«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2011-01-21 | #10, 2011-01-22 | #11, 2011-01-25


ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍՈՒԴԱՆԸ ՔՎԵԱՐԿԵԼ Է ԱՆԿԱԽԱՑՄԱՆ ՕԳՏԻՆ

Սուդանի հարավային շրջանների բնակչությունը մեկ շաբաթ տեւած հանրաքվեի ընթացքում քվեարկել է անկախացման օգտին: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:

Հանրաքվեի արդյունքները պաշտոնապես համարվում են նախնական, քանի որ հաշվարկված է քվեների միայն 98,7 տոկոսը: Քվեարկության մասնակիցների 98,8 տոկոսը անկախության կողմնակից է: Այնպես որ էական փոփոխություն չի կարող լինել: Մոտ ժամանակներս քվեաթերթիկները մեկշաբաթյա ստուգման կուղարկվեն Սուդանի մայրաքաղաք Խարթում:

Սպասվում է, որ Հարավային Սուդանը իրեն պաշտոնապես անկախ կհայտարարի հուլիսի 9-ին: Երկրի հյուսիսի եւ հարավի իշխանությունները մոտ ժամանակներս պետք է որոշեն սահմանագծման եւ նավթի պաշարների բաժանման հարցերը: Նավթի մեծ մասը գտնվում է հարավում, բայց մինչեւ օրս տեղափոխվում էր հյուսիսային շրջաններ, որոնք էլ ստանում էին հիմնական եկամուտը: Առայժմ հայտնի չէ, թե ում բաժին կընկնի սահմանային Աբեյ վիճելի շրջանը:

Սուդանում մոտ 20 տարի քաղաքացիական պատերազմ էր: 2005-ին կառավարությունը եւ հարավցի անջատականները կնքեցին հաշտության համաձայնագիր, որով նախատեսվում էր անցկացնել անկախության հանրաքվե: Վերլուծաբանները կարծում են, որ Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը ստիպված կատարում է համաձայնագիրը, որպեսզի բարի համբավ ձեռք բերի Արեւմուտքում: Նախագահի զիջման մյուս պատճառն այն է, որ նա անկարող է զսպել անջատականներին:

Բացի դրանիցՙ Օմար ալ Բաշիրը հայտարարել է, որ հարավի անջատումից հետո ինքը շարիաթը դարձնելու է հյուսիսի օրենսդրության հիմքը, իսկ արաբերենը պետք է լինի միակ պետական լեզուն: Ներկայումս Սուդանում, շարիաթից բացի, ընդունվում է այսպես կոչված «ժողովրդի ընդհանուր համաձայնությունը», իսկ արաբերենից բացիՙ պետական կարգավիճակ ունեն անգլերենը եւ տեղական ժողովուրդների լեզուները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4