Օրերս ՀՀ պաշտպանության նախարարության եւ առաջատար մեր համալսարանների ու գիտական կենտրոնների միջեւ կնքված պայմանագրերը խոստումնալից են. հույս են ներշնչում հետագայում մեր ազգային բանակի տարբեր ստորաբաժանումներում գիտական մտքի կիրառման, նորագույն տեխնոլոգիաների յուրացման ու գործարկման ուղղությամբ:
Դա լավ է որպես սկիզբ, պայմանով, որ ունենա շարունակություն: Այդ շարունակությունը ես տեսնում եմ ոչ միայն այդ եւ նման համագործակցությունների զարգացման ու խորացման, այլեւ հենց բանակի ներսում գիտականության արմատավորման ու զարգացման մեջ: Մեր բանակը չի կարող, երբեւիցե չի կարողանալու, հակառակորդին գերազանցել իր մարդուժի քանակությամբ եւ սպառազինությունների ծավալներով: Ասում ենՙ մեր առավելությունը բանակի մարտունակության մեջ է, որին մղում են տալիս հայրենասիրությունը, ազգային Դատի իրավացիությունը, արդարությունը: Եվ ես հավատում եմ դրան, քանի որ այդ մարտունակությունը մենք տեսել ենք առնվազն երկու անգամՙ 1992-ին եւ 1993-ին մեր դեմ Ադրբեջանի շղթայազերծած պատերազմների ժամանակ:
Սակայն մենք պատերազմ չենք ուզում, քանզի որեւէ պատերազմ, անկախ իր ելքից, մեզ ձեռնտու չէ: Մեզ պետք է պատերազմը կանխել: Եվ մերինի նման տարածաշրջաններում կարելի չէ միայն դիվանագիտությամբ հասնել դրան: Միայն ռազմական մեր ուժը կստիպի հակառակորդին եւ պոտենցիալ հակառակորդներին նախքան ռազմական որեւէ արկածախնդրության դիմելը մտածել ոչ թե երկու, այլ տասն անգամ: Այլ խոսքովՙ մեր բանակը պետք է դառնա կանխարգելող, մտքափոխող ուժ բոլորի՛ համար:
Իսկ դրան կարելի է հասնել, ինչպես ասվեց, մեր զինուժի գիտականացումով: Եվ բոլոր մակարդակներում, բոլոր ճյուղերումՙ բարձր տեխնոլոգիաներից սկսած մինչեւ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն եւ... բժշկություն: Այո, մեր զինվորական հիվանդանոցները պետք է դառնան հանրապետության եւ տարածաշրջանի լավագույն առողջապահական հաստատությունները իրենց բժիշկներով, վիրաբույժներով եւ հետազոտողներով:
Իսկ դրա համար, մանավանդ նկատի առնելով մեր երկրի ներկայիս կրթական եւ հատկապես հանրակրթական մակարդակի անկումային վիճակը, անհրաժեշտ են պետբյուջեից զգալի հավելյալ հատկացումներ մեր բանակին, այն դիտարկելով ոչ միայն որպես զինվորական-պաշտպանական կառույց, այլեւՙ դպրոց ու գիտական համակարգ, որտեղ ծառայելն ու աշխատելը ոչ միայն ազգային պարտականություն է, այլեւ կյանքում եւ հետագա աշխատանքում հաջողելու միջավայր:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ