«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2011-01-21 | #10, 2011-01-22 | #11, 2011-01-25


ԻՆՉ ՀՆԱՐԱՎՈՐ ԷՐ 1-2 ԱՄՍՈՒՄ, ՉԷՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ 3 ՏԱՐԻ

Գյուղացիները ստացան պետության տրամադրած սուբսիդիաները

Մոտ 3 տարի առաջՙ 2008-ին Հայաստանի կառավարությունը նախաձեռնեց գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական նախագիծը: Հայտնի է, որ գյուղատնտեսության ցածր շահութաբերության, անհրաժեշտ գրավի բացակայության եւ վարկերի բարձր տոկոսադրույքների պատճառով բազմաթիվ գյուղացիական տնտեսությունների համար վարկերն անհասանելի են: Հենց այդ նպատակով էլ մշակվեց վերոնշյալ ծրագիրը, սուբսիդիաների տրամադրման համար ընտրվեցին սահմանամերձ եւ բարձրլեռնային վայրերում գտնվող 60 գյուղական համայնքներ, որտեղ շատ են նաեւ սոցիալապես անապահով ընտանիքները: Մասնավորապես, խոսքը Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի եւ Շիրակի մարզի Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջանների գյուղական համայնքների մասին է:

Ո՞րն էր ծրագրի իմաստը: Այդ համայնքներում գյուղատնտեսական նպատակներով առեւտրային բանկերից ու վարկային կազմակերպություններից վերցրված վարկերի տոկոսադրույքի 10 տոկոսը պետք է սուբսիդավորեր պետությունը: Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 100 միլիոն դրամ: Ծրագրի իրականացումն էլ հանձնարարվեց ֆինանսների նախարարության գյուղական ֆինանսավորման կառույց (ԳՖԿ) ծրագրի իրականացման գրասենյակին:

Սակայն գործընթացի մեկնարկից մեկ տարի անց 100 մլն դրամից տեղաբաշխվել էր ընդամենը 653 հազար դրամը: Ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ կատարեց իր որոշման մեջ: Ծրագրի իրականացման առաջին փուլում սուբսիդավորվում էին միայն բանկերի եւ վարկային կազմակերպությունների տված վարկերը, իսկ նոր որոշմամբ սուբսիդավորման ենթակա էին նաեւ միջազգային ֆինանսական կառույցներից (բացառությամբ Համաշխարհային բանկից ստացված միջոցների) ներգրավված գումարների տոկոսադրույքները: Բացի դրանից, վերոնշյալ գյուղական համայնքների այն բոլոր բնակիչների համար, որոնք հայտ ստանալու պահից սկսած վերջին երեք տարիների ընթացքում վարկ են վերցնում առաջին անգամ, վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվում է ամբողջությամբ: Այսինքն, գյուղացուն տրվում է անտոկոս վարկ:

Տոկոսադրույքի սուբսիդավորման հայտը բանկերը կամ վարկային կազմակերպությունները պետք է ներկայացնեին ֆինանսների նախարարության գյուղական ֆինանսավորման կառույց ծրագրի իրականացման գրասենյակ: Վերջինս էլ պարտավոր է հայտը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում բավարարել եւ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը փոխանցել վարկառուի անհատական հաշվին:

Սակայն, այս փոփոխություններից հետո նույնպես, գումարների չնչին մասն էր հասել գյուղացիներին: 3 տարվա ընթացքում 100 մլն դրամից նրանք ստացել էին ընդամենը 15 տոկոսըՙ 15 մլն 600 հազար դրամ: Կառավարության անցյալ տարեվերջի նիստերից մեկի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն անթույլատրելի համարեց այն իրավիճակը, երբ պետությունը միջոցներ է գտնում գյուղացիների համար, բայց որոնք չեն հասնում նրանց: Նրա հանձնարարությամբ ֆինանսների նախարարը 10 օրվա ընթացքում կառավարությանը ներկայացրեց կառուցվածքային եւ կադրային փոփոխությունների առաջարկ, հիշյալ իրավիճակը շտկելու համար: Կառուցվածքային փոփոխություններից եւ ԳՖԿ գրասենյակի տնօրենի փոխվելուց հետո, ընդամենը 1-2 ամսվա ընթացքում 60 լեռնային եւ սահմանամերձ գյուղական համայնքներում բնակիչները ստացան սուբսիդավորման գումարները:

Նույն գյուղացիները, որոնք մի շարք գյուղեր այցելած «Հրապարակում» հաղորդմանը հայտնում էին, որ լսել են պետության կողմից իրենց սուբսիդիա տրամադրելու որոշման մասին, բայց չէին ստացել դրանք, գումարները ստանալուց հետո արդեն, նույն հաղորդման մեջ իրենց գոհունակությունն էին հայտնում:

Հարկ է ընդգծել, որ սուբսիդավորման տրամադրումը ճիշտ ժամանակին եղավ նաեւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ անցած տարին խիստ անբարենպաստ էր գյուղատնտեսության եւ գյուղի համար: Ենթադրելի է, որ սուբսիդիաների շնորհիվ գյուղում շրջանառու միջոցների ավելացումը կաշխուժացնի նաեւ գյուղական վարկավորման ծավալները: Այսինքն, այս ծրագրից գյուղատնտեսական արտադրանքի վրա որոշակի հետադարձ արդյունք պետք է սպասել արդեն այս տարի: Հուսանք, որ կառավարությունն ավելի հաճախ կընտրի ուղղակի օժանդակության տարբերակը եւ հետեւողական կլինի, որ այն առանց ուշացման հասնի հասցեատիրոջը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4