WikiLeaks-ի տրամադրության տակ գտնվող եւս մի քանի փաստաթղթեր Ադրբեջանին վերաբերող սենսացիոն նյութեր են պարունակում: Դրանք Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էն Դերսիի հեռագրերն են պետքարտուղարությանը, որոնք ունեն «գաղտնի» գրիֆ: Այդ մասին հայտնի է դարձել «Ենի Մուսավաթ» ընդդիմադիր թերթին: Ըստ այդմ, դեսպանը տեղեկագրել է, որ դեպի Եվրոպա հերոին հիմնականում տարանցվում է Աֆղանստան-Իրան-Ադրբեջան երթուղով:
Դիվանագետը գրում է, որ Իրանն իր տարածքում հիմնադրած լաբորատորիաներում վերամշակում է աֆղանական «նախնական» հերոինը եւ Ադրբեջանի տարածքով արտահանում Եվրոպա: Դեսպանն ընդգծել է, որ «վերջին տարիներին Իրանից Ադրբեջան մաքսանենգ ճանապարհով մուտք գործող հերոինի քանակն աճել է մի քանի անգամ»: Ամերիկյան դիվանագետն իր ասածը հիմնավորում է նրանով, որ եթե 2006 թ. Իրանի հետ սահմանում առգրավվել է ընդամենը 20 կգ. հերոին, ապա 2008 թ. կազմել է արդեն 15 տ., իսկ 2009-ին` 59 տ.: Ամենահետաքրքրականը, սակայն, դեսպանի զեկուցագիրն է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի հետ իր հանդիպման մասին:
Ըստ այդմ, Խալաֆովը, որն Ադրբեջանի ԱԳՆ-ում, այսպես ասած, «վերահսկում է իրանական ուղղությունը» եւ Կասպից ծովի կարգավիճակի հարցով բանակցություններում Իլհամ Ալիեւի գլխավոր ներկայացուցիչն է, ակնհայտորեն դավագրգռող կարծիքներ է արտահայտել հարեւան երկրի պաշտոնական կառույցների մասին: Նրա կարծիքով, որը պետդեպարտամենտին է փոխանցել Միացյալ Նահանգների դեսպանը, թմրանյութերի մաքսանենգ տարանցման երթուղիները «վերահսկվում են Իրանի հատուկ ծառայությունների եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից»:
ԱՄՆ դեսպանին Խալաֆովը պատմել է, որ Իրանի Թավրիզ քաղաքում գործում է հերոինի վերամշակման գաղտնի լաբորատորիա: Նա նաեւ ասել է, որ շատ հաճախ ադրբեջանական կողմը սահմանի վրա ձերբակալում է թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող Իրանի քաղաքացիների եւ «հանձնում հարեւան երկրին, սակայն որոշ ժամանակ անց նրանք կրկին հայտնվում են Ադրբեջանում»: Այդուհանդերձ, հենվելով սեփական ուսումնասիրությունների վրա, դեսպանը տեղեկագրել է Վաշինգտոն, որ թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարն ավելի արդյունավետ իրականացնում է «Ադրբեջանի անվտանգության նախարարությունը, բայց նույնը չի կարելի ասել պետական սահմանապահ ծառայության եւ մաքսային պետական կոմիտեի մասին»:
Ամերիկյան դիվանագետն, այսպիսով, շատ հստակ ակնարկել է, որ պետական այդ կառույցները հիմնավորապես շահագրգռված չեն թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարում, եւ ավելացրել, որ «ադրբեջանական մաքսավորները չեն կարողանում արդյունավետ ստուգել փոխադրամիջոցները»: Դիվանագետը Վաշինգտոն է փոխանցել նաեւ փոխարտգործնախարար Խալաֆովի այն կարծիքը, որ «Իրանը, թմրանյութերով հեղեղելով Ադրբեջանը, ձգտում է հասնել իրավիճակի ապակայունացման»:
Այս տեղեկատվությունն ամփոփելով, «Ենի Մուսավաթ»-ը գրում է. «Նշենք, որ վերջին տարիներին Ադրբեջանի` թմրանյութերի տարանցման հիմնական երթուղու վերածվելու մասին բազմիցս ասվել է ՄԱԿ-ի, ԱՄՆ պետդեպարտամենտի եւ այլ միջազգային կառույցների հաշվետվություններում: Միաժամանակ Ադրբեջանի կողմից տոննաներով աֆղանական հերոինի տարանցման մասին բացահայտումներ են արել նաեւ Ռուսաստանի հատուկ ծառայությունները»:
Այս ամենի համայնապատկերին ավելի քան անհաջող բառախաղ են թվում Իլհամ Ալիեւի աշխատակազմի քարոզչության հարցերով պատասխանատու Էլնուր Ասլանովի այն մտքերը, որ նա արտահայտել է` ի պատասխան ամերիկյան Freedom House-ի կողմից Լեռնային Ղարաբաղն «անազատ ճանաչելու հիմնավորվածության» մասին 1mews.az-ի հարցադրման. «Ինչի՞ մասին կարելի է խոսել, եթե այդ գոտին ավելի շատ է վերածվում Եվրոպա Հայաստանով թմրանյութերի տարանցման գոտու: Freedom House-ն պարզապես փաստել է այն, ինչի մասին երկար տարիներ Ադրբեջանը բարձրաձայն խոսել է բոլոր մակարդակներում»:
Ինչպես պարզվում է Բաքվում ԱՄՆ նախկին դեսպանի` Վաշինգտոն հղած զեկուցագրերից, դեպի Եվրոպա թմրանյութերը տարանցվում են ոչ թե Լեռնային Ղարաբաղի «չվերահսկվող տարածքով», այլ կատարելապես ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող ադրբեջանա-իրանական սահմանով, շրջանցելով պետական սահմանային ծառայության եւ մաքսային պետական կոմիտեի անցակետերը: Եվ եթե միլիարդավոր եվրո արժեցող այդ գործարքից Բաքվի իշխանությունները շահ չունեն, ապա ինչո՞ւ չեն ձեռնարկում համարժեք քայլեր: Օրերս իրանական «Սահար» հեռուստատեսությունը, որն, ի դեպ, հեռարձակվում է ազերի լեզվով, ակնարկել է, որ Կովկասի մուսուլմանների հոգեւոր առաջնորդ Փաշազադեն է վերահսկում Իրան-Ադրբեջան` Աստարայի հատվածի բոլոր մաքսակետերը: Իսկ գուցե շեյխ ուլ իսլա՞մն է Ադրբեջանի թիվ մեկ թմրաբարոնը:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ