ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը գոհ է անցած ֆինանսական տարվա արդյունքներից: Նրա խոսքով, անցյալ տարի պետական բյուջեի սեփական եկամուտների ծրագիրը կատարվել է 101,3 տոկոսով: Փաստացի մուտքերը կազմել են 23,7 միլիարդ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 11,4 տոկոսով: Փաստացի ծախսերը ծրագրված 64,9 միլիարդի դիմաց կազմել են 62 միլիարդ դրամ: Հայաստանի Հանրապետությունից միջպետական վարկը, 33,2 միլիարդ դրամի չափով, ստացել են լրիվ ծավալով ու ժամանակին: Այդ մասին նա արտահայտվել է երեկ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Լրագրողների հարցին, թե ֆիննախարարն ինչպե՞ս է գնահատում ԼՂՀ վերահսկիչ պալատի հայտնաբերած շուրջ մեկ միլիարդ դրամ անարդյունավետ ծախսերի փաստը, վերջինս պատասխանեց, որ ինքը ծանոթ չէ ՎՊ ներկայացրած նյութերին ու չգիտի, թե որ ոլորտներին են վերաբերում անարդյունավետ ծախսումները: Տրամաբանորեն, խախտումներ արձանագրված կառույցների պատասխանատուները պետք է հիմնավորումներ գտնեն կատարած ծախսերի վերաբերյալ, հակառակ պարագայում դրանք իրավական գնահատման դաշտ պիտի տեղափոխվեն: Նույն թեմայի շրջանակում Ս. Թեւոսյանը տեղեկացրեց, որ ֆինանսների նախարարության կազմում գործող վերահսկիչ վարչությունը (որը ներկայումս վերանվանվել է տեսչություն) անցյալ տարի ստուգումներ է կատարել մի շարք բյուջետային հիմնարկներում ու բացահայտել մոտ 220 միլիոն դրամի ոչ ճիշտ ծախսումներ: Նշված գումարից 70 միլիոնն անցած տարվա ընթացքում արդեն վերականգնվել է:
Փոխվարչապետն անդրադարձել է նաեւ ավտոտրանսպորտի պարտադիր ապահովագրության վիճակին, նշելով, որ հանրապետությունում ապահովագրման ենթակա շուրջ 12 հազար ավտոմեքենաներից ավելի քան 8.000-ի տերերն արդեն ստացել են ԱՊՊԱ կտրոններ: Ի համեմատություն Հայաստանի Հանրապետության, նշեց նա, Արցախում այդ գործընթացն ավելի արագ է ընթանում:
Արդյոք ԼՂՀ-ն ունի՞ իր սեփական դրամի նմուշը եւ, առհասարակ, հնարավո՞ր է, որ հետագայում Արցախն ունենա ի՛ր վճարամիջոցը: Ֆիննախարարը պատասխանեց, որ միանգամայն նորմալ երեւույթ է, երբ ճանաչված պետություններն անգամ օգտվում են այլ երկրների դրամանիշից: ԼՂՀ դեպքում` սեփական դրամի նմուշներն արդեն ընդունված կան, սակայն դրանք շրջանառության մեջ դնելու համար համապատասխան հիմքեր են պետք: «Երբ մեր երկիրը միջազգայնորեն ճանաչվի, այն ժամանակ էլ կօգտագործենք մեր սեփական դրամանիշները», ասաց նա:
«Արդյո՞ք ձմռանը ոչ բնորոշ չորային եղանակը չի՞ սպառնում գյուղատնտեսությանը» հարցին փոխվարչապետը պատասխանեց, որ վտանգավոր ոչ մի բան չի տեսնում, թեպետ տեղումներն իրոք ցանկալի են: Նա հույս հայտնեց, որ առաջիկա օրերին, ինչպես խոստանում են օդերեւութաբանները, անպայման տեղումներ կլինեն:
Ինչքա՞ն է փոխվարչապետի աշխատավարձը, հատկապես որ նա տվյալ պաշտոնը համատեղում է ֆիննախարարի պաշտոնի հետ: Նաեւ այսպիսի հարց ուղղեցին լրագրողները, որին ի պատասխան Ս. Թեւոսյանն ասաց, որ նախարարի 250.000 դրամ աշխատավարձին հավելյալ` ինքը ստանում է 10.000 դրամ: Շատ երկրներում է ֆինանսների նախարարը միաժամանակ փոխվարչապետ, եւ դա արդարացված ձեւ է, տեղեկացրեց նա:
Փոխվարչապետը զարմանքով ընդունեց լրագրողների հայտնած այն տեղեկությունը, թե թոշակները հաճախ ուշացումով են տրվում, ինչը թոշակառուներին հնարավորություն չի տալիս ժամանակին կատարելու տվյալ ամսվա կոմունալ վճարումները: Նա խոստացավ հիշյալ խնդրով անպայման խորհրդակցել սոցապահովության նախարարի հետ:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ