«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2011-01-21 | #10, 2011-01-22 | #11, 2011-01-25


ԱՐՈՆՅԱՆՆ ՈՒ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՌՅԱԿՈՒՄ ԵՆ

Վեյք Ան Զեեի շախմատի մրցաշարում հաջող մրցելույթներն են շարունակում Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանըՙ տեղ զբաղեցնելով առաջատար եռյակում:

Ուժեղագույնների մրցաշարի 7-րդ տուրում մեծ հետաքրքրություն էր ներկայացնում Լեւոն Արոնյանի մրցավեճը ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Ինչպես հայտնի է, գարնանը Կազանում կայանալիք հավակնորդների մրցաշարի քառորդ եզրափակիչում Արոնյանի մրցակիցը հենց Գրիշչուկն է: Հայ շախմատիստն իրեն հիանալի դրսեւորեց եւ սեւ խաղաքարերով հաղթանակ տոնեց: 8-րդ տուրում Արոնյանը կրկին սեւերով ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: 8 տուրից հետո Արոնյանը 5 միավորով Վլադիմիր Կրամնիկի, Մագնուս Կառլսենի եւ Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ բաժանում է 3-6-րդ տեղերը:

Աղյուսակը 5,5-ական միավորով գլխավորում են ճապոնացի Հիկարու Նակամուրան եւ հնդիկ Վիշվանաթան Անանդը: Նակամուրան 7-րդ տուրում հաղթեց Յան Սմիթսին, իսկ ահա հաջորդ մրցախաղում կրեց անդրանիկ պարտությունըՙ սեւերով զիջելով Մագնուս Կառլսենին: Վերջինս նախորդ տուրում հաշտություն էր կնքել Անանդի հետ:

1,5 միավոր վաստակեց Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Նա ոչ-ոքի խաղաց Էրվին Լ՚ Ամիի հետ եւ պարտության մատնեց Յան Սմիթսին: 4,5 միավորով 7-րդ տեղում է Յան Նեպոմնյաչնին, որը միավորները բաժանեց Ռուսլան Պոնոմարյովի ու Էրվին Լ՚ Ամիի հետ պարտիաներում: 4-ական միավոր ունեն Ռուսլան Պոնոմարյովն ու Անիշ Գիրին: 2-ական միավորով աղյուսակը եզրափակում են Յան Սմիթսն ու Ալեքսանդր Գրիշչուկը:

B խմբի մրցաշարի մասնակից Գաբրիել Սարգսյանը 8 տուրից հետո 5 միավորով Զախար Եֆիմենկոյի եւ Ռադոսլավ Վոյտաչեկի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը: 7-րդ տուրում Գաբրիելը երկարատեւ պայքարից հետո հաղթեց Ֆրիսո Նիյբոերին: 8-րդ տուրում հայ շախմատիստի մրցակիցն առաջատարներից մեկն էրՙ անգլիացի գրոսմայստեր Լյուկ Մակշեյնը: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Սարգսյանը նպաստեց Ուեսլի Սոյի առաջատարի դիրքում ամրապնդվելուն: Վերջինս 4 անընդմեջ հաղթանակների շնորհիվ 6 միավորով միանձնյա գլխավորեց աղյուսակը: Սոն վերջին 2 հաղթանակները տոնեց Դավիթ Նավարայի եւ Վուտեր Սպուլմանի նկատմամբ: Առաջատարին կես միավոր է զիջում Մակշեյնը:

Երեկ մրցաշարում հանգստյան օր էր: Այսօր շախմատիստները կանցկացնեն 9-րդ տուրի մրցախաղերը: Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղալու է Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովի հետ, որը 2,5 միավորով 12-րդ տեղում է: Գաբրիելի մրցակիցը կլինի 5 միավոր ունեցող լեհ գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաչեկը: Մրցաշարի ավարտին մնացել է 5 տուր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4