Փետրվարի 1-ին սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում: Ամսի 1-ին նաեւ ձյուն կտեղա, ու կլինի ձյան ծածկույթ: Այս մասին երեկ «Դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Փետրվարին Արարատյան դաշտավայրում գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի: Հանրապետության լեռնային ու նախալեռնային այն շրջաններում, որտեղ արդեն կա ձյան ծածկույթ, տեղումներից կբարձրանա: Մինչեւ ձյան ծածկի առաջանալը, որը կլինի ամսի մեկին, սկսած երեկվանից` հանրապետությունում դարձյալ տեղումներ կլինեն, սակայն թաց ձյան տեսքով: Այսպիսի տեղումները ձյան ծածկույթ չեն առաջացնի: Առաջիկա 2 օրերին օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի սպասվում, սակայն ամսի մեկի գիշերն այն կնվազի 4-5 աստիճանով. «Իսկ ամսի 1-ին` ցերեկային ժամերին մայրաքաղաքում ջերմաստիճանը կլինի 0 աստիճանին մոտ»:
Անդրադառնալով անցյալ տարվա եղանակին` Զարուհի Պետրոսյանը նշեց. «Դեկտեմբերն ամփոփեցինք բարձր ջերմային ֆոնով»: Տեղումների վերաբերյալ բանախոսը նշեց. «Եթե վերլուծենք առ այսօր տեղացած եւ սպասվելիք տեղումների քանակը, ապա այդ քանակը կլինի նորմալ»: Ըստ Զարուհի Պետրոսյանի` անցյալ ձմեռը գյուղատնտեսական առումով բարենպաստ չէր: Թեեւ Հայպետհիդրոմետ ծառայությունն այս տարի դարձյալ տաք ձմեռ է արձանագրել, այնուամենայնիվ այսօրվա դրությամբ գյուղատնտեսության համար սպառնալիք չի արձանագրվել: Հարցին, թե երբվանի՞ց կտաքանան օրերը, Զարուհի Պետրոսյանը պատասխանեց. «Ըստ կլիմայական տվյալների եւ օրինաչափության` ցածր ջերմաստիճանը կոտրվում է փետրվարի կեսերից»:
Ի. Պ.