Որքա՜ն տարբեր են գրում բոլոր նրանք, ովքեր շրջանցել են Հորն հրվանդանը, իրենց զգացմունքների մասին, ես կասեի, անմիջապես ուշքի գալուց հետո: Հաշվի առնելով որ խոսքը հույզի մասին է, հոգեբանության, ինձՙ որպես բժշկի, շատ հետաքրքիր էր դա իմանալ: Չէ՞ որ արդեն քանի դար խոսք ու զրույց է գնում մեր մոլորակի այդ ամենահարավային կետի մասին: Վիճում են նույնիսկ, թե ով է հայտնագործել Երկիր մոլորակի ցամաքի այդ նույն ամենահարավային վերջավորությունը:
Սկսենք նրանից, որ դաՙ այդ կետը կղզիների ամենահարավային խումբը չէ: Ընդունված է համարել, թե հրվանդանը հայտնագործել է հոլանդացի ծովագնաց Յակոբ Լեմերը 1616 թվականին եւ իր հայրենի քաղաք Հորնի անունով է կոչել այդ ահռելի ժայռը: Ճիշտ է, կա եւ այլ տարբերակ: Կղզին եղջյուր է հիշեցնում: Անգլերենՙ «հորն»: Սակայն պատմաբանները ճշտել են, որ դեռեւս 1577 թվականին ամենահայտնի, ամենահարուստ եւ ամենափառաբանված ծովահեն Ֆրենսիս Դրեյքը, որը ծառայության մեջ էր անգլիական թագուհու մոտ, իր նավամատյանում գրել է, որ հարավային լայնության 56 եւ 57 աստիճանների միջեւ կա հրվանդան: Դրեյքի համար ամենից կարեւորն այն էր, որ մի ամբողջ ծով էր հայտնագործել ամենահարավում: Սակայն դա ոչ թե ծով էր, այլ Ամերիկան Անտարկտիդայից բաժանող նեղուց:
Եվ այսպես, հույզերի մասին, որոնցից նման դեպքերում թվում էՙ չես փախչի: Ահա մի քանի դուրսգրումներ, որ կատարել եմ ե՛ւ մեր աշխարհաշուրջն սկսելուց շատ առաջ, ե՛ւ Հրո Երկրի մատույցներում: Ոմանք գրում են, թե «գտնվում էին էյֆորիայի վիճակում», մյուսներըՙ «դա այնքան հաղթանակի ուրախություն չէր, որքան երջանկության զգացողություն, որ ողջ ենք»: Հաճախ է պատահում, որ համընկնում են տարբեր մարդկանց մտքերը: Ընդհանրացված կերպով դա հնչում է այսպես. «Այլեւս երբեք ուժերն ու ոգին չեն բավականացնի նման բան կրկնելու համար»: Կամ այսպես. «Տանելի եղանակի պայմաններում հրվանդանը կարելի է կյանքում տասն անգամ էլ շրջանցել: Բայց հիսուն հանգույց քամու պոռթկումների ժամանակ (իսկ դա համարյա միշտ այդպես է) սկսում ես մտածել Աստծո մասին»: Եվ կամ. «Մենք ի վիճակի չէինք անել ավելին, քանզի հասել էինք մեր հնարավորությունների սահմանագծին»: Ոմանք կարծում էին, թե խոսքը մեծ մասամբ առասպելների մասին է, որպեսզի բարձրացվի, ինչպես բոլորն են ասումՙ վատահամբավ հրվանդանի «հեղինակությունը»: Ծանոթանալով հազարավոր կարծիքների, ուսումնասիրելով տարածաշրջանի աշխարհագրությունն ու օդերեւութաբանությունը, ես եկա այն եզրահանգման, որ այդ ամենը եւ շատ ուրիշ բաներ նույնիսկ չափազանց տրամաբանված ու հասկանալի են: Վերվիվերջո բոլոր բարդ հարցերի պատասխանը միշտ տալիս է գիտությունը, բնականաբարՙ հենվելով մասնագետ-գիտնականների հետազոտությունների վրա: Եվ երբ կարդում ես, թե Հորն հրվանդանի ջրերը տարվա մեջ երեք հարյուր օր չափազանց անհանգիստ են, ապա չես զարմանում, ինչպես որ չէիր զարմանա, եթե ասեին, թե, օրինակՙ բեւեռներում չափազանց ցուրտ է, իսկ հասարակածումՙ շոգ: Բանն այն է, որ ոչ թե մեկ այլ տեղ, այլ հենց այստեղ են ամենաուժգին ցիկլոնային հողմերը կազմավորում օդի տաք եւ սառը զանգվածների միախառնուրդ, որը հանգեցնում է կատաղության (տերմինն իմը չէ): Այդ երեւույթները պարտադիր կարգով ուղեկցվում են տեղատարափ անձրեւներով եւ ամպրոպներով: Եվ նման պայմաններում դա նորմ է: Ես, օրինակ, կարդացել եմ այն մասին, որ Սեւ ծովում իսկական փոթորիկներ միջին հաշվով տարեկան քսան անգամից ավելի չեն լինում: Դա էլ նորմ է: Ինչպես ասում էր փիլիսոփա եւ պոետ Լուկրեցիոսը, այդպիսին է իրերի բնությունը (նրա գիրքն էլ վերնագրված է «Իրերի բնության մասին»): Բայց չմոռանանք Հորն հրվանդանի դեպքում ավելացնել կամ հավելել եւս մեկ հանգամանք. դա քամու, այսպես ասած, «սեփական» միակողմանի ուղղությունն է եւ ծովային ալիքների «սեփական» հոսանքը: Բացառապես արեւմուտքիցՙ արեւելք: Եվ դեռ չհաշված անվերջանալի ցիկլոնները:
Ինչպես արդեն նշել եմ ռեպորտաժներից մեկում, մեզ հնարավորություն չտվեցին առաջին փորձով հասնել մինչեւ Հորն: Մեր պատճառով նույնիսկ վեճի բռնվեցին չիլիացի եւ արգենտինացի սահմանապահները: Արգենտինական կողմը փաստաթղթերը հավուր պատշաճի չէր ձեւակերպել: Ես այդ մասին մանրամասն գրել եմ եւ չեմ ցանկանում կրկնել: Ասեմ միայն, որ դա կատարվեց հունվարի երկուսի, լույս երեքի գիշերը: Մեր սրտմտանքները կապված էին նրա հետ, որ այդ պահին չգիտեինք, թե եղանակը այլեւս երբ հարաբերականորեն հանգիստ կլինի: Պարզվեց, որ միայն հունվարի իննին: Ճիշտ է, «հանգիստ» բառը տեղին չէ, քանզի քամին մոտավորապես դասական ամպրոպայինի ուժգնության կեսն էր ունենալու: Եվ այնուամենայնիվ, հունվարի ութին, առավոտյան ժամը յոթին դուրս եկանք չիլիական Պուերտո-Վիլյամս քաղաքից: Արդեն ծանոթ երթուղով շարժվեցինք հարավ: Հետոՙ հարավ-արեւմուտք: Դեպի Հորն հրվանդան: Ճանապարհի կեսին էինք, երբ Արիկի կինը (Ռուզաննան համատեղության կարգով մեր արտահաստիքային օդերեւութաբանն է) էլեկտրոնային փոստով ուղարկեց եղանակի թարմ տեսություն: Արիկը չէր ցանկանում այն ցույց տալ ինձ: Ճիշտ է, չեմ հասկանում ինչ հույս ուներ: Իբր չէր ուզում տրամադրությունս փչացնել: Հետո էր ասելու, որ ես ավելի շուտ «կրկնակի» ամպրոպ կտանեմ, քան վերադարձՙ հետ, ինչը իրոք ատում եմ ամենից շատ: Ժպիտը դեմքին ինձ մեկնեց սպիտակ էջը, իսկ Հայկը խորամանկ քմծիծաղով հետեւում էր իմ արձագանքին: Բավական էր պարզապես թռուցիկ հայացք գցել օդերեւութաբանական նիշերի ողջ բազմությանը, որպեսզի մի քանի վայրկյանում գնահատեի իրավիճակը: Քամու պոռթկումների սպասվելիք ցուցանիշները աչքերիս առջեւ նկարեցին մի քանի հարկանի ալիքներՙ ճերմակ «գլխարկներով»: Այդ ժամանակ առաջին հերթին մտածեցի Սեմի մասին: Սամվել Կարապետյանի: Լավ գիտեի, որ մեր նավապետը հանգիստ էր ընդունելու այդ ոչ շատ ուրախ լուրը: Իսկ հետո միջնապատի նեղ դռնով անցնելու էր կամբուզ, այնտեղից էլ ընդհանուր նավասենյակ, որտեղ ցերեկները նստում եմ իմ գրամեքենայով (ցերեկներն այստեղ լույս է, իսկ գիշերը տասներկու վոլտանոց լամպի տակ իմ նավախցում եմ թխկթխկացնում երկաթե լեդիիս ստեղներին): Նավապետի դեմքին, ես կասեիՙ դատողական ժպիտ էր, իբրՙ խուճապի կարիք չկա, հիմա հանգիստ կքննարկենք: Ընդհանուր նավասենյակում էին նաեւ Արիկը եւ Հայկը: Ես ինքս հանգիստ եմ, երբ Սամվելն է գործին ձեռք զարկում:
Այստեղ հարցը նրանում է, որ եղանակը կանխատեսվում է սկզբում չորս-հինգ օր առաջ: Իսկ հետո ճշգրտվում է: Իսկ այն թղթի վրա հունվարի իննից հետո կանխատեսումն օրեցօր ավելի մռայլ գույներ էր ձեռք բերում: Պոռթկումները հասնում էին 55 հանգույցի: Պետք չէ մոռանալ եւ այն մասին, որ այդ նույն կանխատեսումները մանավանդ այնտեղ, որտեղ մենք ենք հիմա գտնվում, ավելի ճիշտՙ ողջ Հրո Երկիր արշիպելագում, իսկ ավելի ճիշտՙ հենց Հորն հրվանդանի մոտ մշտապես փոփոխվում են, հաճախ բառացիորեն աչքիդ առաջ: Այնպես որՙ օդերեւութաբաններն այստեղ մեղք չունեն: Համենայն դեպս իրենքՙ օդերեւութաբանները կանոնավորապես ճշտում են տեղեկատվությունը եւ տալիս նոր թվեր, որոնք իրականում կարող են բոլորովին այլ լինել: Մեր արտահերթ խորհրդակցության վերջում ես բերեցի պատմական ոչ այն է օրինակ, ոչ այն էՙ փաստարկ: Դա ականավոր ծովագնաց Չեյ Բլայթի նավարկությունն է: Այս քնարական շեղումը գուցե մեզ դուրս կմղի «ռեպորտաժի ռիթմից», բայց կարծում եմ, այն շատ կարեւոր է եւ պիտանի: Երբ Բլայթը մոտեցավ Հորն հրվանդանին, նա ուներ եղանակի մոտավորապես նույն ցուցանիշները, ինչ մենք: Իսկ ես նրա մասին հիշեցի, որովհետեւ նա առաջինը միայնակ կատարեց աշխարհաշուրջ, իր ողջ ուղին անցնելով արեւելքից արեւմուտք: Այսինքնՙ երկրի պտույտին հակառակ: Դա նշանակում էՙ Դրեքի նեղուցով արեւելքից արեւմուտք: Չեյը երկար էր որոճում իր այդ, ինչպես բարեկամներն էին ասում, վայրի գաղափարը: Նա կարողացավ համոզել «Բրիթիշ սթիլ» (Բրիտանական պողպատ) կոնցեռնին հատուկ Հորն հրվանդանով շուրջերկրյա նավարկություն կատարելու եւ ոռնացող քառասնականների դեմ դուրս գալու համար կառուցել պողպատե պատյանով առագաստանավՙ «Բրիթիշ սթիլ» անունով: Չէ՞ որ մինչ այդ նավարկությունը աշխարհի շուրջ երթուղիները կազմվում էին այն հաշվարկով, որ նավերը շարժվեին արեւմուտքից արեւելք, այսինքն ալիքների հոսանքի եւ քամու ուղղությամբ: Ողջ Ագլիան Եղիսաբեթ թագուհու գլխավորությամբ հետեւում էր «Բրիթիշ սթիլ»-ի տեղաշարժումներին: Դա 1970 թվականն էր: Ահա թե ինչ է գրում Չեյը, երբ արդեն մոտենում էր Հորնին. «Դեկտեմբերի 23-ի առավոտյան ինձ Հորն հրվանդանից բաժանում էր 87 մղոն: Ես ռադիոյով կապվեցի «Ինդյուրենս» ռազմանավի հետ, որն ինձ էր փնտրում այդ շրջանում, եւ մենք հանդիպեցինք հարավային լայնության 55 եւ արեւմտյան երկայնության 64 աստիճանների հատման կետում: Պատրաստվելով հանդիպմանը, ես սափրվել էի եւ հագել մաքուր վերնաշապիկ: «Ինդյուրենս»-ը (նավապետ Ռոդնի Բոուդեն) երկու-երեք պտույտ գործեց, որից հետո օդ բարձրացան երկու ուղղաթիռներ, հետո ինձ մոտեցավ կատերանավակը, որտեղ սպաներ էին: Ես նրանց հանձնեցի նկարահանված ժապավենները, իսկ իրենք ինձՙ հաց, մրգեր եւ երկու շիշ վիսկի»:
Մենք չէինք նախանձում Բլայթին հենց թեկուզ այն պատճառով, որ վիսկիի փոխարեն թթի օղի ունենք, որ ուղարկել է ինքըՙ Ղարաբաղի նախագահը: Մեզ համար շատ ավելի կարեւոր է այն, որ քաջարի ծովագնացը վաղուց դարձել է յուրատեսակ մի ուղեցույց եւ իր օրինակով օգնեց մեզ գծել երթուղին, իմանալով, որ մինչեւ վերջ ստիպված ենք լինելու գնալ ընդդեմ բնական ծովային հոսանքների եւ քամիների: Կրկնում եմ, մենք այլ ելք չունեինք հայկական գաղթօջախների աշխարհագրական տեղադրությունից ելնելով:
Եվս մեկ փոքրիկ, բայց չափազանց կարեւոր շեղում: Մոտավորապես մեկ շաբաթ առաջ ես խնդրեցի Հայկին (որն ամենայնից զատ, նավում աշխարհագրական քարտեզների բաժնի վարիչն է), որպեսզի ողջ անձնակազմին իմաց տա այն պահը, երբ «Արմենիա»-ն կհատի հիսուներորդ լայնությունը: Շատերը չգիտեն, որ «շրջանցել Հորն հրվանդանը» չի նշանակում պարզապես «անցնել Հորն կղզու հարավային ցցվածքի մոտով եւ վերջ»: «Շրջանցել Հորնը» հասկացությունը ներառում է Ատլանտյան օվկիանոսի կողմից անցնել հարավային լայնության 50 աստիճանում ընկած հեռավորությունը Հորն հրվանդանի միջով, մինչեւ արդեն Խաղաղ օվկիանոսի հարավային լայնության 50 աստիճան:
Հիշում եմ, ինչպես նորՙ 2011 թվականի նախօրեին Հայկը, խլացնելով քամու աղմուկը, ողջ հարավային Ատլանտիկայով մեկ գոռաց. «Արմենիա»-ն հատեց հիսուներորդ լայնությունը: Ոռնացող քառասնականներից մտանք մոլեգին հիսնականներ»: Դա նշանակում էՙ սկսվեց Հորն հրվանդանի պաշտոնական շրջանցումը: Եվ ահա հիմա, եւս մեկ անգամ հիշեցնեմ, հունվարի 8-ին մենք արդեն Հրո Երկիր Արշիպելագի շրջանում, ընդդեմ հոսանքի գնում ենք դեպի Հորն կղզի: Եվ հանկարծ, օ՜ հրաշք, ասես Նեպտունի հրամանով քամի փչեց եւ շրջվեց հարյուր ութսուն աստիճանով: Դարձավ համընթաց: Եռագույն առագաստն իսկույն փքվեց մինչեւ վերջ: Նավն ավելացրեց արագությունը եւ սլացավ ինչպես սահնակը բլրի թեք լանջով: Դա կեսօրին էր, ուղիղ ժամը մեկին:
Մինչեւ Հորն կղզի մնացել է մոտավորապես հիսուն մղոն: Այս համընթաց քամու պայմաններում «Արմենիա»-ն կարող է հրաշքներ գործել: Քամին քսան հանգույց է: Դա մոտավորապես վայրկյանում տասը մետր է: Բայց մինչեւ քառասունհինգ հանգույց հասնող քամու պոռթկումները ուղղակի փորձում են պատառոտել, պոկել հսկայական առագաստը: Նավը վայրկենապես թեքվում է վտանգավոր աստիճանի: Շուտով հորիզոնի մառախուղի միջից նշմարվեցին միմյանց սեղմված կղզիներ, ծածկված մոխրագույն մշուշով: Կենտրոնում, հեռվից, ասես պղտոր ապակու միջով գծագրվեցին Հորնի ափերը: Մնացել էր անցնել մոտ տասը մղոն: Մեր համընթաց արագության դեպքումՙ մեկ ժամից քիչ ավելի: Իմ ժամացույցով տասնյոթն անց է տասը րոպե: Հաճախակի դարձան քամու պոռթկումները, նավը հրելով առաջ: Պտտահողմային պոռթկումների ոռնոցի միջից որպես զարմանալի երաժշտություն է հնչում մեր դրոշների թփթփոցը, որոնք քամուց բացված են մինչեւ վերջ: Նավախելին Հայաստանի Պետական դրոշն է, ամենաբարձրումՙ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պետական դրոշը, Հայ Առաքելական Եկեղեցու դրոշները: Ես ականջ էի դնում մեր գլխավոր խորհրդանիշերի երգեցիկ ձայներին եւ մտածում այն մասին, թե որքան երկար եւ գործուն կերպով ենք մենք սպասել այս օրվան: Դրոշներ, որ ասես պահապան հրեշտակներ լինեն:
Ուղիղ ժամը 18-ին մենք մտանք, գետային լեզվով ասածՙ բաց գետախորշ, որը դժվար թե կարելի է խորշ անվանել: Բայց մեզ համար կարեւորն այն է, որ կղզու արեւելյան ափը գոնե ինչ-որ չափով մեզ ծածկում է արեւմտյան կատաղի քամուց: Այստեղ, ուժգին ճոճող հանգչուն ալիքներում մենք պետք է խարիսխ նետենք, իջեցնենք փոքրիկ ռետինե նավակըՙ կախովի շարժիչով, եւ ցատկոտելով մեծ ալիքների վրայով, հերթով հասնենք ափ, որպեսզի զառիվեր աստիճանով բարձրանանք մոտավորապես հարյուր մետր, քայլենք մինչեւ փարոսը, որի կողքին գտնվում է Ստելլա Մարիս (Ծովերի աստղ) փոքրիկ մատուռը:
Մենք հատուկ խնդրանք ունենք ուղղված մեր Աստղին: Մենք պետք է բարձրացնենք Ուրֆայի խաչը այս կղզու վրա, որտեղ մոլեգնում է փոթորկալից քամին:
(Շարունակելի)
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ, «Արմենիա» առագաստանավ, Ատլանտյան օվկիանոս (առայժմ)