Ակադեմիկոս Գեւորգ Ե. Բաղդասարյանի 75-ամյակի առթիվ
Լրացավ ականավոր հայ գիտնական եւ վաստակաշատ մանկավարժ, ժամանակակից մեխանիկայի բնագավառում հայտնի մասնագետ Գեւորգ Երվանդի Բաղդասարյանի ծննդյան 75-ամյակը:
Գ. Բաղդասարյանը ծնվել է 1936 թվի հունվարի 13-ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում: Ստանալով բազային կրթությունը ԵՊՀ ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի մեխանիկայի բաժնում (1953 -1958թթ.)` նա գիտական աշխատանքի է անցնում ՀՀ ԳԱ Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ինստիտուտում (1972 թվից` ԳԱ Մեխանիկայի ինստիտուտում): 1964 թվին պաշտպանել է ատենախոսություն (ղեկավար` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ս.Ա. Համբարձումյան)` ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Նույն ինստիտուտում աշխատել է որպես առաջատար գիտաշխատող (1964-1979թթ.), իսկ այնուհետեւ մագնիսաառաձգականության բաժնի վարիչ (1978 -1998թթ.): 1978 թվին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան, իսկ 1979-ին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1978 -1979 թթ. եղել է ՀՀ ԳԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրենը:
Մեծ է Գ. Բաղդասարյանի ավանդը Հայաստանում տեսական մեխանիկայի այնպիսի բնագավառների զարգացման գործում, ինչպիսիք են թաղանթների եւ սալերի տատանումների եւ կայունության տեսությունը, ալիքային պրոցեսները, ամրության եւ քայքայման մեխանիկան, մագնիսաառաձգական տատանումների եւ կայունության տեսությունը, կիրառական բնույթի կարեւոր խնդիրների լուծման համար մաթեմատիկական մոդելավորման մեթոդների մշակումը: Այս հետազոտությունները նա իրագործել է իր գործընկերների եւ աշակերտների հետ համատեղ, արդյունքներն ամփոփված են բազմաթիվ գիտական հոդվածներում եւ մենագրությունների շարքում` իր էական նպաստը բերելով հայկական մեխանիկոսների դպրոցի միջազգային լայն ճանաչմանը:
Լարված գիտահետազոտական աշխատանքին զուգահեռ Գ. Բաղդասարյանը մշտապես շատ ժամանակ է հատկացրել գիտամանկավարժական, դասախոսական եւ բարձր որակավորում ունեցող գիտական կադրեր պատրաստելու հարցերին: Նրա նախաձեռնությամբ ԵՊՀ-ում ստեղծվեց մաթեմատիկական մեթոդների եւ մոդելավորման ամբիոնը, որի վարիչն է եղել նա 1988-2001 թվերին եւ որի պրոֆեսորն է ներկայումս: 1992-1994 թվերին նա ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկանն էր, 1994-1998 թվերին` Հայկական մանկավարժական ինստիտուտի ռեկտորը: Էական էր նաեւ նրա աշխատանքը 1998-2002 թվերին, գիտակրթական համակարգերի բարեփոխումների ժամանակ, որպես ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ: Գ. Բաղդասարյանի ղեկավարությամբ եւ խորհրդատվությամբ պաշտպանվել են շուրջ երկու տասնյակ թեկնածուական եւ դոկտորական ատենախոսություններ:
Հանրապետության գիտական եւ կրթական մարմինները եւ հասարակայնությունը բարձր են գնահատել Գ. Բաղդասարյանի նվիրյալ գործունեությունը: 1990 թ. նա ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 1994-ին` ակադեմիկոս: Նա պարգեւատրվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Խ. Աբովյանի անվան ոսկե մեդալով, ՀՀ ԳԱ Վաստակագրով, ԵՊՀ ոսկե մեդալով, բազմաթիվ այլ պարգեւներով:
Իր 75-ամյակը հոբելյարը դիմավորում է ստեղծագործական ակնառու նվաճումներով: Ջերմորեն շնորհավորելով Գեւորգ Բաղդասարյանին այս հրաշալի հոբելյանի առթիվ` նրա բազմաթիվ գործընկերները եւ աշակերտները մաղթում են նրան քաջառողջություն, սեր եւ երջանկություն նրա ընտանիքին:
Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս
Ն. ԱՌԱՔԵԼՅԱՆ, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար