«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2011-01-26 | #13, 2011-01-27 | #14, 2011-01-28


ԲԱՑԻ ԵՐԳԻՉՆԵՐԻՑ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ ԷԼ ԿԱՆ

ՀՕՖ-ն այս տարի 25 գիտական ծրագիր է ֆինանսավորել

«11 տարում 1 մլն 300 հազար դոլար ներդրում հայաստանյան գիտության ոլորտում, սա շատ լուրջ ներդրում է: Հանրությունն այս առիթով իմանում է, որ բացի երգիչներից ու պարողներից` Հայաստանում նաեւ գիտնականներ կան, որոնք շարունակում են ստեղծագործել», սա երեկ ասում էր ՀՕՖ-ի լրատվության պատասխանատու Լեւոն Լաճիկյանըՙ ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն եւ զարգացման ծրագրերի տնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանի, գիտական-կրթական ծրագրերի համակարգող էդուարդ Կարապետյանի հետ այս տարի դրամաշնորհներ շահած 25 գիտական խմբերի ղեկավարներին ներկայացնելիս: Հայաստանից ներկայացված 161 գիտական հայտից Նյու Յորքի միջազգային փորձագիտական հանձնախումբը 25 թեմայի արժանացրել է 5-հազարական դոլար դրամաշնորհի: Իսկ 11 տարում ՀՕՖ-ի գիտական ծրագրի մրցանակին են արժանացել 1000-ից ավելի գիտնական ընդգրկող 260 գիտական խմբեր: Հիշեցնենք` ՀՕՖ-ը ստեղծվել է ամերիկաբնակ մեր հայրենակիցների եւ Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի նախաձեռնությամբ եւ արդեն 22 տարի, բավականին ճկուն մանդատի շրջանակներում, բազում ծրագրեր է իրականացրել, իսկ նրա հովանու ներքո գործող Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամը, որ ամերիկաբնակ շատ հայտնի հայ գիտնականների կողմից է հիմնադրվել (պրոֆեսոր Երվանդ Թերզյանի հատկապես), միակն է աշխարհում գործող հիմնադրամներից, որ աջակցում է Հայաստանի գիտնականներին:

Այս տարի մրցույթին մասնակցած հայտերից նախապես 40-ն էին լավագույնը ճանաչվել. սովորաբար ծրագրերի որակը այնքան լավն է լինում, որ ընտրողները բարդ խնդրի առաջ են կանգնում ամեն տարի` ֆինանսական հնարավորությունների առումով: Միշտ 40-50-ն են ընտրում, հետո դրանց միջից 25-ը: Այս տարի 40 լավագույն նախնական ընտրվածներից 25 խմբի աշխատանքն է պարգեւատրվել` 19 տղամարդ եւ 6 կին գիտական ղեկավարներով: Տարիքային առումով էլ ուրախալի է, որ վերջին երկու- երեք տարին երիտասարդանում է հետազոտողների եւ խմբի ղեկավարների տարիքը (միջինը 40 տարեկանն է): Գիտական խմբերի ղեկավարներից ամենաերիտասարդը Հայկ Իշխանյանն է` 20 տարեկան է, համարվում է հեռանկարային ֆիզիկոս, մյուս երիտասարդը 23- ամյա Հովակիմ Զաքարյանն է` ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող: Հայրենագիտության, բանասիրության ոլորտում այս տարի եւ ոչ մի հաղթող չկա, անցած տարիներին գոնե 1-3 ծրագիր հաղթում էր` քիչ են դիմում, ՀՕՖ-ի ներկայացուցիչները կոչ արեցին դիմել: Ամենաշատը միշտ ֆիզիկայի ոլորտից են լինում հաղթողները` 10 ծրագիր, 8 ծրագիր կենսաբանության բնագավառից են, 4-ըՙ աստղագիտության, երեքըՙ քիմիայի: Ընտրված գիտական աշխատանքներն իրապես միջազգային բարձր որակի աշխատանքներ են, ինչը վկայում է , որ Հայաստանում թե՛ երիտասարդները, թե՛ տարիք ու փորձ ունեցող մարդիկ բավականին բարձր որակ ունեն գիտության ոլորտում, միջազգային գիտական ամսագրերում գիտական աշխատանքների մասին տպագրվող նյութերը դրա վկայությունն են: Անցած տարի, Է. Կարապետյանի տեղեկացմամբ, շուրջ 200 հետազոտական հոդվածներ են տպագրվել միջազգային անուն ունեցող ամսագրերում կամ զեկույցներ ներկայացվել միջազգային կոնգրեսներում: Ներկայացնենք մի քանի ընտրված աշխատանքների ղեկավարներին:

20-ամյա Հայկ Իշխանյանը Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտն ու Աշտարակի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն էր ներկայացնում, նրա աշխատանքը մի բարդ անուն ուներ եւ ափսոս` Հայկը հանրամատչելի չներկայացրեց նրա էությունը: Բյուրականի աստղադիտարանի գիտնական Ռուբեն Անդրեասյանի աշխատանքը նվիրված է ռադիոգալակտիկաների առաջացմանը, դրանց դասակարգման բացատրությունն է տրվում, ինչը, կարելի է ասել, նոր տեսություն է` Վիկտոր Համբարձումյանի սկզբունքի համաձայն: Այս կարգի բացատրություն առաջին անգամ է տրվում. ենթադրվում է, որ ռադիոգալակտիկաներն առաջանում են ռելյատիվիստական ամպերի դուրսնետումով գալակտիկաների կենտրոնական տիրույթներից, որոնք շարժվում են գալակտիկաների դիպոլային մագնիսական դաշտերի միջով:

Բյուրականի աստղադիտարանի աստղագետ Լուսինե Սարգսյանը, որը հատուկ` Վիլյամ Մեսրոպյանի անվան մրցանակ կամ դրամաշնորհ էր ստացել, աշխատում է Կոռնեյլի համալսարանի գիտնականների հետ: Տիեզերական դիտակը, որի տվյալներն օգտագործում է Լ. Սարգսյանը, ՆԱՍՍԱ-ի տիեզերական դիտակներից մեկն է: Նրա թեման նվիրված է տիեզերական փոշու ուսումնասիրությանը գալակտիկաներում, ավելի շուտ` փոշու կլանման չափն է ուսումնասիրվում գալակտիկայի կենտրոնի մոտ:

Նույնպես բյուրականցի, աշխարհում բավական ճանաչված աստղագետ Տիգրան Մաղաքյանը երրորդ անգամ է ստանում այս դրամաշնորհը. նրա խմբի ուղղությունը (բոլորը` Բյուրականի աստղադիտարանի աստղագետներ) երիտասարդ աստղերն են, ուսումնասիրում են, թե ինչպե՞ս են առաջանում նոր աստղերը, միգամածությունները, ոլորտում բավական հաջողություն է գրանցել: Խումբը համագործակցում է աշխարհում հայտնի տարբեր աստղադիտարանների հետ, օրինակ` Հավայան կզղզիների մեծ աստղադիտակներից են ստանում եւ փոխանակում տեղեկատվություն: Կոնկրետ դրամաշնորհի արժանացած աշխատանքով նոր որոնումներ են ուզում կատարել` մի փոքր փոխելով մեթոդիկան` երիտասարդ աստղերի դրսեւորումները փորձ է արվում դիտել այնպիսի դիապազոնով, որը շատ քիչ է ուսումնասիրված:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4