Ռադիկ Մարտիրոսյանը մեկնաբանում է ընտրությունների արդյունքները
Դեկտեմբերի 27-28-ին ԳԱԱ-ում տեղի ունեցավ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություն: 28 թափուր տեղի համար (22 թղթակից անդամ եւ 6 իսկական անդամ) ներկայացվել էր 83 հայտ: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի մեկնաբանությամբ` կային ոլորտներ, որտեղ մեկ թափուր տեղի համար պայքարում էին մի քանի գիտնական: ԳԱԱ ընտրությունների արդյունքները դժգոհություն առաջացրին ոչ միայն գիտնականների, այլեւ հասարակության շրջանում:
Ընտրությամբ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, Գրականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Իսահակյանը, փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պատմական գիտությունների դոկտոր Բաբկեն Հարությունյանը, արեւելագետ, նախորդ տարի աշխարհի 100 առաջավոր գիտնականների ցուցակում հայտնված Նիկոլայ Հովհաննիսյանն ու այլ գիտնականներ բավարար քանակությամբ ձայներ չհավաքեցին:
«Չընտրվածներից ոմանք ասացինՙ «եթե ես չեմ ընտրվել, ապա պետք է ԳԱԱ-ն փակվի», «եթե իմ նման գիտնականը չպետք է լինի ԳԱԱ-ում, ապա ակադեմիայի աշխատանքն անիմաստ է»: Ով էլ լինի, պետք է հասկանա, որ դա ընտրություն է: Դիմողը պետք է ընկալի, որ կարող է եւ չհաղթել: Ընտրված բոլոր անդամները գիտության մեջ բարձր վարկանիշ եւ լուրջ ներդրում կատարած գիտնականներ են: Իհարկե, կան արժանի գիտնականներ, որոնք չընտրվեցին, սակայն պետք է հասկանալ, որ սա ընտրություն է», մեկնաբանում է ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Իրեն քննադատողներին եւ ընտրության արդյունքներից դժգոհողներին էլ խորհուրդ է տալիս. «Որքան ուզում են, թող շարունակեն քննադատել: Անհեթեթություն է խոսել ընտրություններում կեղծիքի մասին: Նման բան ակադեմիայում բացառվում է»:
Ընտրվել են 16 թղթակից անդամ եւ 4 իսկական անդամ: Մնացած 8 տեղը մնացել է թափուր: Մարտիրոսյանի ներկայացմամբՙ տարաձայնություններ են եղել ընտրողների գնահատականների մեջ:
«Ամեն մի ընտրություն սուբյեկտիվ գործընթաց է, արդյունքների վրա հիմնական ազդեցություն ունենում է մարդկային գործոնը, կա մարդկային հարաբերությունների խնդիր», ասաց Մարտիրոսյանը: Այլ կերպ ասած, ԳԱԱ ընտրություններով ակադեմիայի կազմն ընտրվել է նաեւ մարդկային փոխհարաբերությունների, սուբյեկտիվիզմի հողի վրա:
Թեպետ Ռադիկ Մարտիրոսյանն ասում է, որ ընտրական մեխանիզմի արմատական փոփոխումն անընդունելի է, եւ դարերի ընթացքում ձեւավորված ավանդույթը չի կարելի միանգամից խախտել, սակայն ԱԺ ներկայացված ԳԱԱ մասին օրենքում համապատասխան կանոնադրություն կմշակվի նաեւ ընտրական գործընթացների համար:
Համաձայն նոր օրենքիՙ ԳԱԱ-ին պետական լիազորված մարմնի որոշակի գործառույթ կվերապահվի, եւ ակադեմիան ՊՈԱԿ-ի օրենքով չի գործի:
Եթե մինչ հիմա նախագահության կազմը եւ նախագահը ընտրվում էին 5 տարի ժամկետով, եւ միեւնույն անձը երկու անգամ հինգ տարի ժամկետով կարող էր կառավարել ակադեմիան, ապա նոր օրենքով ոչ թե 2, այլ անսահմանափակ ժամկետով կարող է ընտրվել նախագահ:
Բացի դրանից, ԳԱԱ-ին կվերապահվի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու իրավունք: Մայիսին ակադեմիան կրկին կպատրաստվի ընտրությունների: Լրանում է Ռադիկ Մարտիրոսյանի կառավարման հնգամյակը: Երկրորդ անգամ առաջադրվելու մասին Մարտիրոսյանը դեռեւս որոշում չի կայացրել:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ.Գ. ԳԱԱ նախագահին վիրավորել են հրապարակումները, որտեղ ակադեմիան անվանվում է «ծերակույտ»:
Հատուկ նրանց համար Ռադիկ Մարտիրոսյանը հիշեցրեց, որ այդ «ծերակույտի» անդամների գիտական հոդվածները հրատարակվում են միջազգային հեղինակություն վայելող ամսագրերում: Այս տարի հայ գիտնականները կարողացել են ընդհանուր հաշվարկով 1.5 միլիոն դոլարի 70 դրամաշնորհ հաղթել:
2010-ից ԳԱԱ-ն Ֆրանսիայի Ազգային հետազոտությունների կենտրոնի հետ ֆիզիկայի, աստղաֆիզիկայի եւ հնագիտության ոլորտներում համագործակցության պայմանագիր է կնքել: Համագործակցության ծրագրեր կան Գերմանիայի եւ Իտալիայի գիտահետազոտական կենտրոնների ու Ռուսաստանի ԳԱԱ-ի հետ: