Շուտով մեկ տարի կլինի, ինչ «Օլիմպ» ԱԿ-ը զրկվեց Աբովյան 4 հասցեում գտնվող իր սեփական տարածքից: Տվյալ տարածքը 2007-թ կառավարության որոշմամբ համարվել էր հանրային գերակա շահ եւ տարածքի ձեռքբերող էր ճանաչվել «Ավո ՖՄՀ» ՍՊ ընկերությունը (նույն ընկերությանն է պատկանում նաեւ Աբովյան-Արամ փողոցներին հարող ողջ հատվածը): «Ավո ՖՄՀ» ՍՊ ընկերությունը հրաժարվեց համարժեք փոխհատուցում տալ սեփականատիրոջը եւ դիմեց դատարան «Օլիմպ» ԱԿ-ի սեփականության իրավունքը դադարեցնելու եւ տվյալ տարածքից վտարելու պահանջով: «Օլիմպ» ԱԿ-ը ապօրինաբար վտարվեց, գույքն էլ երկար ժամանակով առգրավվեց, ինչը ուղղակիորեն կես տարուց ավելի կասեցրեց «Օլիմպ» ԱԿ-ին պատկանող Միլանո խանութի գործունեությունըՙ հսկայական նյութական վնասներ պատճառելով: Փոխարենը, «Ավո ՖՄՀ» տնօրեն Ավետիս Կարագուլյանը իր բացառիկ հարցազրույցում /http://www.hraparak.am/2010/07/12/nver-chem-talu-da-moraceq/ գոհունակությամբ հայտնում է, որ պետք է ուրախ լինել, որ իրենց տներից տեղահանված մարդկանց փոխարեն նույն տեղում կառուցվող էլիտարներում բնակարաններ են գնում հայաստանցիները:
Ավետիս Կարագուլյանը դեռ հանդգնում է նվերներից խոսել, իսկ եթե հաշվենք, թե ի՞նչ աստղաբաշխական շահույթներ է ստանում նա, հրաժարվելով սակայն նվազագույն փոխհատուցում տալ սեփականատերերին: Փաստորեն, Կարագուլյանի համար նվերըՙ փոխհատուցում տալն է: Փոխհատուման մասին. համաձայն օրենքի, փոխհատուցումը պետք է լինի համարժեք, տրվի նախապես եւ օտարման գործընթացը չպետք է չհիմնավորված վնաս պատճառի սեփականատիրոջը:
Հ. ՂՈւԿԱՍՅԱՆ
Խմբ. կողմից - Կրճատումներով հրապարակելով Հ. Ղուկասյանի նամակը, հիշեցնում ենք, որ հիշյալ կառուցապատողից իրենց դժգոհություններն են մեր թերթում մի քանի անգամ հայտնել իրացման գոտում բնակվող այլ քաղաքացիներ եւս: