Գավառից 2001 թվին ԱՄՆ մեկնած Խորեն Բադալյանի գործերը կարծես հաջող են ընթանում, գրում է Արամ Արքունը «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի նոյեմբերի 13-ի համարում: Բրուքլինում (Նյու Յորք) հաստատված Բադալյանների «Հացատունը» (Bread House) ժամադրավայր է դարձել ոչ միայն հայերի, այլեւ ռուսների, հրեաների եւ ամերիկացիների համար», նրանք այնտեղ կարող են գտնել հայկական լավաշ հաց, խաչապուրի, լահմաջունը եւ անշուշտՙ գաթա եւ այլ դեսերտային ուտեստներ:
Բրուքլինի շրջանը ժամանակին ամերիկահայերի կարեւոր կենտրոն լինելուց հետո, որոշ ժամանակ վերջին տասնամյակներում զիջել էր իր տեղը, բայց ըստ Արամ Արքունի, այժմ դարձյալ սկսել է աշխուժանալ: Հայ առաքելական եկեղեցուն կից գործում է շաբաթօրյա հայկական դպրոցը:
Մասնագիտությամբ շինարարներ հանդիսացող Բադալյանները (Խորենը եւ երկու որդիները) հարմարվելով տեղանքին եւ որոշ ժամանակ լավաշ թխելու փորձնական շրջան անցնելուց հետո, բացել են իրենց «Հացատունը», որը գնալով մեծացնում է իր հաճախորդների թիվը: «Հացատունը» բաց է առավոտյան ժամը 7-ից երեկոյան 22-ը, եւ գրեթե միշտ բազմամարդ: Ընտանիքը այժմ մտածում է ընդլայնելու սպասարկման տեսականինՙ ներառելով «խաշն» ու «խորովածը» իրենց ճաշացուցակում:
Հ. Ծ.