Շախմատի Հայաստանի կանանց առաջնության մասնակիցների թիվը կրճատվեց մեկով: Հիվանդության պատճառով մրցաշարից դուրս մնաց մասնակիցներից միակ գրոսմայստեր Նաիրա Մովսիսյանը: Նա չէր ներկայացել 4-րդ տուրի հանդիպմանը, իսկ երբ 5-րդ տուրում Սիրանուշ Անդրեասյանից հերթական` 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց, հրաժարվեց հետագա մասնակցությունից: Քանի որ Մովսիսյանը նախատեսված պարտիաների կեսը չէր անցկացրել, ուստի կանոնակարգի համաձայն նրա հետ կայացած մրցախաղերի արդյունքները չեղյալ են համարվել:
7 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով միանձնյա գլխավորում է միջազգային վարպետ Սիրանուշ Անդրեասյանը: Նա հաշտություն կնքեց Անահիտ Խառատյանի հետ ու հաղթեց Աստղիկ Մեսելջյանին: Առաջատարին մեկական միավորով զիջում են Անահիտ Խառատյանն ու Լիա Մարտիրոսյանը: Խառատյանը 2 հաղթանակ տոնեց Նարինե Գասպարյանի եւ Արմինե Բաբայանի նկատմամբ: Մարտիրոսյանը 5-րդ տուրում հաշտություն կնքեց Մեսելջյանի հետ, ապա պարտության մատնեց Մարիա Գեւորգյանին ու Բաբայանին:
3-ական միավորով հաջորդ տեղերում են Նարինե Գասպարյանը, Շուշան Սարգսյանը եւ Մարիա Գեւորգյանը: Նրանց կես միավոր են զիջում Աստղիկ Մեսելջյանը, Վարդուհի Քալաշյանն ու Արմինե Բաբայանը: