«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2011-01-27 | #14, 2011-01-28 | #15, 2011-02-01


ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՆԱՎԹԱՏԱՐԸ` ՔՆՆԱՐԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ

Հայաստանն ու Իրանը համաձայնել են խողովակաշար կառուցել իրանական նավթի տեղափոխման համար: Հայաստանի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանի եւ Իրանի նավթի նախարար Մասսուդ Միրկազեմիի շաբաթ օրը տեղի ունեցած հանդիպման մասին տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները` հղում անելով Իրանի նավթի նախարարի պաշտոնական կայքէջին:

Իրանի նավթի նախարարը նշել է, որ խողովակաշարը սկիզբ կառնի Թավրիզ քաղաքից եւ ուղիղ գծով կհասնի մինչեւ հայկական սահման: Միրկազեմին ընդգծել է, որ այդ խողովակաշարը կարող է օգնել Հայաստանինՙ բավարարելու նավթամթերքների իր կարիքների մի մասը Իրանի Իսլամական Հանրապետության նավթի միջոցով: Իրանի նավթի նախարարը այլ մանրամասներ չի հաղորդել, միայն հավելելով, որ նավթամթերքների արտահանման ծավալներն ու գինը կորոշվեն մոտ ապագայում կայանալիք հանդիպմանը:

Իրանական աղբյուրները հիշեցնում են, որ հունվարի 29-ի հանդիպման նախօրեին Հայաստանի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարը հանդիպել է նաեւ Իրանի արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Աքբար Սալեհիի հետ եւ քննարկել հարեւան երկրները կապող երկաթգծի շինարարությանն առնչվող հարցեր: «Իրանն ու Հայաստանը որեւէ քաղաքական խնդիր չունեն, եւ դա լավ հիմք է տարբեր ոլորտներում կապերը ընդլայնելու համար», ասել է Մովսիսյանը:

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ. Այն ժամանակ, երբ իրանական մի շարք աղբյուրներ տեղեկացնում են Հայաստանի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարի այցելության մասին, նույն նախարարության կայքէջում ամենաթարմ նորությունը վերաբերում է նախարարի` անցյալ տարեվերջին տարին ամփոփելու ասուլիսին: Հերթական անգամ առիթ ունենք տեսնելու, թե ինչպես հայրենական գերատեսչությունները մեզ անտեղյակ են պահում, ու հետո էլ, կրկին առիթի դեպքում, հանդիմանում, թե օտարերկրյա աղբյուրներին հայկական մամուլը հղումներ շատ է անում: Ախր էլ ո՞նց չանես...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4