«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2011-01-26 | #13, 2011-01-27 | #14, 2011-01-28


ՌՈԲԵՐՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՄՈՏ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ

Շախմատի Հայաստանի առաջնության առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանը 9-րդ տուրում սեւերով պարտության մատնելով Դավիթ Պետրոսյանինՙ ամրապնդեց առաջատարի իր դիրքը: Այդ հաղթանակից հետո նա շարունակում է գլխավորել աղյուսակըՙ մրցաշարի ավարտից 2 տուր առաջ չեմպիոնի տիտղոսը նվաճելու լուրջ հայտ ներկայացնելով:

Հովհաննիսյանը մեկ միավորով առաջ է անցել իր մոտակա հետապնդողներիցՙ Ավետիք Գրիգորյանից, Արման Փաշիկյանից, Զավեն Անդրեասյանից, Սամվել Տեր-Սահակյանից ու Տիգրան Պետրոսյանից: Նշված շախմատիստներից հաղթանակ տոնեց միայն Տիգրան Պետրոսյանըՙ սեւերով պարտության մատնելով Հրանտ Մելքումյանին: Տեր-Սահակյան-Անդրեասյան, Անաստասյան-Փաշիկյան, Արա Մինասյան-Գրիգորյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Վերջինն իրենց մրցավեճն ավարտեցին Արտաշես Մինասյանն ու Տիգրան Քոթանջյանը: Վեցժամյա պայքարի ընթացքում նրանք 118 քայլ կատարեցին, որից հետո հաշտություն կնքեցին:

Այսօր կկայանա մրցաշարի նախավերջինՙ 10-րդ տուրը: Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով կխաղա Արա Մինասյանի հետ: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաեւ Մելքումյան-Տեր-Սահակյան, Անդրեասյան-Անաստասյան պարտիաները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4