- Դու հայ ես:
- Ձենդ կտրիր, հայը դու ես:
Այս «երկխոսությունը» շուրջ քսան տարվա վաղեմություն ունի եւ տեղի է ունեցել Ադրբեջանի խորհրդարանում` պատգամավորներից մեկի եւ բանաստեղծ Բախտիար Վահաբզադեի միջեւ:
«- Երեխաներ, ովքե՞ր են մեր թշնամիները,- հարցնում է մանկապարտեզի ջահել դաստիարակչուհին:
- Հայերը,- խմբով ծոր են տալիս մանուկները:
- Ապրեք, երեխաներ,- քաջալերում է նրանց դաստիարակչուհին»:
Մեջբերումը Մաքսիմ Հովհաննիսյանի գրքից է: Գրողի ճշտապահությանը կարող եք չկասկածել. Ադրբեջանի հեռուստատեսությամբ սփռված այդ պատկերն Արցախում շատերն են տեսել: Բայց գրողը մեկն է եղել, քանի որ բոլորի ընդվզումն այդ ֆաշիստականության դեմ նա պիտի ձեւակերպեր:
Այդպես եղել է ու կա:
«Ինտեր»-ի հաղթանակը «Միկա»-ի նկատմամբ Ադրբեջանում ներկայացվեց այնպես, ասես... Իսկ նախկին կոմունիստական պաշտոոնյա Աֆրանդ Դաշդամիրովն իրեն հայտնի կենդանու տեղ դրած` օրերս «լուրջ-լուրջ տարակուսում էր», թե` «չէ՞ որ մենք չենք պահանջում ազատել Երեւանի տարածքը, որպեսզի փախստականներն այնտեղ վերադառնան, թեեւ Երեւանը ադրբեջանական բազում սերունդների հայրենիքն է»:
Այնպես էր «միամտացել», որ կարծես մենք պահանջում ենք, որ Բաքուն ազատագրվի, չնայած հայ ժողովրդի բազում սերունդների ձեռքով է կերտվել: Պիտի ասեի` «նաեւ», բայց, ահա, չեմ ասում: Քանի որ Ադրբեջանի ոմն «գլխավոր խոհարար», հպարտությունը չթաքցնելով, հարցազրույց է տալիս եւ ասում, որ «խոհարարական պատերազմում» ինքը «շատ լուրջ հաղթանակներ է տանում» եւ մասնավորապես «ապացուցում, որ տոլման վաղնջական ադրբեջանական կերակրատեսակ է»:
Դե, լավ` սրան ի՞նչ անուն տաս:
«Տոլման ադրբեջանական է, խաշը` նույնպես, նաեւ` լավաշը, ադրբեջանական են բոլոր երաժշտական գործիքները, հայերն ամեն ինչ մեզնից են գողացել»,- այս եւ նման կարգի «գոհարներով» հեղեղված է հարեւան երկրի մամուլը: Այս հիվանդությամբ վարակված են բոլորը` նախագահից մինչեւ վերջին «աքինչի»` հողագործ: Չե՞ք հավատում: Խնդրեմ, օրերս Ադրբեջանի «գլխավոր գյուղատնտեսը» հանդես էր եկել «գիտագործնական հիմնավորմամբ» եւ ասել, որ «գրավյալ տարածքներում կրծողներ են բազմանում, որոնք, տեղում ուտելու ոչինչ չգտնելով, անցնում են զորքերի շփման գիծը եւ վնասում մեր աշնանացան արտերը»:
Վաղը եթե Ադրբեջանում բնական մի աղետ լինի, կարելի է չկասկածել` դրա «հետքերը տանելու են դեպի Հայաստան եւ համաշխարհային հայություն»: Եվ, առհասարակ, աշխարհում ինչքան չլուծված խնդիր կա` «պատճառը հայերն են»: Այդպես ասում են, ինքնաբավարարվում: Ու երբ աշխարհում իրենց չեն հասկանում, դարձյալ մեզ են մեղադրում:
Հին իմաստնությունն ասում է. «Ծանիր զքեզ»: Զորակոչել են նախկին ԽՍՀՄ սեւ ուժերին: ՊԱԿ-ի բոլոր պաշտոնաթող գործակալները, ԼՂԻՄ հատուկ եւ արտակարգ դրության շրջանի պարետության «գրդոնչի» սպաները, մի խոսքով` բոլոր «աչքի սուրմա թռցնողները», որոնց Լեռնային Ղարաբաղում հինգ մատի պես գիտեն` ռետրո ոճով դարձել են ադրբեջանական մաս-մեդիայի «փնտրված վիզավի»: Ներառյալ` գեներալ Հենրիխ Մալյուշկինը:
Մնացել է Սաֆոնովը: Փոխարենն ամիսը մեկ պարբերականությամբ վերատպում են Պոլյանիչկոյի կնոջ հետ Աֆրանդ Դաշդամիրովի «մտերմիկ զրույցները»: Եվ չես հասկանում, ինչպե՞ս կարելի է փառաբանել մի մարդու, որի հանդեպ քրեական գործը կարճվել է միայն «վերջինիս մահվան կապակցությամբ»: Հիմա Պոլյանիչկոն Ադրբեջանի բարեկա՞մն է, թե՞ թշնամին: Եթե բարեկամն է, ինչո՞ւ էին քրեական հետապնդում նախաձեռնել: Եթե թշնամի է, ապա հետին թվով ինչո՞ւ են նրան փառաբանում:
Պատասխանը մեկն է. ԼՂ-ում «կարգուկանոն հաստատող» Պոլյանիչկոն Ադրբեջանի բարեկամն էր, իսկ որպես «Բաքվի ողբերգության կազմակերպիչներից մեկը»` թշնամի: Ով հայ է սպանել, սպանում եւ սպանելու է` նա «արդարամիտ» է, իսկ ով ադրբեջանցիների «թանին թթու է ասում, ստահակ է եւ տականք»:
Եվ հասկանալի է դառնում «Ընդհատված երգ» դեռ չնկարահանված ֆիլմի շուրջն առաջացած աղմուկ-աղաղակը: Պարզապես չեն ուզում, որ խնդիրը դուրս գա հանրային բանավեճի հարթություն: Քանի որ այստեղ ադրբեջանական կողմի «հիմնավոր փաստարկներն» ուղղակի դառնում են քարանձավային «ճշմարտություն»:
Ինչպե՞ս կարելի է, մասնավորապես, դերասանին արգելել, որ հայ ռեժիսորի հեղինակած ֆիլմում չնկարահանվի` ինչպես Մոսկվայում դա անում է Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղլին: Չէ՞ որ դա հնարավորություն է, որ ադրբեջանցի դերասանը դրսեւորի իր ազգային նկարագիրը, եւ թող հանդիսատեսը դատի` հերոսներից ում է նախապատվությունը տալիս: Բայց` ոչ, ավելի «հարմար է» ասել, որ «ադրբեջանցի դերասանը հրաժարվում է նկարահանվել հայ ռեժիսորի ֆիլմում»: Կարծում են, թե դա մեծ հայրենասիրության «արդար պոռթկում է»: Թող չնկարահանվի, հետո՞: Այդպես կդատի ամեն մի բանական մարդ: Բայց` ոչ ադրբեջանական ուռա-«հայրենասերները». ամեն ինչ արվում է, որպեսզի ադրբեջանցին չնկարահանվի, որ հետո էլ ասեն. «Օտար դերասանը խեղաթյուրել է ադրբեջանցիների ազգային նկարագիրը»: Իսկ այդ նկարագիր կոչվածը սահմանված է ի վերուստ` Իլհամ Ալիեւի կամքով: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քարոզչության հարցերով պատասխանատու Էլնուր Ասլանովն, օրինակ, հանձնարարում է, որ «յուրաքանչյուր ադրբեջանցի, անկախ նրանից, թե որ երկրում է ապրում, պետք է մասնակցի Հայաստանի դեմ քարոզչական պատերազմին»:
«Դոկտոր» Գեբելսը, եթե այս խոսքերը լսեր, անփառունակ գերեզմանից ոտքի կելներ եւ կհամբուրեր Էլնուրի «պայծառ ճակատը»: Գեբելսն, իհարկե, հարություն չի առնի, ոչ էլ նրա ուսմունքն է հնարավոր փաթեթավորել «ազգային գաղափարով», ինչպես ճգնում է Իլհամ Ալիեւի մոլեռանդ հայատյացության «տեսաբանը»: Ավելի հավանականն այն է, որ կլինի մի նոր «Նյուրնբերգ», որտեղ ադրբեջանական ազգայնամոլներից մարդկությունը հաշիվ կպահանջի գործած մեղքերի համար: Այլոց եւ սեփական ժողովրդի առաջ:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ