«Հայկական համայնքի անունից մենք գովաբանական խոսքեր ենք ուղղում կոնգրեսական Ֆրենկ Վուլֆին հայ-ամերիկյան խնդիրների վերաբերյալ եւ իր ընտրազանգվածի առաջ պատասխանատվության բարձր գիտակցության ու նվիրվածության համար», ասված է համագումարի տնօրեններից Դանիել Քուշակչյանի ուղերձում, որը նա հղել է կոնգրեսականին դեկտեմբերի սկզբներին Ներկայացուցիչների պալատում նրա ներկայացրած առաջարկի միահամուռ ընդունման առթիվ:
Համար 6392 բանաձեւը, որը պաշտպանել են վիրջինիացի բոլոր կոնգրեսականները, նախատեսում է Սենտրվիլի (Վիրջինիա) «Ուեստֆիլդս բուլվարում» գտնվող փոստային բաժանմունքը կոչել գնդապետ Ջորջ Ժուսկալյանի անունով:
Ժուսկալյանը վախճանվել էր 2010-ի հուլիսի 4-ին եւ արժանավայել կերպով թաղվել Առլինգտոնի ազգային գերեզմանատանը: Նա բարձրագույն պարգեւների արժանացած ամերիկահայ վետերան էր, որ 30 տարի ծառայել էր ամերիկյան բանակում, չմոռանալով նաեւ իր լուման ներդնել հայկական համայնքի կարիքներին:
Հ. Ծ.