Լատվիացի փորձառու գրոսմայստեր Եվգենի Սվեշնիկովի հաղթանակով ավարտվեց շախմատի ակադեմիայում անցկացված ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը: 10 մասնակիցների մեջ միակ գրոսմայստերը ցույց տվեց լավագույն արդյունքըՙ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր: 8-րդ տուրում նա հաշտություն կնքեց Կիրիլ Ալեքսեենկոյի հետ, իսկ ավարտական մրցախաղում հաղթեց Դավիթ Քալաշյանին:
6 միավորով 2-րդ տեղը գրավեց ռուսաստանցի Նիկիտա Մատինյանը: Նա հաղթեց իրանցի Համեդ Մոսավիանին եւ ոչ-ոքի խաղաց Հովհաննես Գաբուզյանի հետ: 5-ական միավորով 3-4-րդ տեղերը բաժանեցին Համեդ Մոսավիանը եւ Գրիգոր Դիլանյանը: Հովհաննես Գաբուզյանը, որ մեկնարկում առաջատարներից մեկն էր, հետագա անհաջող ելույթների պատճառով 4,5 միավորով բավարարվեց միայն 5-րդ տեղով: Հաջորդ տեղերը զբաղեցրին 4-ական միավոր ունեցող Դավիթ Շահինյանը, Կիրիլ Ալեքսեենկոն, Ռոբերտ Աղասարյանն ու Յուրի Համբարձումյանը: 1,5 միավորով աղյուսակը եզրափակեց Դավիթ Քալաշյանը: