Թուրքիայի արտգործնախարարությունը քաջալերում է երկրի ոչ մահմեդական փոքրամասնություններին նախարարությունում աշխատելու դիմում ներկայացնել: Այժմ պաշտոնատարների մեջ փոքրամասնության որեւէ ներկայացուցիչ չկա, հաղորդում է «Ռադիո Վատիկանը»ՙ հղում անելով չորեքշաբթի «Հյուրիեթ դեյլի նյուզին» պետքարտուղար Նաչի Կորուի տված հարցազրույցին: «Բայց սա չի նշանակում, թե այսպես էլ պիտի մնա: Մեր դռները բաց են», ասել է թուրք պաշտոնյան: Կորուի հրավերը վերաբերում է Թուրքիայում պաշտոնապես որպես փոքրամասնություն ճանաչված խմբերինՙ հույն ուղղափառ քրիստոնյաներին, հայերին եւ հրեաներին: Ընդհանուր առմամբ 70 միլիոնանոց բնակչության մոտ 100 000-ն են վերոհիշյալ փոքրամասնությունները ներկայացնում: Երկար ժամանակ է, ինչ նրանք բողոքում են, թե մահմեդական չլինելու պատճառով նրանց հանդեպ խտրականություն է կիրառվումՙ պետական կառույցներում նրանց աշխատանքի չեն ընդունում: Ըստ «Ռադիո Վատիկանի», Հայկական «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Արիս Նալջին արտգործնախարարությունից պահանջել է ոչ մահմեդականների քվոտաներ ներդնելՙ այդու ապացուցելով առաջարկի լրջությունը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա