«Ջիվան Գասպարյանի անվան դուդուկահարների մրցույթ 2010»-ի արդյունքներն արդեն հայտնի են: Այս մասին երեկ «Ուրբաթ» ակումբում տեղեկացրեց Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը : Այս մրցույթը շարունակական է լինելու, ու կարող է նույնիսկ միջազգային դառնալ: Մրցույթն անցկացվել է երիտասարդների ու պատանիների շրջանում` 2 տարիքային խմբերում: Մասնակցության հայտ են ներկայացրել մինչեւ 17 տարեկան եւ 17-30 տարեկան երիտասարդներն ու պատանիները: Վլադիմիր Աղայանի փոխանցմամբ` 2 խմբերի հաղթողներն էլ ստանում են մեդալներ ու դրամական պարգեւներ: 2 խմբերում էլ առաջին տեղի հաղթողը ստանում է ոսկե մեդալ, 2-րդ տեղի հաղթողը` արծաթե , իսկ 3-րդ տեղինը` բրոնզե մեդալ: Վլադիմիր Աղայանի խոսքով` սա յուրահատուկ մրցույթ է, որի նպատակն է նպաստել մեր դուդուկահարների դպրոցի լավագույն ավանդույթների շարունակմանն ու բացահայտել տաղանդավոր դուդուկահարներին: Մրցույթն ունի ազգային նշանակություն, ինչն այսօր շատ կարեւոր է: Մրցանակաբաշխությունն անցկացվում է ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ ու հովանու ներքո: Մրցույթին հաջորդող գալահամերգը լինելու է առաջիկայում` հավանաբար հունվարի 27-ին կամ 29-ին: Վլադիմիր Աղայանն ասում է, որ համերգի կոնկրետ օրվա մասին լրատվամիջոցմներին տեղեկացվելու է նախօրոք: «Ակնկալում ենք, որ գալահամերգին Արա Աբրահամյանը ներկա կլինի», հավելեց Վլադիմիր Աղայանը: Շքեղ համերգ է կազմակերպվելու, լինելու են անակնկալներ: Ինչ վերաբերում է մրցանակակիրներին, 17-30 տարիքային խմբում առաջին մրցանակին է արժանացել Ջիվան Գասպարյանի թոռը` կրտսեր Ջիվան Գասպարյանը: Այս խմբի առաջին տեղի հաղթողը ստանում է ոսկե մեդալ եւ 500 հազար դրամ: Մինչեւ 17 տարեկան մասնակիցների մեջ էլ առաջին մրցանակին արժանացել է Արտյոմ Բադալյանը, նա կստանա ոսկե մեդալ ու 300 հազար դրամ: Մեդալների մի կողմում պատկերված են Ջիվան Գասպարյանի կիսադեմն ու ինքնագիրը, իսկ մյուս կողմում դաջված է դափնեկրի անուն-ազգանունը: Ժյուրիի պատվավոր նախագահը եղել է Ջիվան Գասպարյանը:
Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, Ջիվան Գասպարյանի անվան դուդուկահարների մրցույթի կազմկոմիտեի նախագահ Դավիթ Ղազարյանը նույնպես ներկա էր ասուլիսին: Նրա խոսքով` Ջիվան Գասպարյանը կարողանում է մեր ազգային նվագարանը ներկայացնել ամբողջ աշխարհում: Անդրադառնալով մրցույթի կազմակերպչական հարցերին` Դ. Ղազարյանն ասաց, որ մրցույթի մասին հայտարարվել է անցյալ տարվա մարտին, նոյեմբերի վերջին արդեն ավարտվել է: Դավիթ Ղազարյանը նշեց, որ մասնակցել են շատ շնորհալի երիտասարդներ ու պատանիներ: Վլադիմիր Աղայանի փոխանցմամբ` 2 հոգու տրվել են նաեւ խրախուսական մրցանակներ` 100-հազարական դրամ:
Անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը եւ նրա թոռը երեկ նույնպես ներկա էին: Իր խոսքի սկզբում անվանի դուդուկահարը շնորհակալություն հայտնեց Արա Աբրահամյանին: «Նա շատ մեծ գործեր է անում», ասաց մաեստրոն: Որպեսզի հանրության մեջ թերահավատություն չառաջանա, թե ինչո՞ւ է իր թոռնիկն առաջին մրցանակ ստացել, Ջիվան Գասպարյանն ասաց. «Թո՛ղ տպավորություն չլինի, թե նա իմ թոռնիկն էր, դրա համար մրցանակ ստացավ: Նա իրոք լավ է նվագում»: Այս հարցին անդրադարձավ նաեւ Վ. Աղայանը. «Ես այստեղ որեւէ վատ բան չեմ տեսնում»:
Բացի մրցույթիցՙ դուդուկի վարպետը խոսեց նաեւ դուդուկահարների դպրոցից, որն արդեն տարածք ունի: «Եթե հովանավորեն, 2012-ին դպրոցը կսկսի գործել», ասաց Ջ. Գասպարյանը: Այդ դպրոցը բարեգործական է լինելու, անվանի դուդուկահարն ուզում է այդտեղ անվճար սովորեցնել որբ երեխաներին: «Ես էլ եմ որբ եղել ու որբանոցում մեծացել ու գիտեմ` որբն ինչ բան է: Պետք է հոգ տանել այդ երեխաներին»:
Ի. Պ.