշտոնը զբաղեցնելու է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Երեկվա ասուլիսի ժամանակ նախարարը ամենակարեւոր մեսիջն ուղարկեց իրեն պաշտոնանկ անողներին. Աշոտյանը չի ցանկանում լքել աթոռը. դրա մասին է վկայում ընթացիկ տարվա բազմաթիվ ծրագրերն ու ակնկալիքները:
Այս տարի ոլորտում նախատեսվում են բարեփոխումներ տարբեր ուղղություններով: Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի եւ Սյունիքի 70 համայնքներում կբացվեն նախակրթարաններ, որոնց շնորհիվ շուրջ 2000 աշակերտ նախադպրոցական կրթություն կստանա: 2011-ին կամբողջանա ավագ դպրոցների ցանցը: Հանրապետությունում կբացվի 15 ավագ դպրոց, տարեվերջին ավագ դպրոցների թիվը կհատի 105-ի սահմանը: Կշարունակվի տեղեկատվական տեխնոլոգիաների ընդլայնման քաղաքականությունը: Ինտերներտը հասանելի կլինի եւս 414 դպրոց. հանրապետության կրթական հաստատությունների 93.5 տոկոսը համացանցից օգտվելու հնարավորություն կունենա:
Աշոտյանի գնահատմամբ` դա տարվա ընթացքում իրականացվելիք ամենախոշոր ծրագրերից մեկն է: Նախատեսվում է մինչեւ մարտ դպրոցներում հիմնել 250 համակարգչային լսարան:
Անցյալ տարի «Ազգ» օրաթերթը բազմիցս անդրադարձել էր դասագրքերի բովանդակությանը` ներկայացնելով աշակերտների դժգոհությունն ու մանկավարժների մտահոգությունը դասագրքերի չափազանց բարդ բովանդակության ու ոչ մատչելի շարադրանքի մասին: Այդ մտահոգությունն ունի նաեւ նախարարը: Մինչեւ օգոստոսի 1-ը նախարարությունը մտադիր է բեռնաթափել միջնակարգ դպրոցի ծրագրերի 15-20 տոկոսը: Նախարարի գնահատմամբ` դա ռիսկային գործընթաց է, սակայն վերանայումը կնպաստի, որպեսզի հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրերը դառնան ավելի մատչելի:
Նախարարությունը մտադիր է հանրապետության մանկավարժների 20 տոկոսի համար ատեստավորում անցկացնել, տարակարգ տալ եւ որակական հատկանիշներից ելնելով հավելավճար տրամադրել:
Այս տարի մասնավոր բուհերի թիվը մոտ 10-ով կկրճատվի, սպասվում է քոլեջների ու ուսումնարանների խոշորացում: Վերջին երկու հաստատություններում աշակերտները կընդունվեն դպրոցական ատեստատի գնահատականների հիման վրա: Ընդունելության քննությունների վերացումն, ըստ նախարարի, նպատակ ունի վերացնել կոռուպցիոն ռիսկերը: Նախարարը դժգոհ է կրթության պետական տեսչության աշխատանքից: Իր խոսքերովՙ անցյալ տարի շատ էր զբաղված ու ձեռքերն այդ մարմնին չհասան. Աշոտյանը խոստանում է բացը լրացնել այս տարի:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ.Գ. Նախարարության մամլո սրահի տեսքն ու դիզայնը փոխվել էր: Պատին որպես Հայաստանի Հանրապետության կրթության ու գիտության նախարարության խորհրդանիշ պատկերված էր հայոց այբուբենը: «Պատի պաստառով նախարարը օտարալեզու դպրոցների բացման ջատագովի իր կերպա՞րն է մեղմացնում» հարցին նախարարը խուսափեց պատասխանել: Հավելեց, որ չի ցանկանում 2010-ի իրադարձությունները մեկնաբանել: Ինչ վերաբերում է օտարալեզու դպրոցներին, ապա նա ներել է բոլոր նրանց, ովքեր իրեն քննադատում էին եւ վիրավորում: Ներե՞լ է արդյոք հասարակությունը Աշոտյանին` հայտնի չէ: