Հայ դյուցազունների թիվը հասավ 50-ի
Հայ դյուցազունների թիվն ավելացավ եւս մեկով: Երեկ Կոմիտասի անվան Երեւանի պետական կոնսերվատորիայի դահլիճում ջավախահայ Սիս Միքայելյանը 1 ժամ 42 րոպեում 5,4 կգ քաշով կցագնդերը կանգնած դիրքում 3100 անգամ ներքեւից վերեւ բարձրացրեց: Այս վարժությունը նախկինում կատարվել է 2005-ին 3 կգ քաշ ունեցող կցագնդերովՙ 4090 անգամ:
Սիս Միքայելյանը 21 տարեկան է, սիրողական մակարդակով զբաղվում է բռնցքամարտով «Հայաստան» մարզական միությունում: Սիսը 4 տարի առաջ է սկսել կցագնդերով վարժություններ կատարել: Զգալով, որ դրանք իր մոտ հաջող են ստացվում, Սիսը որոշեց հայտ ներկայացնել Հայաստանի «Դյուցազնագրքում» գրանցվելու համար: Վարժությունը կատարելուց հետո Սիսը բավական հոգնած, բայց եւ ուրախ էր, որ հաջողվեց իրականացնել երազանքը: Այժմ նա մտածում է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու մասին: Ի դեպ, նշենք, որ Սիս Միքայելյանը սովորում է Երեւանի պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգերի բաժնի 3-րդ կուրսում:
Ինչպես տեղեկացանք արտասովոր շարժողական գործունեության ընդունման հանձնախմբի նախագահ Վարդան Թովմասյանից, Սիս Միքայելյանը դարձավ 50-րդ հայ դյուցազունը, որի անունը կգրանցվի Հայաստանի «Դյուցազնագրքում»: Իսկ նրա նվաճումն այդ գրքում կլինի 99-րդը: Այդ նվաճումներից 8-ը գրանցված են նաեւ Գինեսի ռեկորդների գրքում: Դրանց թիվը հավանաբար շուտով ավելանա մեկով: ՀԱՕԿ-ի 20-ամյակի տոնակատարության օրը Դավիթ Սահրադյանը մեկ ձեռքով պտույտ պտտաձողի վրա վարժությունն է կատարել: Այդ նվաճման բոլոր նյութերն ուղարկվել են Լոնդոն եւ սպասվում է, որ նրա ցուցանիշը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում: Նշենք, որ այդ գրքում Դավիթի անունն արդեն գրանցված է: 2009-ի հունիսի 21-ին նա 10 րոպե 30 վրկ-ում պտտաձողի վրա մեծ պտույտներով 350 պտույտ է կատարել:
Վարդան Թովմասյանը նաեւ տեղեկացրեց, որ աշխարհի ոչ մի երկրում, բացի Հայաստանից, ազգային «Դյուցազնագիրք» չկա: Ի դեպ, առաջին անգամ Հայաստանում տպագրվելու է «Դյուցազնագիրքը»: Դա լավ նվեր կլինի արտասովոր նվաճումների սիրահարներին, որոնք հնարավորություն կունենան ծանոթանալու գրանցված ռեկորդներին ու փորձելու գերազանցել դրանք: