«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2011-01-26 | #13, 2011-01-27 | #14, 2011-01-28


ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍՎԱ ԹՈՇԱԿՆԵՐԻ ՈՒՇԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԵՐԵԿ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Կառավարության նիստի սկզբում երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ թոշակների վճարման շուրջն այս ամիս ստեղծված իրավիճակին: Նշելով, որ հերթեր էին գոյացել «Հայփոստում», եւ արդարացի դժգոհություն կար, նա ստեղծված իրավիճակի մասին պահանջեց բացատրություններ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարից:

Նախարար Արթուր Գրիգորյանը տեղեկացրեց, որ կենսաթոշակների վճարման նոր կարգի կիրարկումը սկզբնական շրջանում առաջացրել էր որոշակի խնդիրներ: «Հայփոստի» հետ կնքված պայմանագրի համաձայն, հունվար ամսվա կենսաթոշակները Երեւան քաղաքում եւս սկսեցին վճարել «Հայփոստի» միջոցով: «Սակայն կարճ ժամանակահատվածը հնարավորություն չտվեց բոլոր փոստատարներին ծանոթանալու վճարման ցուցակների առանձնահատկություններին: Վերոնշյալով պայմանավորված գոյացան հերթեր` առաջացնելով բնակչության արդարացի դժգոհությունը: Որոշակի ազդեցություն ունեցավ նաեւ այն հանգամանքը, որ առաջին վճարումները համընկան ամանորյա տոներին», նշեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը:

Նման իրավիճակի կրկնությունը բացառելու համար, ըստ նախարարի, թոշակների վճարումներն իրականացվելու են «Հայփոստի» շուրջ 90 գրասենյակներից, ինչպես նաեւ բանկերից ու մյուս վճարահաշվարկային կազմակերպություններից: «Ուզում եմ տեղեկացնել նաեւ, որ պարբերաբար կազմակերպված քննարկումներով տրված են համապատասխան հանձնարարականներ` փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումն ավելի արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ», ասաց Արթուր Գրիգորյանը:

«Միակ տարբերակն այն է, որ առեւտրային բանկերի հարյուրավոր մասնաճյուղեր կարող են սպասարկել թոշակառուներին, եւ անհրաժեշտ չէ, որ նրանք գնան, «Հայփոստում» հերթ կանգնեն: Այս խնդիրը լուծել ենք, հիմա պետք է քաղաքացիներին ուղղակի տեղեկացնել, որ այս հնարավորությունից նրանք օգտվեն», նախարարի խոսքին անդրադառնալովՙ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4