«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2011-01-26 | #13, 2011-01-27 | #14, 2011-01-28


ԵՐԵԿ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՆՇՎԵՑ ՀՈԼՈՔՈՍԹԻ ԶՈՀԵՐԻ ՕՐԸ

Հունվարի 27-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2005-ին ընդունած որոշումով հռչակվել է Հոլոքոսթի զոհերի հիշատակման միջազգային օր: Երեկ այդ օրը Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես նշվել է: Տեղեկացնելով այդ մասին, «Դունիաբյուլթենի» կայքէջը նշում է, որ Ստամբուլի Նեւե Շալոմ սինագոգում Հոլոքոսթի օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական արարողությանը ներկա է գտնվել Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը: Սինագոգում Ստամբուլի նահանգապետ Մութլուն Թուրքիայի հրեական համայնքի ռաբբի Ռավ Իցխակ Հավելայի հետ մոմ է վառել զոհերի հիշատակին:

Այդ ընթացքում Թուրքիայի արտգործնախարարությունը Հոլոքոսթի զոհերի հիշատակման միջազգային օրվա առթիվ տարածել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է. «Հարգանքով խոնարհվում ենք 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական վարչակարգի զոհը դարձած միլիոնավոր հրեաների ու այլ փոքրամասնությունների հիշատակի առջեւ»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4