«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2011-01-26 | #13, 2011-01-27 | #14, 2011-01-28


ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՈՊՅԵՈՒՄ

Հունվարի 17-ին նախկին Հարավսլավիայի Մակեդոնիայի Հանրապետության մայրաքաղաք Սկոպյեում տեղի լեհական համայնքի նախաձեռնությամբ տեղի է ունեցել առաջին բազմամշակութային երեկոն: Մասնակցել են լեհական, հունգարական, չեռնոգորիական, ուկրաինական, ռուսական եւ հայկական համայնքների ներկայացուցիչները: Հայ համայնքի անդամները, ովքեր շաբաթօրյա դպրոցի ակտիվ ուսանողներն են, հանդես են եկել մշակութային ծրագրով: Դպրոցի ուսուցչուհի, բանասեր, խեցեգործ Արմինե Փիլոյան Վրտեսկան ընթերցել է Էլդա Գրինի «Ձեռքերը» պատմվածքը, իսկ այդ ստեղծագործության նրա կատարած մակեդոներեն թարգմանությունն ընթերցել է Լյուսյա Գընալըյանը: Խորեն Նալբանդյանը կարդացել է Պարույր Սեւակի «Անկեղծ ասած» բանաստեղծությունը, իսկ նրա մակեդոնուհի կինըՙ Միրյանա Իվկովսկան, նույնի մակեդոներեն թարգմանությունը: Այնուհետեւ Արմինե Փիլոյան Վրտեսկան քանոնով կատարել է Գաբրիել Երանյանի «Կիլիկիա» երգը: Հայկական բաժինը եզրափակվել է համայնքի անդամների կատարած «Մեր հայրենիք» օրհներգի կատարմամբ: Երեկոյի պաշտոնական մասից հետո բոլոր ներկաներին բաժանվել է Էլդա Գրինի «Ձեռքերը» պատմվածքի մակեդոներեն թարգմանությունըՙ ի հիշատակ այդ միջոցառման եւ Հայաստանի:

Բ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4