Հայկական հեռուստաալիքներն այսօր լցված են տարբեր սերիալներով` հայկական, բրազիլիական, մեքսիկական եւ այլն: Դրանք նայում են ե՛ւ մեծերը, ե՛ւ փոքրերը: Չնայած շատերը բողոքում են սերիալների առատությունից, պարզունակ սցենարներից, բայց բողոքելով հանդերձ` շարունակում են նայել: Հոգեբան Խաչատուր Գասպարյանն ասում է, որ սերիալները մարդկանց վրա ունենում են դրական ու բացասական ազդեցություն: Սերիալների միջոցով հեռուստադիտողը տեղափոխվում է ուրիշ իրականություն, որտեղ մոռանում է իր հոգսերն ու դժվարությունները: «Սերիալների մշակույթն ընդունված է ամբողջ աշխարհում», երեկ «Հենարան» ակումբում ասաց հոգեբանը: Ինչ վերաբերում է սերիալների դաստիարակչական կողմին, հոգեբանն ասում է, որ պատանիներն ու երեխաները կարող են սերիալներից վերցնել այնպիսի գծեր, որոնք հասարակության համար չարիք կլինեն, օրինակ` հաշվեհարդարի ձեւը եւ այլն: Հոգեբանը պատմեց, որ սերիալների ազդեցության տակ մի երեխա նույնիսկ փորձել է ինքնասպանություն գործել. «Բարեբախտաբար, ինքնասպանության փորձը հաջողությամբ չի ավարտվել»: Եթե անգամ մի երեխայիՙ սերիալներ նայելուց հետո ինքնասպանությունը թվացել է իրավիճակից դուրս գալու ելք, ապա հեռուստաընկերությունները մտածելու շատ բան ունեն: Պատանիները երբեմն սերիալներից վերցրած վարքով են սկսում շփվել իրար հետ: Ճի՛շտ է, դրական կողմ է, երբ հանդիսատեսը մի պահ կտրվում է իրականությունից ու իր խնդիրներից, բայց դա էլ պետք է չափի մեջ լինի:
Խ. Գապարյանն իր պրակտիկայից մի դեպք պատմեց, երբ իր մոտ մի կին է եկել ու ասել, որ ամուսնուց սերիալների պատճառով է բաժանվել: Ամուսինը որոշել է կնոջ հետ 2 ամսով տեղափոխվել գյուղ, որտեղ կինը չէր կարողանալու նայել իր սիրելի սերիալը: Կինը չի համաձայնել, ամուսինն էլ ասել է. «Կա՛մ ես, կա՛մ սերիալը», կինը ընտրել է սերիալը: Ամուսինը գնացել է տնից, անցել է 2 օր, տուն չի վերադարձել, հետո ուրիշի խորհրդով կինը դիմել է հոգեբանին: Իհարկե, նրանց բաժանվելու իրական պատճառները հավանաբար ավելի լուրջ են եղել, բայց սերիալն էլ իր հերթին է առիթ դարձել:
Ըստ Խ. Գասպարյանի` սերիալներն ունեն թաքնված մեսիջներ, որոնց հասցեատերը դիտողներն են: Հոգեբանը երեխաների դաստիարակության հարցում կարեւորում է նաեւ ընտանիքի դերը: Սերիալներին կապված խնդիրը միայն հեռուստատեսությանը չի վերաբերում: Ծնողներն էլ իրենց հերթին պետք է հետեւեն, թե ինչ են նայում երեխաները: Խ. Գասպարյանի փոխանցմամբ` ամբողջ աշխարհում մեծացել է կախվածությունը հեռուստատեսությունից եւ համակարգչից:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն էլ նշեց, որ Հայաստանում տարեկան ընդամենը 3-4 ֆիլմ է նկարահանվում, այնինչ ունենք 15-ից ավելի հեռուստաընկերություններ, որոնց թվի համեմատությամբ շատ քիչ են նկարահանվող ֆիլմերը: Բացի դրանից` հիմա հեռուստաընկերություններին ձեռնտու է ցուցադրել սերիալներ նախ այն պատճառով, որ դրա պահանջարկը կա, սերիալների հեղինակությունը բարձր է, լսարանը` մեծ, հետեւաբար դրանց արանքներում դրվող գովազդներն էլ` ավելի թանկ: Նման փոխշահավետ պայմաններում ընդհանուր հաշվով` չի շահում միայն հեռուստադիտողը:
Ի. Պ.