Բարոզուի` Բաքու կատարած այցից մեկ շաբաթ անց «Գազպրոմի» նախագահ Ալեքսանդր Միլլերը ոչ թե եկավ Ադրբեջան, այլ Ռուսաստան կանչեց ադրբեջանական պետական նավթագազային ընկերության` SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաեւին: Վերջինս, ի դեպ, ընկերության «գլխավոր նախագահը» չէ. այդ պաշտոնը, ինչպես ամեն ադրբեջանականում, Իլհամ Ալիեւինն է: Միլլերն ու Աբդուլաեւը պայմանավորվեցին, որ Ռուսաստանը 2011-ին կմեծացնի ադրբեջանական գազի գնման ծավալները 2,5 անգամ` հասցնելով տարեկան 2 մլրդ խորանարդ մետրի, իսկ արդեն մինչեւ 2030-ը այդ թիվը կհասնի տարեկան 16 մլրդ խորանարդ մետրի: Ինչպես գրեցին ռուսական ԶԼՄ-ները. «Այսպիսով Մոսկվան ձեռքն է քցում կասպյան տարածաշրջանի ողջ արտահանման ներուժը` չթողնելով ոչ մի ռեսուրս ՆԱԲՈւԿԿՈ եվրոպական նախաձեռնության համար»: Եթե վերհիշենք վարչապետ Պուտինի խոսքերը ՆԱԲՈՒԿԿՈ-ի վերաբերյալ թե «ինչո՞վ է լցվելու այդ հավանական գազատարը», ապա այնքան էլ հասկանալի չի դառնում, թե ի՞նչ էր անում հունվարի 13-ին Բաքվում Մանուել Բարոզուն: Սակայն ակնհայտ է, որ Բաքուն, լավ թրծվելով Իրան-Իսրայել խաչմերուկներում եւ երկակի խաղեր խաղալով, այժմ էլ նույնը փորձում է անել Եվրոպա-Մոսկվա «մեծ ճանապարհին»: Սակայն ադրբեջանցի որոշ փորձագետներ փորձում են դեն նետել երկակի խաղացողի պիտակը իրենց երկրից: Այսպեսՙ «Նավթային հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավար Իլհամ Շաբանը «Վեստի.ազ»-ին ասել է. «Այստեղ երկակի խաղ չկա: Բանն այն է, որ նախագահ Ալիեւը Բարոզուի հետ պայմանավորվել է Եվրոպա գազ ուղարկել «Շահդենիզ» կայանից, որը կիրականացվի միայն 2017-ից: Իսկ «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվածությունները վերաբերում են միայն այն գազին, որն ունի SOCAR-ը, այսինքն տարբեր ուղղություններով գազը մեր երկիրն ուղարկելու է տարբեր կայաններից ու պահուստներից»: Ադրբեջանական «Գործարարության եւ շուկայական տնտեսության խթանման ֆոնդ»-ի նախագահ Սաբիդ Բաղիրովը շատ ավելի անկեղծ է ասել. «Առայժմ չկա որեւէ հիմք ասելու, թե Ադրբեջանը երկակի խաղ է խաղում: Բանն այն է, որ ՆԱԲՈՒԿԿՈ-ն դեռ ընդամենը նախագիծ է եւ դեռ երկար ժամանակ այդպիսին կմնա: Իսկ Ադրբեջանին, որն ունի գազային ռեսուրսներ, պետք է ինչ-որ մեկը, որին վաճառի այդ ռեսուրսները: Միեւնույն ժամանակ` մենք պետք է առաջիկա 2-3 տարում կողմնորոշվենք` գազն ուզում ենք վաճառել ՆԱԲՈԻԿԿՈ-ո՞վ, թե՞ Ռուսաստանով»:
Ի դեպ, Ադրբեջանի գործիչները խոսել են նաեւ այն թեմայով, թե որքանո՞վ էներգետիկ նախագծերը ազդեցություն կունենան ղարաբաղյան հակամարտության վրա: Շաբանը, ակնարկելով ղարաբաղյան առկա ստատուս քվոն, ասել է. «Կան քաղաքական, գեոպոլիտիկ շահեր եւ կան տնտեսական շահեր: Ես վերջին 20 տարվա մեջ չեմ հիշում մի դեպք, երբ տնտեսական շահերը որոշիչ լինեն առաջին երկուսի համար»: Բաղիրովի կարծիքով` «Որքան էլ ծանրակշիռ լինեն նավթային պայմանագրերը, դրանք չեն կարող ազդել ղարաբաղյան հակամարտության վրա` կոնկրետ»: