Իշխանությունները չգիտես ինչու կարծում են, թե Հայաստանում այլեւս երեխա չի ծնվելու է, իսկ եթե ծնվի, նրան հարկավոր չեն մանկապարտեզ, գրախանութ, գրադարան: Նման շինությունները շուտով մայրաքաղաքում կհամարվեն շքեղություններ. դրանց փոխարեն քաղաքում վեր կխոյանան դատարկ, սակայն բարձրահարկ «էլիտար» շենքեր: Մայրաքաղաքում գրախանութները վաճառելուց, այգիները հատելուց հետո կառավարությունը որոշել է սեփականաշնորհել նաեւ մանկապարտեզները: Սեփականաշնորհված մանկապարտեզի լավագույն օրինակներից է Հերացու փողոցի մանկապարտեզը, որի փոխարեն այսօր վեր է խոյանում «Մեսրոպ Մաշտոց» «համալսարանը»:
Կառավարությունը անցյալ տարվա մարտի 18-ի որոշմամբ «Ոստիկանության տնտեսական վարչության թիվ 1 մանկապարտեզը» ուղղակի վաճառքի ձեւով օտարել է «ԱՎԱԳ ՇԻն» ՍՊԸ-ին:
Քանդված 30-ամյա մանկապարտեզի տեղում ընկերությունը 16-հարկանի շենք է կառուցելու: Այս պահին մանկապարտեզ հաճախողներն ու մանկավարժական կազմը տեղափոխվել են Խորենացի 47 հասցե` 9-հարկանի շենքի առաջին հարկ, որտեղ նրանք անցկացնելու են 2 տարի, մինչեւ «էլիտարը» կկառուցվի: Թեպետ խոստացվել է, որ «էլիտարի» կառուցումից հետո բազմաբնակարան շենքի մեկ հարկը կտրամադրվի մանկապարտեզին, սակայն Նալբանդյան 104 մանկապարտեզի շրջակա շենքերի բնակիչները համոզված են, որ այդ խոստումը ավանդույթի նման հօդս կցնդի: Նշենք, որ սա գերատեսչական մանկապարտեզ է, եւ տարածքի վաճառքի հետ կապված հարցերով զբաղվում է ոստիկանությունը:
Հ. Հ.