ԵԽԽՎ-ի պատվիրակները երեկ հանդես են եկել գրավոր հռչակագրով, որի անվանումն է «Լեռնային Ղարաբաղի Ժողովրդավարական պետության կառուցում», այդ մասին հայտնել է «News.am»-ը:
Փաստաթղթում ասվում է, որ Ադրբեջանը իրեն հռչակել է 1918-20 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի ժողովրդավարական պետության իրավահաջորդ, իսկ Լեռնային Ղարաբաղը (Արցախը) երբեք չի եղել այդ պետության մասը: Միայն քեմալականների եւ բոլշեւիկների միջեւ տեղի ունեցած «գործարքով» է, որ Արցախը դարձել է Սովետական Ադրբեջանի մաս:
«1991 թվականին Ղարաբաղի բնակչությունը հանրաքվեի միջոցով կողմ է քվեարկել անկախանալուն, ինչին հետեւել են բազմաթիվ միջազգային դիտորդներ: Սակայն, հրաժարվելով ընդունել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանը սանձազերծել է լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնք ավարտվել են 1994 թվականին կնքված հրադադարի պայմանագրով: Թեեւ Ադրբեջանը դեռեւս խախտում է հրադադարի ռեժիմը, Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է ժողովրդավարական երկիր կառուցելու գործընթացը, ղեկավարվելով միջազգային նորմերով եւ չափանիշներով, ինչի կարեւոր էլեմենտներից է 2006 թվականին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն:
Շատ միջազգային դիտորդներ, փորձագետներ ու լրագրողներ ընդունել են այդ հանրաքվեն, ինչպես նաեւ դրան հաջորդած նախագահական եւ խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Այդ ընտրությունները նրանք դիտարկել են որպես ժողովրդավարական, ազատ եւ արդար: Մեծ թվով քաղաքական կուսակցություններ, լրատվամիջոցներ եւ ՀԿ-ներ են գործում Արցախում, իսկ այդ երկրի շուկայական տնտեսությունը եւ ազգային օրենսդրությունը համապատասխանում են միջազգային չափանիշներին: Լեռնային Ղարաբաղը, իր առջեւ դնելով ժողովրդավարական երկիր կառուցելու նպատակ, հանդիսանում է կայացած պետություն եւ արժանի է միջազգային ճանաչման ու միջազգային բոլոր կազմակերպություններին անդամակցելու», ասված է փաստաթղթում: Փաստաթուղթը ստորագրել է ԵԽԽՎ 29 պատգամավորՙ ԵԽ անդամ 12 երկրներից: