ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայաստանում մի շարք զուգահեռ եւ առաջին հայացքից անհասկանալի գործընթացներ են տեղի ունենում: Նախ` իշխանությունների տարբեր գործողությունների հետեւանքով ավելանում է դժգոհների թիվը. ասենք, փողոցային առեւտրի դեմ պայքարից բավական մեծ թվով մարդիկ զրկվում են օրվա մի կտոր հացը վաստակելու հնարավորությունից: Զուգահեռ` պաշտոնափոխություններ են լինում, որոնք, թվում է, պետք է ծառայեն կառավարման ձեւի ավելի ժողովրդավարացմանը, բյուրոկրատական քաշքշուկից հասարակ մարդուն ազատելուն, սակայն պաշտոնափոխություններից շատերի դեպքում ակնհայտ հասկանալի չէ դրանց դրդապատճառը, քննախույզ հայացքն էլ բոլորովին այլ` առավել սուբյեկտիվ դրդապատճառներ է նկատում: Զուգահեռ գործընթացներ կան կուսակցություններում, բայց էլի դրանց շարժառիթները ոչ թե ժողովրդի վիճակի թեթեւացման հեռահար խնդիր են դնում, այլ ապագա ընտրություններին կարկանդակի մեծ կտոր պոկելու մեն- միակ գերնպատակ: Նորմալ եւ ինստիտուցիոնալ երկրում, տնտեսական ճգնաժամի հետեւանքները վերացնելու այսպիսի սոցիալական բեռ ուսած իշխանությունները բոլոր գործընթացները դժգոհությունների ալիքը չեզոքացնելու ուղղությամբ պետք է տանեին, սակայն մերոնց գործողություններն ու հասարակական գործընթացները բացարձակ անսինխրոն են: Այսինքն` հասարակությունները իրենց բողոքի կամ վարվող քաղաքականությունից դժգոհության արտահայտման միջոցով պիտի որ ուղղորդեն ե՛ւ կուսակցություններին, ե՛ւ իշխանություններին` փոփոխություններ անելու, իսկ մեզ մոտ հակառակն է, կամ ավելի շուտ` այդ երկուսն իրարից անկախ, հաճախ հակառակ պրոցեսներ են: Իշխանությունն ինքն իր համար ինչ-որ բարեփոխումներ է անում, համենայն դեպս` այդպես ասում է, որոնք չգիտես, թե ինչին են ուղղված կամ ո՞ր միջազգային կառույցին դուր գալու համար են, փոխանակ հասարակության բարեկեցության ու հարմարավետության զարգացմանը ծառայեն: Կամ այս կամ այն պաշտոնում մեկ պաշտոնյային հանելով ու դրա որակի այլ մեկին նշանակելով` ի՞նչ խնդիր են լուծում, անհասկանալի է մնում հասարակության համար: Ամեն օր նոր առիթներ են ստեղծվում բողոքողների ու դժգոհների շերտերը համալրելու ուղղությամբ, թվում է անգամ, որ մեր իշխանությունը չգիտի իր շահն ու ինքն իր դեմ է գործում: Հենց թեկուզ վերցնենք քաղաքապետարանի գործելակերպը. ասենք` համաձայն ենք, փողոցային առեւտուրը տգեղ է եւ աչքի համար անհանդուրժելի:
Սակայն եթե այս պահին դա կարող է մի հսկա շերտ մարդկանց խնդիրները լուծել, եւ եթե մանավանդ այդ մարդկանց ոչ ոք համարժեք ոչինչ չի առաջարկում` ի՞նչ կարիք կար հենց հիմա անխիղճ պայքար սկսելու փողոցային առեւտրի դեմ, եթե միայն այլ խնդիր չեն լուծում մեր քաղաքի բարձր պաշտոնյաները: Այսքան հանդուրժել էին` մի որոշ ժամանակ էլ կհանդուրժեին փողոցային առեւտուրը, մինչեւ որ թանկացումների դեմ մի դարման գտնվեր: Օրինակ` նույնիսկ Եվրոպայի սրտում` Բրյուսելում փողոցային առեւտուր կա, հատկապես կիրակի օրերը, որտեղ անապահով, սուպերմարկետներից ու թանկ խանութներից գնում կատարել չկարողացող մարդիկ կարողանում են էժան ապրանքներ եւ սննդամթերք ձեռք բերել: Սակայն մերոնք ուզում են պապից ավելի պապական լինել եւ արդյո՞ք բարեփոխման շարժառիթով միայն, թե սուպերմարկետային մենաշնորհացվող շահերի լոբբիինգին տրված, որ մարդիկ այլ ուղի չունենան, բացի «Լֆիկնոցների քաղաքակիրթ» առեւտուրը, ա՞յս մենաշնորհներին է աջակցում քաղաքապետարանը` նախապես Երեւանի մասին ընդունած օրենքով մեջքն ամրապնդած: Իսկ տուն պահող, օրական 2-3 հազար դրամ վաստակող մարդու հերն էլ անիծած: Այլապես` սովորական տրամաբանությանն ականջալուր` մարդկանց ցույց կտային ոչ թե հեռավորության տեսակետից անհարմար շուկաները, որտեղ ե՛ւ տեղի վարձն է թանկ, ե՛ւ նրանց վաճառած 5-10 կգ ապրանքն անիմաստ է դառնում վաճառելը, եւ էժան գնորդն այդ շուկաները չի այցելում, այլ բակերում հարմարություններ կստեղծեին, ասենքՙ փոքրիկ շուկաներ, մարդիկ իրենց օրվա հացի վաստակի աղբյուրը չէին կորցնի եւ չէին համալրի Կարապետիչի հանրահավաքի շարքերը:
Կամ` պաշտոնափոխությունները. էլի ենք գրել` եթե դա նրա համար է, որ իշխանությունն ավելացնի իր վստահության տոկոսը, գոնե մեկ-երկու` հասարակության վստահությանն արժանի անուն կլսեինք շրջանառվող անունների կամ արդեն նշանակվածների թվում: Բայց ոչ, իշխանությունը փոխում է «մեշոկները»` առանց պարունակության մասին մտածելու: Եվ իզուր: Ընտրություններից առաջ վարկանիշ է, որ կորցնում է, եւ երանի միայն այդ լիներ, երկիրն իսկապես նեղ վիճակից հանելու շանսն է կորցնում:
Կուսակցությունների մասով: Ամեն օր լսում ես, թե ԲՀԿ-ին միացավ կամ կմիանա այս կամ այն կուսակցությունը. միացել է Ուրիխանյանը` «Առաջադիմական կուսակցությունը», հունվարի 29-ի համագումարում էլի ԲՀԿ-ին կմիանա Հայաստանի երիտասարդական կուսակցությունը` նախագահ Վահան Բաբայանով, հետո էլ գուցե Սամվել Բաբայանը գա ներս. ինչ-որ կուսակցությունիկներ օր առաջ փորձում են տեղավորվել հզոր «կռիշաների» տակ, ու այս միացումները չի երեւում, թե ի՞նչ հարց են լուծում: Եթե բոլորի ասած 70 կուսակցությունները կրճատելու եւ այդպես հասարակության աչքին մի փոքր դուր գալո՞ւ, է, գրագետ մարդուն չես խաբի` եթե այդ բարի նպատակը լիներ իսկապես... պուճուրների մեջ մի հզոր տեր փնտրելու մի հարայհրոց է սկսվել` ոչ հասարակության շահի համար անշուշտ:
Նույնը կարելի է ասել արմատական ընդդիմության` բազմագլուխ դարձող ճամբարում: Վերը մեր նշած եւ բազմաթիվ պատճառներով օրավուր ստվարացող դժգոհների բանակը բոլորն ուզում են օգտագործել, իսկ դեպի հետ նետված հայացքի փորձն ասում է` երբեք ոչ ամենեւին դժգոհների խնդիրները լուծելու, այլ սեփական կուսակիցներին ապահով տեղավորելու համար կարկանդակի շուրջը: Մինչդեռ ժամանակները փոխվում են, տեղեկատվության հասանելիության ներկա իրականությունը պետք է մեր քաջնազարներին հուշի, որ եթե ծրագիր չունես, եւ չգիտես ինչպես ես լուծելու կուտակված սոցիալական խնդիրները, դա կարող է ավարտվել «Թվիթերյան» հեղափոխությամբ, որ մեր երկրի նման երկիրը կարող է տանել քաոսի ճանապարհով: Երեկ «Թվիթերյան» անվանված հեղափոխությունը մտավ Եգիպտոս, սակայն արաբական երկրներում դժգոհ շերտերի` որոշ առումով ինֆորմացիոն կայքերի միջոցով ղեկավարվող գործընթացները ցույց են տալիս, որ ընդդիմադիր տեսակետներ չտարածող հեռուստատեսությունների բացակայությունն այսօր չի կարող դեր ունենալ տեղեկատվության առումով, ինտերնետն այսօր կառավարում է աշխարհը, եւ արաբական հեղափոխականների վիրուսը կարող է վարակիչ լինել: Ի դեպ, երեկ Եգիպտոսում արգելափակվել է Թվիթերը: Սակայն խնդիրն այն է, որ այս ավտորիտար պետություններում, ուր տասնամյակներով նույն մարդիկ են իշխել, լրիվ փակ համակարգերը, բախվելով արտաքին տեղեկատվական կառավարմանը եւ տասնամյակներով կուտակված դժգոհության լիցքին, փուլ են եկել, սակայն այդ երկրներում դեռ երկար կիշխի քաոսը, եւ դժգոհների խնդիրները դեռ երկար ոչ ոք չի լուծի: Իսկ մենք այդպիսի քաոս արդեն տեսել ենք երկու տասնամյակ առաջ, ու այդ վիճակին վերադառնալը մեզ համար հետքայլ կլիներ, մեզ այդպիսի իրավիճակը հակացուցված է, մեզ հարկավոր է տրամաբանված, պլանավորված, ամեն ինչ հաշվարկած փոփոխություն: Սակայն, ինչպես երեւում է, մեր իշխանությունները չեն ըմբռնում ամեն օր Հայաստանի սոցիալական վիճակի վատթարացման նոր ցուցանիշի, դժգոհության նոր պատճառների վտանգավորությունը, այլապես գների անվերահսկելի բարձրացում, մաքսատուրքերի ավելացում, փողոցային առեւտրի դեմ այս կարգի` չսիստեմավորված պայքարը հետամանորյա մեր բեւեռացման եւ աղքատացման ֆոնին թույլ չէին տա: Արդյոք սոցիալական լարվածությունը Հայաստանում կարո՞ղ է բերել ցնցումների, արդյո՞ք դժգոհներին օգտագործելու պատրաստակամ քաղաքականները հասկանում են, թե որքան վարակիչ կարող է լինել թունիսյան սինդրոմը, մանավանդ որ մեր տարածաշրջանում եւ հատկապես Հայաստանում այդպիսի խաղեր խաղալու պատրաստ արտաքին ուժերի պակաս չկա: