«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2011-01-14 | #5, 2011-01-15 | #6, 2011-01-18


ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ Է ՀԱՋՈՐԴԱԲԱՐ

Մեկ ամիս, իսկ աշխատանքային օրերով` 20 օր պաշտոնավարած արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանն, այնուամենայնիվ, որոշել էր հանդիպել լրագրողներին` ասելու համար, որ նրանց հետ բաց է աշխատելու, որ նախարարությունում աստիճանական-հայեցակարգային բարեփոխումներ են լինելու, հեռանկարային-ինստիտուցիոնալ լուծումներ (եւ ոչ թե կարճաժամկետ պոպուլիստական), որ պետք է վերափոխվեն քրեակատարողական, նոտարական եւ այլ ոլորտներ:

Իր նախարարությունից, ըստ Թովմասյանի, սպասումները տարբեր են. հասարակության մի մասի սպասումները (ըստ նրա` մեծ մասի) խնդրիրների լուծման հետ են կապված, մի մասն էլ սպասում է, որ նախարարը պետք է ձախողվի (երեւի նկատի առնելով համակարգին նրա խորթ լինելը). «Ես հակված եմ իրականացնելու առաջին խմբի սպասումները», ասաց նա:

Նորաթուխ նախարարի կարծիքով` չկան անլուծելի խնդիրներ, կան դրանք լուծելու կարողություն եւ ցանկություն չունեցող մարդիկ, յուրաքանչյուր խնդիր ունի իր լուծումը, դա կարող է մեկ օրում, մեկ տարում չլինել, բայց քայլերի ամբողջությունը, որոնք տանելու են այդ խնդիրների լուծմանը, նա տեսնում է. «Չինական թեւավոր խոսքով` անհանգստացիր հաջորդաբար».

Ի դեմս ԶԼՄ-ների` Հրայր Թովմասյանը տեսնում է իր զինակիցներին, որոնք օրգանիզմում առկա ֆունկցիոնալ խանգարումների մասին պետք է ուղեղին տեղեկացնեն, որ համակարգին դրսից եւ ներսից դիտելիս պատկերները այլ են... բայց նա չէր ցանկանա, որ մամուլն արդարադատության նախարարաության մասին գրեր հոդվածներ «Ախչի, լսել ես» մակարդակով, հաջորդող տեքստն էլ համահունչ լինի առաջին երկու բառին: Բայց եւ` մամուլի որեւէ հրապարակում նախարարության ուշադրության կենտրոնում է լինելու:

«Յուրաքանչյուր օր արդարադատության նախարարության հետ առնչվում է մոտավորապես 8 հազար մարդ (քրեակատարողական հիմնարկները հաշված), եւ էդ շփվողների կեսը էդ շփումներից հետո եթե ոչ բարձրաձայն, առնվազն իր մտքում հայհոյում է արդարադատության նախարարին, չինովնիկին, վերջում էլ իր բախտը` Հայաստանի Հանրապետությունում ծնված լինելու համար», ասաց նախարարը` նախարարության խնդիրների մասին խոսելիս:

Բարեփոխումների քայլերի հաջորդականությունը սպասարկվողի հոգեբանությամբ պետք է լինի` օրենսդրական փոփոխություններով նախարարը հասնելու է դրան: Օրինակ` ապոստիլը ստանալու համար նախարարությունում նախատեսված է 3 կամ 5 օր, բայց մարդիկ ուզում են շուտ ստանալ. երբ դիմում եղավ` երեք օրը 24 ժամ դարձավ: Ամուսնանալու համար 1 ամիս ժամկետ է տրվում գրանցվելու համար, երբեմն էլ նախարարի որոշմամբ այդ ժամկետը մինչեւ երեք ամիս կարող է դառնալ. «Երրորդ դիմումը ստացել եմ` շուտով կտեսնեք, որ կդառնա 5 օր կամ 7 օր, այսինքն` էնքան, որքան խնդրում կամ միջնորդում են ինձ գրանցել»:

Մի գաղտնիք էլ բացեց, փոքրիկ թիմով այցելելու է նախարարության ծառայություններ` տեսնելու, թե սովորական քաղաքացու աչքով ինչպե՞ս է, ի՞նչ խնդիրներ են առաջանում: Միմյանց հակասող, չգործող իրավական ակտեր, տարբեր մեկնաբանությունների ենթակա օրենսդրություն` սրանով է պայմանավորված, որ եկող տարվա գերակա խնդիր է 1990 թվականից սկսած նայելու օրենսդրությունը, վերլուծելու կոռուպցիոն ռիսկերը` քաղաքացու համար անհարկի բարդություններ ստեղծելու եւ ավելի պարզ մեխանիզմներ ունենալու տեսանկյունից:

Նոտարներն օրական վավերացնում են միջինը 23 գործարք, սա միջին եւրոպականից մոտ երկու անգամ ավելի շատ է` հերթեր գոյանալու, դժգոհությունների առումով, նոտարիատների թիվն աստիճանաբար ավելանալու է, եւ մերոնք աստիճանաբար անցնելու են ազատականացված նոտարական համակարգի, հաճախորդն էլ իրավունք է ունենալու պահանջել, որ անհրաժեշտ փաստաթղթերը հենց նոտարը հավաքի (գուցե դա օգնի, որ քաշքշուկն ու վճարների թիվկրակոցները նվազեն նոտարիատներում-Մ.Խ.):

Քրեակատարողական հիմնարկներն ամենախոցելի, ամենից շատ դժգոհություն առաջացնող կառույցներից են, խնդիրներն այստեղ շատ են, բայց այստեղ կարճաժամկետ լուծումներ չեն լինելու, քրեակատարողական քաղաքականությունը լուրջ վերափոխումների կարիք ունի, քանի որ այդ հիմնարկների առջեւ դրված պահանջներն ըստ էության չեն կատարվում, պատիժն իր նպատակին` վերադաստիարակված քաղաքացի ունենալուն չի ծառայում:

Կազարմային` սովետական խցեր ունենալուց աստիճանաբար հրաժարվելու մոդելն է կիրառվելու` մենախցեր են լինելու, աստիճանաբար որոշակի զբաղվածություն պետք է ստեղծվի ազատազրկված անձանց համար, կալանքի այլ տեսակներ ներմուծվեն` տնային կալանքի ձեւեր ներառելով: Նոր քրեակատարողական հիմնարկներ պետք է կառուցվեն, տեղերն ավելացվեն, գերբնակեցման հարցն այդպես լուծելով:

Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ «Հայկական ժամանակի» խմբագիր Նիկոլ Փաշինյանի նամակները Արթիկի քրեակատարողական հիմնարկից խմբագրություն չեն հասնում` միայն մեկն է հասել, Հ. Թովմասյանը պատասխանեց, թե թող դիմի նախարարին (այսինքն` իրեն). «Նշանակվել է ծառայողական քննություն, եւ արձանագրվել է, որ դրանք չեն եղել: Որպես տարբերակ ես կարող եմ խորհուրդ տալ, որ այդ բոլորը որպես բողոք, իր` խմբագրություն ներկայացվող իր գրություններն են-ինչերն են, որպես բողոք դիմի արդարադատության նախարարին: Չեմ ասում բողոքարկի, այլ պարզապես դրանք չեն կարող ինձ չհասնել, եւ ես խոստանում եմ, որ խմբագրություն կտեղափոխեմ: Ինձ համար մի քանի հարցեր կան, որոնք ես պարզապես չեմ հասկանում: Այսինքն` ինչո՞ւ այդ մեկը փոխանցեց, այլ ոչ թե 15-ը, ինչո՞ւ երբ փաստաբանի հետ հանդիպեց` չփոխանցեց, ինքը այլ հանդիպումներ էլ է ունեցել եւ այդ միջոցով կարող էր փոխանցել: Ծառայողական քննության արդյունքների մի մասը կա, ամբողջությամբ ինձ չի գոհացնում, կնշանակեմ նոր ծառայողական քննություն, եւ եթե տեղի է ունեցել խախտում, ես խոստանում եմ, որ մեղավորներին կպատժեմ»: Մեկ այլ` քաղբանտարկյալների գոյության մասին հարցին պատասխանելով` Հ. Թովմասյանը ասաց նաեւ, թե Հայաստանում չկան քաղաքական հայացքների համար դատապարտված մարդիկ. «Դա քաղաքական տերմինոլոգիա է, եւ քաղաքական գործիչների կողմից օգտագործվող տերմինոլոգիա է»: Ճշտմանը, թե քաղբանտարկյալներ չկա՞ն, նա ինքն էլ ճշտել է. «Ես իրավաբան եմ, ես պարտավոր եմ հարգել իմ երկիրը: Կա իրավական ուժի մեջ մտած դատավճիռ: Կա Եվրոպական դատարան: Սպասենք, տեսնենք: Դուք ուզում եք, որ ես մեկնաբանեմ Վճռաբեկ դատարանի որոշումնե՞րը: Ես նման պարտականություն, նման լիազորություն չունեմ»:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4