«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2011-01-26 | #13, 2011-01-27 | #14, 2011-01-28


ՖԼՈՐԵՆՍ ԱՎԱԳՅԱՆԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ

«Անկախ լրագրողի արկածները» թեմայով Մանհեթենի «Նյու Յորք հանրային գրադարանում» հանդես է եկել ճանաչված լրագրողուհի Ֆլորենս Ավագյանը, որը հետաքրքրական մանրամասներ է պատմել իր փորձառությունից այդ ասպարեզում:

Վետերան ֆոտոլրագրող Հարրի Քունդակչյանի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Ավագյանը դեռեւս քաղաքագիտության գծով մագիստրոսի «Ֆալկ» աստիճանն ստանալու համար սովորելիս գրել է ամերիկացի սենատորների եւ կոնգրեսականների ելույթների տեքստերը, եւ քանի որ դրանց մի մասը վերաբերել է Կիպրոսի հարցին, նրան Կիպրոս է հրավիրել այդ ժամանակվա նախագահ Մակարիոս սրբազանը: Այնտեղ 6 շաբաթ հյուրընկալվելու օրերին նա նախագահի հետ հարցազրույց է անցկացրել, նրա հետ բարձրացել Տրոդոս լեռնազանգվածը, այցելել կղզու թուրքական գրավյալ հյուսիսային մասը, եւ ներկա գտնվել Լառնակայի օդանավակայանում տեղի ունեցած օդահենության պատահարին, որի մասին առաջինը ինքն է տեղեկություններ հաղորդել Նյու Յորքի «WPIX-TV» հեռուստատեսային 11-րդ ալիքին: Հեռախոսազանգը իր վրա 50 դոլար էր նստել, բայց հետագայում ընկերությունը ընդամենը 25 դոլար էր վճարել նրան: Բայց քանի որ «իմ առաջին աշխատավարձն էր, ես բարձր գնահատեցի», խոստովանել է նա:

Դրանով էլ սկսվել է իր կարիերան որպես լրագրող: ՄԱԿ-ի գրասենյակում է հավատարմագրվել, որտեղ առաջին հարցազրույցը անցկացրել է Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեւիթի հետ: Նրան են հետեւել այլ պետության ղեկավարներ եւ կրոնական առաջնորդներ, որոնց թվում են եղել Ինդիրա Գանդին, Էդուարդ Շեւարդնաձեն, Գարեգին Ա կաթողիկոսը եւ Տիրան արք. Ներսոյանը:

Սպիտան տանըՙ մամուլի ասուլիսի ժամանակ նա նախագահ Բիլ Քլինթոնին հարց է ուղղել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որին նախագահը խուսափել է պատասխանել: Նա նաեւ անդրադարձել է ՄԱԿ-ում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին իր տված ծանրակշիռ հարցերին, որոնք հետագայում պատճառ են դարձել, որ ստանա անստորագիր գրավոր սպառնալիքներ եւ անհայտ հեռախոսազանգեր: Խոսել է Հայաստանում 1988-ին տեղի ունեցած երկրաշարժի օրը իր ժամանակավոր «կալանքի» մասին: «Գորբաչովը այցելելու էր ՄԱԿ-ի գրասենյակը, եւ ամերիկացի պաշտոնական այրերը վախենում էին, որ ես այդ մասին անտեղի հարցեր կտամ նրան», ասել է նա: Բայց, այդուհանդերձ, նա հանպատրաստից մամուլի ասուլիս է կազմակերպում, որը մեծ ուշադրության է արժանանում գլխավոր պարբերականների կողմից: Ի դեպ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հոդվածներով նա աշխատակցել է «Նյու Յորք թայմսին», «Բոստոն գլոբին», «Սան Ֆրանցիսկո քրոնիկլին», «Լոս Անջելես էգզամինըրին», «Քրիսչըն սայնս մոնիթորին» եւ եվրոպական ու կանադական մի շարք այլ պարբերականներին: Նրանից հարցազրույցներ են վերցրել «Ամերիկայի ձայն» ռադոիակայանը, «Ալ Ջազիրա» հեռուստակայանը: Իսկ իր հարցազրույցներից ամենահիշարժաններն է համարել Ազնավուրի հետ անցկացվածները (6 անգամ): «Նրա հետ չափազանց հաճելի էր զրուցելը», խոստովանել է Ավագյանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4