«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2011-01-14 | #5, 2011-01-15 | #6, 2011-01-18


ԱՐՈՆՅԱՆԸ ԽԱՂԱՂԱՍԻՐԱԲԱՐ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ

Հոլանդական Վեյք Ան Զեե քաղաքում մեկնարկել է շախմատի ավանդական մրցաշարը, որը ՖԻԴԵ-ի 20-րդ կարգի է: Այն անցկացվում է 1938-ից` 73-րդ անգամ: Ուժեղագույնների մրցաշարում հանդես եկող Լեւոն Արոնյանը մրցաշարին մասնակցում է 2006-ից: Արոնյանը 2007-ին հաղթող է ճանաչվել Վեսելին Թոփալովի եւ Թեյմուր Ռաջաբովի հետ, իսկ հաջորդ տարի առաջին մրցանակը կիսել է նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ:

Առայժմ Արոնյանը խաղաղասիրաբար է տրամադրված: Մեկնարկային 3 պարտիաներում էլ նա հաշտություն է կնքել մրցակիցների` Մագնուս Կառլսենի, Հիկարու Նակամուրայի եւ Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: 3 տուրից հետո Արոնյանը 1,5 միավորով Ռուսլան Պոնոմարյովի, Յան Սմիթսի, Էրվին Լ Ամիի, Մաքսիմ Վաշիե-Լագրավի, Վլադիմիր Կրամնիկի հետ բաժանում է 5-11-րդ տեղերը: Աղյուսակը 2,5 միավորով գլխավորում է Հիկարու Նակամուրան: 2-ական միավոր ունեն Վիշվանաթան Անանդը, Յան Նեպոմնյաշչին ու Անիշ Գիրին:

Մրցաշարն ավելի հաջող է սկսել B խմբում հանդես եկող Գաբրիել Սարգսյանը: Նա մեկնարկեց հնդիկ Սուրյա Գանգուլիի նկատմամբ տոնած հաղթանակով, ապա հաշտություն կնքեց ֆիլիպինցի Ուեսլի Սոյի եւ չեխ Դավիթ Նավարայի հետ: Գաբրիելը 2 միավորով Դավիթ Նավարայի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Առաջատարն անգլիացի Լյուկ Մակշեյնն է, որը հաղթել է բոլոր 3 պարտիաներում էլ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4