Քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է մայրաքաղաքի կենտրոնի շինարարության ծավալներին: Քաղաքապետը հայտարարել է, որ դրանց թիվն էականորեն նվազելու է:
«Բացի բակային տարածքների բարեկարգումից, կենտրոնում որեւէ այլ շինթույլտվություն սկզբունքորեն չի տրվելու, կանաչ տարածքների հաշվին որեւէ շինարարություն չի տրվելու: Ինքնակամ եւ ապօրինի շինարարության ոլորտում նույնպես կոշտ քաղաքականություն ենք իրականացնելու», հայտարարել է Կարապետյանը` հավելելով, որ ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ վերահսկողությունը կշարունակվի:
Որ քաղաքապետը կանաչ տարածքների պահպանման կողմնակից է` ողջունելի է, ուղղակի քաղաքի ոչ միայն կենտրոնում, այլեւ ծայրամասերում գրեթե կանաչ տարածք չի մնացել, որպեսզի հիմա դրանց պահպանությամբ զբաղվեն: Օղակաձեւ, Ուսանողական ու էլի մի քանի տասնյակ այգիները Երեւանի գլխով երդվող քաղաքապետները նախ սեփականաշնորհեցին, հետո էլ լավ գներով վաճառեցին անհատ ձեռներեցների` սրճարան ու ռեստորան կառուցելու համար:
Հ. Հ.
Հ. Գ. Կանաչ տարածքների պահպանման հետ կապված նման մի խոստում էլ ժամանակին Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն էր տվել: Մասնավորապես նա հայտարարել էր, թե Ուսանողական այգին վերջին դեպքն է, ուր ծառահատելու են սրճարան կառուցելու համար: Հիմա հետեւենք նոր քաղաքապետի կատարելիք քայլերինՙ նա՞ էլ է դրժելու իր խոստումը: