Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ֆուտբոլի ԱՊՀ եւ բալթյան երկրների «Համագործակցության գավաթի» 19-րդ խաղարկությունը: Բացման արարողությանը ներկա էր ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, որին էլ տրվել էր առաջին հարվածի իրավունքը:
Մրցաշարի B խմբում ընդգրկված «Միկան», որ Սանկտ Պետերբուրգ էր ժամանել Լատվիայի չեմպիոն «Սկոնտոյի» հետ հանդիպման օրը, 0-2 հաշվով զիջեց մրցակցին: 39-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆերտովսը, 62-րդ րոպեին Ժունիորը 11 մ հարվածով 2-րդ գոլը խփեց:
Այդ խաղում «Միկան» հանդես եկավ հետեւյալ կազմով. Գեւորգ Կասպարով, Արմեն Պետրոսյան (Էդնեյ, 59), Հրայր Մկոյան, Վահագն Մինասյան (Գեւորգ Պողոսյան, 46), Ալեքսանդր Թադեւոսյան, Ալեքս, Գրիգոր Մկրտչյան (Անդրանիկ Շահգելդյան, 80) Անդրանիկ Ոսկանյան (Կոնստանտին Մանդրիչենկո, 63), Հայկ Իշխանյան (Բոտի Դեմել, 51), Աղվան Մկրտչյան, Նարեկ Բեգլարյան :
Հաջորդ օրը «Միկան» մրցեց Ղազախստանի «Տոբոլի» հետ, որը 2-1 հաշվով հաղթել էր Ուզբեկստանի չեմպիոն «Բունեդկորին»: Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար «Միկային» այդ խաղում հաղթանակ էր անհրաժեշտ, ուստի առաջին րոպեներից թիմը դիմեց վճռական գործողությունների: Արդյունքը սպասեցնել չտվեց: 24-րդ րոպեին Նարեկ Բեգլարյանը մենմենակ դուրս գալով դարպասապահի դիմաց, բացեց հաշիվը: Ցավոք, խփած գոլից հետո «Միկան» թուլացրեց ճնշումը մրցակցի դարպասի վրա, հետ քաշվեց, որի արդյունքում ղազախ ֆուտբոլիստները 52-րդ րոպեին Յուրինի հարվածի շնորհիվ վերականգնեցին հավասարակշռությունը:
Բաց թողած գոլից հետո «Միկան» կրկին ակտիվացավ եւ շուտով Բոտի Դեմելը խառը իրադրությունից գրավեց դարպասը: Թվում էր, թե այս անգամ «Միկան» այլեւս չի կրկնի առաջին խաղակեսում թույլ տված սխալը: Սակայն ցավոք պատկերը կրկնվեց: Փորձելով պահպանել հաղթական հաշիվը, թիմի գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանը հարձակվող Նարեկ Բեգլարյանին փոխարինեց պաշտպան Հայկ Իշխանյանով: Թիմը գրոհները կառուցեց հակագրոհների վրա եւ դրանցից մեկի ժամանակ Աղվան Մկրտչյանը կարող էր վճռել հանդիպման ելքը: Նա մենմենակ դուրս եկավ դարպասապահի դիմաց ու փորձեց գրավել դարպասը: Դարպասապահը հետ մղեց գնդակը, իսկ 2-րդ հարվածով Աղվանը չկարողացավ գրավել արդեն դատարկ դարպասը: Հետեւեց մրցակցի հակագրոհը եւ Վոլկովը գլխի հարվածով կրճատեց հաշիվըՙ 2-2: «Միկան» կարող էր կորզել հաղթանակը, սակայն վերջին րոպեին Ալեքսանդր Թադեւոսյանի տուգանային հարվածից հետո գնդակը դիպավ ձողին:
«Միկայի» կազմն այսպիսին էր. Գեւորգ Կասպարով, Արմեն Պետրոսյան (Էդնեյ, 57), Անդրանիկ Ոսկանյան, Հրայր Մկոյան, Գեւորգ Պողոսյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Ալեքս, Կոնստանտին Մանդրիչենկո (Գրիգոր Մկրտչյան, 61), Աղվան Մկրտչյան, Նարեկ Բեգլարյան (Հայկ Իշխանյան, 69), Բոտի Դեմել :
Այսպիսով, «Միկան» ձեռքից բաց թողեց հաղթանակը եւ հայտնվեց չափազանց ծանր իրավիճակում: Այժմ քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճելու համար «Միկան» նախ պետք է այսօր կայանալիք վերջին խաղում հաղթի «Բունեդկորին» հնարավորինս գնդակների մեծ առավելությամբ, իսկ «Սկոնտոյի» եւ «Տոբոլի» մրցավեճում չգրանցվի ոչ-ոքի: Նշենք, որ «Սկոնտո»-«Բունեդկոր» խաղն ավարտվել է ոչ-ոքիՙ 1-1:
Մասնակից թիմերից մեկըՙ Ադրբեջանի չեմպիոն «Ինտերն» արդեն ապահովել է հաջորդ փուլի ուղեգիրըՙ միեւնույն 3-0 հաշվով հաղթելով Ղրղզստանի «Նեւթչիին» եւ Տաջիկստանի «Իստիկլոլին»: 2-րդ ուղեգրին A խմբից հավակնում է մոլդովական «Իսկրա-Ստալը», որն ունի 4 միավոր: Մոլդովական ակումբը ոչ-ոքի (1-1) է խաղացել «Իստիկլոլի» հետ եւ հաղթել է «Նեւթչիին» (1-0):
C խմբում բավական համառ պայքար է ընթանում ուղեգրերի համար: 4-ական միավոր են վաստակել Բելառուսի «Շախտյորը» եւ ՌԴ չեմպիոն «Զենիթը», 3 միավոր ունի էստոնական «Ֆլորան»: Այս խմբում գրանցվել են հետեւյալ արդյունքները. «Զենիթ»-«Ֆլորա»ՙ 1-0, «Նեբիտչի»-«Շախտյոր»ՙ 1-2, «Շախտյոր»-«Զենիթ»ՙ 1-1, «Ֆլորա»-«Նեբիտչի»ՙ 3-0:
D խմբում աղյուսակը գլխավորում է ՌԴ երիտասարդական հավաքականը, որը հանդես է գալիս հաշվարկից դուրս: Ռուսաստանի երիտասարդ ֆուտբոլիստները հաղթել են Լիտվայի «Էկրանասին» (4-2) եւ ֆիննական ՀԻԿ-ին (1-0): Վերջինս 1-0 հաշվով հաղթելով Կիեւի «Դինամոյին», որը հանդես է գալիս 2-րդ կազմով, 3 միավորով 2-րդ տեղում է: 1-ական միավոր ունեն «Էկրանասն» ու Կիեւի «Դինամոն», որոնց մրցավեճն ավարտվեց ոչ-ոքիՙ 1-1:
Մրցաշարային աղյուսակ
B խումբ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Սկոնտո | 2 | 1 | 1 | 0 | 3-1 | 4 |
2. Տոբոլ | 2 | 1 | 1 | 0 | 4-3 | 4 |
3. Բունեդկոր | 2 | 0 | 1 | 1 | 2-3 | 1 |
4. Միկա | 2 | 0 | 1 | 1 | 2-4 | 1 |