Թուրքիայի Բելեք քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող «Բանանցը» ստուգողական 2-րդ խաղում 2-1 հաշվով հաղթել է նորվեգական «Սարպսբորգին»: «Բանանցից» գոլերի հեղինակներ են դարձել Արթուր Ոսկանյանն ու Նորայր Գյոզալյանը:
Այդ խաղում «Բանանցի» դարպասն առաջին խաղակեսում պաշտպանել է Դոնեցկի «Մետալուրգի» դարպասապահ Կոնստանտին Օդոլսկին: 22-ամյա դարպասապահը կհամալրի «Բանանցի» կազմը: Թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներից հանդիպմանը մասնակցել են Դրագան Դրագուտինովիչը եւ Գեորգի Չելեբաձեն: Վերջինիս ծառայություններից «Բանանցի» մարզիչները հրաժարվել են: Փորձաշրջանը չի անցել նաեւ բոսնիացի կիսապաշտպան Իգոր Անատիչը: Իսկ ահա կենտրոնական պաշտպան, սերբ Դրագան Դրագուտինովիչը կշարունակի մարզվել «Բանանցում»: Ի դեպ, 31-ամյա ֆուտբոլիստը Սերբիայի հավաքականի եւ իսպանական «Սեւիլիայի» հանրահայտ պաշտպան Իվիցա Դրագուտինովիչի եղբայրն է:
Ծանր վնասվածքից հետո վերջապես ապաքինվել եւ անհատական ծրագրով մարզվում է բրազիլացի հարձակվող Էդուարդո դոս Սանթոսը, որն անցյալ տարի առաջնության 11 հանդիպումներում նույնքան գոլ էր խփել: Բրազիլացի մյուս ֆուտբոլիստըՙ Բետոն թիմին կմիանա հունվարի 28-ին: Հաջորդ օրը «Բանանցը» ստուգողական խաղ կանցկացնի ղազախական «Կայրաթի» հետ: