Հայտարարել է «Էրգենեքոնի» գործով մեղադրվող Թունջայ Գյունեյըՙ տալով նոր հարցազրույց «Թաքվիմ» թերթին
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«Ազգի» հունվարի 25-ի համարում անդրադարձել էինք Թուրքիայում «խորքային պետության» ռազմականացված թեւիՙ «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության սեւ արկղի համարում ունեցող Թունջայ Գյունեյի հայտարարությանը. «Մենք չպետք է ԱՍԱԼԱ-ի մեջ որոնենք արտերկրում թուրք դիվանագետների սպանությունն իրականացնողներին»:
Նա այդ հայտարարությունն արել էր «Թաքվիմ» թերթին տված հարցազրույցում, որը հունվարի 21-ին արտատպել էր «Զամանը»: Հրապարակման համար օգտագործել էինք «Զամանի» արտատպությունը: Իմամի կրթություն ստացած, սակայն Թուրքիայից Կանադա տեղափոխվելուց հետո հրեական համայնքի ռաբբի կարգված Գյունեյը «Թաքվիմին» նոր հարցազրույց է տվել, որը տպագրվել է այս թերթի հունվարի 26-ի համարում: Թեման նույնն է, հարցազրույցում նույնպես շոշափվում է ԱՍԱԼԱ-ի անունը:
Անկախ ճշմարտության աստիճանից, հարցազրույցում Գյունեյի ասածները ուշագրավ են, իսկ դրա հրապարակման փաստըՙ ցնցող: Թե ինչո՞ւ են լռում թուրքական իշխանությունները կամ ինչպե՞ս են հանդուրժում այսպիսի հարցազրույցի հրապարակումը երկրում, երբ դրանում թուրք դիվանագետների սպանության համար բացահայտ մեղադրում են թուրքական պետական կառույցների հետ սերտաճած խմբավորումներին, որոնք հենց ԱՍԱԼԱ-ի դեմ պայքարի առաջադրանքով էին ստեղծվել, չգիտենք:
Սակայն ակնհայտ է, որ ԱՍԱԼԱ-ի գործունեությունը վերստին միջազգային օրակարգ մտցրեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Մտածել, որ թուրքական կառույցները ԱՍԱԼԱ-ի ձեռքով են ոչնչացրել թուրք դիվանագետներին, իրատեսական չէ, որովհետեւ դա ենթադրում է հայկական այս կազմակերպության գործունեության ակտիվացումը, իսկ ակտիվացման պայմաններում նախադրյալներ են ստեղծվում ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Հետեւաբար կարեւորը ոչ թե ԱՍԱԼԱ-ի մասին Գյունեյի «բացահայտումներն» են, այլՙ դրանց միտումը: Սակայն դա բոլորովին այլ խնդիր է, առանձին մոտեցում է պահանջում: Ավելին, կարծում ենք, Գյունեյը երկու հարցազրույցով չի սահմանափակվի, որովհետեւ վատ օրինակը վարակիչ է, եւ օրինակի պարագայումՙ խոսքը նախ վերաբերում է WikiLeaks-ին, ապա նաեւՙ «Ալ Ջազիրային»: Այդ իսկ պատճառով, առանց մեկնաբանության, ներկայացնում ենք Գյունեյի երկրորդ հարցազրույցը այն տեսքով, ինչ հունվարի 26-ին ներկայացրել է «Թաքվիմ» թերթը «ԱՍԱԼԱ-ի հետքը տանում է դեպի Չիկագո» վերնագրով.
«Թունջայ Գյունեյը բացահայտեց արտգործնախարարության նահատակների սպանությունն իրականացնողներին, նշելով. «Թուրքիայում 1980 թ. սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջումից հետո գործի անցավ Չիկագոյում բուն դրած ընդհատակյա գլոբալ ցանցը: ԱՍԱԼԱ-ն, որ այս ցանցի հրաձիգն էր, Անկարայից ստացած հրահանգով սպանեց այն թուրք դիվանագետներին, որոնք հակադրվում էին աղտոտված պետական մեխանիզմին»:
Աշխարհի թերեւս ամենամութ ահաբեկչական կազմակերպություններից է... 1973-1995 թթ. բազում գործողություններ էր իրականացրել: ԱՍԱԼԱ կոչվող այս կազմակերպությունը 41 թուրք դիվանագետի սպանությամբ պատմության մեջ էր մտել: Սակայն «Էրգենեքոնի» «սեւ արկղ» Թունջայ Գյունեյը հիմնահատակ քանդում է ԱՍԱԼԱ-ին վերաբերող անգիր արված այս ոտանավորի շարադրությունը, նշելով ԱՍԱԼԱ-իՙ թուրքական մութ ուժերի կողմից օգտագործման հանգամանքը, Գյունեյն այս անգամ ուշադրություն է հրավիրում «խորքային գլոբալ ցանցի» վրա: Ահա Գյունեյի ցնցող հետեւությունները.
- Ինչի՞ են թիրախ ընտրվել ԱՍԱԼԱ-ի միջոցով սպանված թուրք դիվանագետները:
- PKK-ին ճանապարհ հարթելու համար: Ժամանակին այնպես ներկայացրին, թե իբր ԱՍԱԼԱ-ն սպառվել է: Սակայն այս կազմակերպությունը ներկայումս ակտիվ գործում է քաղաքական ասպարեզում եւ հայկական լոբբիների մաս է կազմում:
- Այսինքն մեր դիվանագետները անտեղի զոհ են դարձել: Ինչո՞ւ թուրքական պետությունը հետամուտ չեղավ նրանց գործին:
- Եթե դուք նայեք այն երկրների ներկայացրած զեկուցագրերին, որտեղ ծառայում էին սպանված դեսպանները, կտեսնեք, որ փաստերը խավարեցված են: Չի լուսաբանվել Անկարա ուղարկված գեթ մեկ զեկուցագիր, եթե նույնիսկ դա վերաբերում էր միջադեպի իրականացման վայրի ճշգրտման:
- Ո՞րն էր մեր դիվանագետների մեղքը:
- Բոլոր դիվանագետներն էլ հատուկ ընտրված էին: Սպանված դիվանագետները դեմ էին դուրս գալիս այն ժամանակ ձեռնարկվող ապօրինի գործերին: Զինվորական հեղաշրջումից (1980 թ. սեպտեմբերի 12-ին) մեկ տարի առաջ խորքային գլոբալ ցանցը կյանքի էր կոչել իր ծրագիրը: Մինչդեռ այս դիվանագետները հայտարարել էին, որ չեն կատարելու իրենցից պահանջվող առաջադրանքները: Կարճ ասած, դիվանագիտական առաքելության այս ղեկավարներին ոչնչացրել է Սուսուրլուքի բանդան:
- Ի՞նչ է տվել նրանց սպանությունը հանցագործ խմբին:
- Խորքային պետության համար խոչընդոտ հանդիսացող այս դիվանագետների ոչնչացումից հետո կենսագործունեության համար գործունեության վայրում աջակցություն է ցուցաբերվել ԱՍԱԼԱ-ին եւ Սուսուրլուքի հանցագործ խմբին, որ ապահովեն վերջիններիս հետագա գործողությունները: Տարածաշրջանում ստեղծվել էր ընդհատակյա միջազգային ցանցՙ կապված ԱՄՆ-ի, Իրանի, Իսրայելի, Թուրքիայի եւ Պակիստանի հետ: Այսպիսով, շրջանառության մեջ դրվեց 50-ամյա նոր ծրագիրը:
- Ո՞րն է այդ մեծ ծրագրի էությունը:
- Գործի դրվեց «պետական կառույցների աջակցությունը վայելող ընդհատակյա կազմակերպությունները ստեղծելու, դրանց տարբեր նպատակներով օգտագործելու, ապա եւ ոչնչացնելու» քաղաքականությունը: Այդ ծրագիրը «արդիականացված Թուրքիա» կարգախոսով կիրառվեց նարկոբիզնեսի եւ կեղտոտ փող-պետական մաֆիայի եւ նման ոլորտներում: Մասնավոր բանկերի փողերի լվացման գործողությունները, դրանում հետախուզական կառույցների դերը եւ այդ փողերի բաժանումը ահաբեկիչների եւ վերջիններիս աջակիցների մեջ, արդարացվեց:
- Ինչպե՞ս կլուսաբանվի այս մութ խաղի հետնաբեմը:
- Այս ամենը կարելի է լուսաբանելՙ ուսումնասիրելով այն գործընթացը, որն սկզբնավորվել է 1980-ի պետական հեղաշրջումից հետո մեր դիվանագետների սպանությամբ: Առ այսօր հայտնի չէ, թե ո՞րն էր սպանված դիվանագետների բուն պարտականությունը, որոնց սպանությունը ԱՍԱԼԱ-ի քողի տակ հրաձիգների միջոցով իրականացրին:
- Դա կնշանակի, որ դեռեւս մեր տարածաշրջանում է խորքային գլոբալ ցանցը:
- 1980-ին (հեղաշրջումից հետո) Թուրքիայում ստեղծվեց այնպիսի մի կծիկ, որը ներառում էր զենքի առեւտրականներին, փող լվացողներին, հետախուզական կառույցներին, դրածո իշխանություններին եւ համագործակիցներին: Կենտրոնակայանը Չիկագոյում գտնվող այս ցանցը ձգվում է մինչեւ Իրաք (Բաղդադ), Իրան (Թեհրան), Հնդկաստան (Մումբայ), Հորդանան, Բեյրութ, Թել Ավիվ եւ Ուկրաինա:
- Ինչպե՞ս են կառավարում այս ցանցըՙ առանց իրազեկելու տվյալ երկրների կառավարություններին:
- Նշված բոլոր երկրներում խորքային գլոբալ ցանցը գաղտնի գրասենյակներ ունի: Անկարայում էլ ուներՙ Քըզըլայ թաղամասում, հավանաբար փոխադրվեց Բելգաթ:
- Այս ամենի լույսի տակ ինչպե՞ս մեկնաբանել ԱՍԱԼԱ-ից հետո իսկույն PKK-ի շրջանառության մեջ դնելու փաստը:
- Հարցին պատասխանելու համար պետք է նայել Չիկագոյի գլոբալ ցանցի հրամանով PKK-ի ծննդի համար թուրք դիվանագետների սպանության գործընթացից մինչեւ PKK-ի ամրապնդումն ընկած ժամանակահատվածը: PKK-ն պաշտոնապես ստեղծվել էր 1978-ի նոյեմբերի 27-ին: Մինչեւ 1984-ի օգոստոսի 15-ը որեւէ գործողություն չի իրականացրել: Այս ժամանակահատվածում կազմակերպությունը հարաբերություններ էր զարգացնում ազգային հետախուզական կառույցների հետ եւ կատարելագործում իր ծրագիրը: PKK-ն հենակետեր է տեղակայել այն երկրներում, որտեղ անխտիր գրասենյակներ ունի Չիկագոյի ցանցը:
- Ո՞րն է այդ գործընթացում 1980 թ. սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջման տեղը:
- Նախքան հեղաշրջումը հանցավոր խմբերին մատակարարելու համար Թուրքիա զենք-զինամթերք էին մտցնում Բուլղարիայից: Հեղաշրջումից հետո բուլղարական դուռն իսկույն փակվեց: Գործի անցան նորաստեղծ խորքային գլոբալ ցանցի գրասենյակները: Այսպիսով, Թուրքիան սկսեց ծանոթանալ ՆԱՏՕ-ի պահեստներից գողացված զենքի եւ զինամթերքի հետ:
- Այսինքն մեր դե՞մ են ուղղվում դաշնակիցների պահեստներից դուրս բերված զենքն ու զինամթերքը:
- Թուրքիայում չբացահայտված գրեթե բոլոր սպանությունները իրականացվել են արեւմտյան երկրների կամ ԱՄՆ-ի արտադրած զենքով, եւ դա ապացուցված է: Հիմա արդեն այդ զինատեսակները, բացի մտավորականներից ու լրագրողներից, ուղղվում են նաեւ գործարարների դեմ»: