«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2011-01-26 | #13, 2011-01-27 | #14, 2011-01-28


ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Հայոց բանակին նվիրված սուրբ պատարագով, զինվորներին ու զինվորականներին օրհնությամբ եւ գոհաբանական մաղթանքով երեկ հանրապետությունում մեկնարկեց Հայոց բանակի 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը:

Բանակի օրվա առթիվ, նաեւ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության եւ անձնական խիզախության, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար երեկ զինծառայողներին եւ ազատամարտիկներին պարգեւներ հանձնեց նախագահ Սերժ Սարգսյանը: «Այսօր առիթ է հիշելու նրանց, ովքեր տեւական խզումից հետո վերստեղծեցին Հայաստանի զինված ուժերը: Պատերազմական եւ ճգնաժամային բարդագույն իրավիճակում մեր ժողովուրդը կատարեց պատմական եւ անշրջելի քայլ` հանուն այդ վեհ նպատակի լարելով իր ողջ ուժերը: Մեր բանակն անցավ ծանր կորուստների ու փառավոր հաղթանակների ուղի, որ, մեր երկրի ու ազգի նորագույն պատմության ուղին է: Մեր ներկա ազատությունն ու մեծ հաշվով խաղաղությունը մեզ ոչ ոք չի նվիրել: Դրանք նվաճել ենք արյան գնով, դաժանագույն պատերազմում` ազգովին: Փորձություններից մենք դուրս ենք եկել պարզ ճակատով, եւ այդ ճակատը Հայոց բանակն է», ասաց նախագահը` փաստելով, որ այսօր հասարակությունը հպարտությամբ է արտասանում «Մեր անունն է հայկական բանակ» արտահայտությունը:

Գնահատելով բանակի մարտունակությունը, նախագահը նշեց, որ անհնար է մեր բանակի ներկա հնարավորությունները համեմատել Արցախյան ազատամարտի ժամանակների հնարավորությունների հետ: «Այսօր ունենք որակապես այլ մակարդակ, եւ ամենակարեւորը` ռազմական աննահանջ ոգի եւ կամք: Անհնար է պատկերացնել տարածաշրջանն առանց հայկական բանակի, որ գրավականն է մեր խաղաղության, անվտանգության ու հավերժության»:

Արցախյան պատերազմի վետերան, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանն էլ «Հայելի» ակումբում հիշում է, թե ինչպես էին կամավորականները ազգային բանակի բացակայության պայմաններում պաշտպանում հայրենիքը: «Թշնամին քանակական առումով մեզնից շատ էր, ավելի շատ զենք ու զինամթերք ուներ, իսկ մենք պատերազմի տարիներին ստեղծեցինք ջոկատներ, որոնք պաշտպանում էին երկիրը թշնամուց: Նրանք ունեին զենք, մենք` հավատք ու կամք: Զենք էինք վերցրել ու միայն մի նպատակ ունեինք` չտալ մեր տարածքները թշնամուն, չկորցնել մի բուռ հողը»:

Կոմանդոսը պատմում է, որ ռազմի դաշտում պայքարում էին զենքով ու խաչով, ամենաօրհասական պահերին էլ` աղոթք մրմնջում:

«Պատերազմի ժամանակ Գանձասարի հովիվ Տեր Գրիգորն ինձ մոտ էր` շտաբում: Նա մեզ մի բան էր սովորեցրել: Երբ նստում էինք հաց ուտելու` խաչակնքում էր եւ աղոթում: Մի անգամ շատ դժվար պահ էր, եւ ես Տեր Գրիգորին խնդրեցի գնալ ժողովրդի մոտ: Նա առավոտյան շուտ գնաց, ողջ օրը դիրքերում ման եկավ եւ միայն գիշերվա ժամը 4-ին հոգնած վերադարձավ: Առավոտյան նախաճաշի ժամանակ տղաները նստել ու հաց չէին ուտում: Ասում եմ` ինչու հաց չեք ուտում, ասում են` սպասում ենք, Տեր Գրիգորը գա, հացն օրհնի...

Գեներալ-մայորի հիշողության մեջ տպավորվել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանի հետ հանդիպումը: «Առաջին հանդիպման ժամանակ ինչ-որ մեկն ինձ հարցրեց` դու ինչո՞ւ ես Ղարաբաղ եկել: Ասացիՙ եկել եմ Ղարսն ազատեմ, իմ պապը ղարսեցի է: Սրբազանը փաթաթվեց ինձ: Միայն նա հասկացավ իմ խոսքերի իմաստը», հիշում է նա:

Լեգենդար հրամանատարը ցավում է, որ մեծագույն դժվարությամբ ձեռք բերված հաղթանակի մասին բոլորն են խոսում, բայց քչերն են տեղյակ իրականությանը: «Մոռացանք», ասում է նա ու հավելում. «Ամաչում ենք ասել, որ մեզ ստիպեցին պատերազմել: Ստիպված գնացինք պատերազմի, որ կարողանանք պահպանել մեր հողերը»: Հրամանատարը հավելում է, որ 19 տարի անց հայկական բանակի մասին չկա գրականություն, չկան ֆիլմեր: «Ադրբեջանն իր պատմությունը հորինում է ու գրքեր տպում, ֆիլմեր նկարահանում, իսկ մենք մեր ճշմարտությունը չենք կարողանում ներկայացնել»:

Անդրադառնալով բանակի արդի խնդիրներինՙ Կոմանդոսն առաջարկում է համախմբվել ու աջակցել բանակին: «Բանակն իր ցավերը պետք է բացի: Բանակը խնդիրներ ունի, ու երբ ասում է, որ դրանք չկան, կամ քիչ են, սկսում են ավելի զարգանալ ու նորանոր խնդիրներ առաջացնել: Բանակը մեզ տալիս է խաղաղություն: Պետք է շնորհակալ լինենք, բայց միեւնույն ժամանակ կարողանանք վեր հանել խնդիրներն ու օգնել բանակին»:

Սպառազինության, տեխնիկական, հիգիենայի տեսանկյունից հայկական բանակում դրական տեղաշարժեր կան, սակայն մարդկային գործոնի հարցն այդպես էլ չի կարգավորվում: «Բանակում պետք է այնպիսի սպայական կազմ լինի, որը լինի մասնագետ ու ապրի իր մասնագիտությամբ: Սպան պետք է այնքան գրագետ լինի, սովորի, որ կարողանա ռազմադաշտում իր գիտելիքը կիրառել: Կան սպաներ, որ գցում են բանակի մարտունակությունը եւ մեր ժողովրդի մեջ էլ անվստահություն են առաջացնում: Որոշ սպաների այդ վարմունքը հարկ է վերացնել», ասաց Կոմանդոսը:

Բանակի բարոյահոգեբանական վիճակը գնահատելով բավարարՙ Կոմանդոսը փաստեց, որ պատերազմի վերսկսման դեպքում հայկական կողմը կրկին հաղթողի դերում կհայտնվի: Դա գիտակցում է ոչ միայն Հայաստանը, այլեւ Ադրբեջանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4